ԿԱՐԵԼԻ Է ԻՄԱՆԱԼ

Գրիգոր Ամալյան, դոցենտ
Մարդը գործում է տարածության ու ժամանակի մեջ, եւ նրան շրջապատող միջավայրի ազդակները պարբերաբար փոխվում են:
Երկրագնդի՝ իր առանցքի եւ Արեգակի շուրջը կատարած պտույտների շնորհիվ երկրի լուսավորվածությունը պարբերաբար փոխվում է: Փոխվում է եւ արեգակի ակտիվության, նրա եւ երկրագնդի մագնիսական դաշտի ազդեցությամբ ջրաօդերեւութաբանական գործոնների (օդի ջերմաստիճանը, տեղումների քանակն ու որակ-բնույթը, ամպամածությունը, քամիները, օդի խոնավությունը եւ այլն) բնույթը: Հազարամյակների ընթացքում կենդանիների եւ մարդու օրգանիզմը հարմարվել է պարբերաբար ընթացող այդ փոփոխություններին: Ռիթմերի հիմքում ընկած է Լե-Շատելյեի սկզբունքը, որի համաձայն, համակարգում հավասարակշռության խախտման դեպքում այնպիսի փոփոխություն է առաջանում, որը զգալիորեն վերացնում է հավասարակշռության խախտման պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը: Դա բազմիցս կրկնվելու դեպքում, որեւէ գործոն ազդում է կոնկրետ համակարգի վրա:Այդպիսի մի համակարգ էլ մարդու օրգանիզմն է, որը կրում է բնության զանազան ազդակները: Սակայն օրգանիզմն անընդհատ ձգտում է ռիթմիկ փոփոխությունների միջոցով պահպանել իր կայունությունը: Ինքնակարգավորման այդ պրոցեսների հիմքում ընկած է ռեֆլեկտոր գործունեության հետադարձ կապի մեխանիզմը: Դեռեւս Ի. Պավլովը եւ Կ. Բիկովը շուրջօրյա ռիթմերը բացատրում էին օրգանիզմի բարդ ռեֆլեկտոր գործունեությամբ, հատկապես միջավայրի գործոնների ազդման ժամանակի նկատմամբ, պայմանական ռեֆլեքսների առաջացմամբ:
Ռիթմերի պարբերականությունը կարող է ընթանալ վայրկյանի տասնորդկան մասից մեկ տարի եւ ավելի: Բարձր հաճախականություն ունեն ձկների էլեկտրական օրգանների ռիթմերը (մեկ ցիկլի տեւողությունը 0,001 վրկ է):
Լավ են ուսումնասիրված շուրջօրյա (24 – 4) պարբերականությամբ մարմնի ջերմաստիճանի ռիթմերը: Հայտնի են ավելի մեծ պարբերականությամբ ռիթմեր, օրինակ մենստուրացիան (մոտ 1 ամիս), արյան էոզինոֆիլների քանակի փոփոխությունը (~1 տարի) եւ այլն:
Օրգանիզմի ռիթմերը փոխադարձաբար կապված են միմյանց հետ եւ դրանով նպաստում են արտաքին ու ներքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ նրա հարմարվելուն: Մարդու կենսունակությունը, առողջությունն ու աշխատունակությունը պայմանավորված են նաեւ օրգանիզմի գրեթե բոլոր պրոցեսների եւ ֆունկցիաների ռիթմիկությամբ: Հիվանդության առաջին նշաններից մեկն առողջ օրգանիզմին հատուկ ռիթմերի բնույթի խախտումն է, որը տեղի է ունենում բազմաթիվ տարաբնույթ ազդակների ներգործությամբ: Իհարկե, դրանց նկատմամբ մարդկանց օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր է: Սակայն այնպիսի ազդակներ, ինչպես օրինակ թմրանյութերի, ալկոհոլի եւ նիկոտինի չարաշահումը, առաջացնում է օրգանիզմի կարեւորագույն ֆունկցիաների (նյարդահոգեկան եւ սրտանոթային համակարգեր) ռիթմերի փոխհարաբերության խախտում: Այդ մասին հաջորդիվ: