ՀՐԱԺԵՇՏ ՄԱԵՍՏՐՈ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻՆ

Աշխարհին էր պատկանում Օհան Դուրյանը` նման մաքուր եւ անխարդախ: Անհաղորդ էր փառքի գայթակղությանը, փառքն էր իրեն որոնում-գտնում: Վերանձնական ապրում էր երաժշտության աշխարհում եւ ինքը համակ երաժշտություն էր: Բախտ եմ ունեցել համագործակցել մաեստրոյի հետ, կատարելով Վերդիի ՙՌեքվիեմ՚-ի սոպրանոյի սոլոն, եւ երգել իր հեղինակած ռոմանսները` իր նվագակցությամբ:
Դուրյան փոքրամարմին ՙՀսկան՚ բնության մի բացառիկ պարգեւ էր մարդկությանը: Այնքան ազնիվ էր, անաչառ, մարդասեր, որ իր իսկ էությամբ արդեն դարձել էր լույսի աղբյուր:
Նրա համար արվեստի միջին վիճակը բացառյալ էր:. ՙԻրական արվեստագետի նպատակը կատարյալի ձգտումն է: Թեւածումների համար ծնվածը պետք է թռիչքի պաշտամունք ունենա՚, ՙԻնձ համար չափանիշ են դիրիժորներ` Ֆուրտվենգլերը, Տոսկանինին, Ֆոն Կարայանը, բայց իմ ամենամեծ ուսուցիչը` նորին մեծություն երաժշտությունն է՚, ՙԴիրիժորի իմ արվեստը սիրում եմ անսահմանորեն, այն վեր եմ դասել երկրային բոլոր հաճույքներից՚, -ասում էր նա:
Աշխատել էր տարբեր երկրներում, երկար տարիներ եղել էր Լայպցիգի ՙԳեւանդհաուզ՚ հանրահայտ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Ավինյոնի, Մարսելի օպերաների երաժշտական գլխավոր ղեկավար, Ավստրիայի Բադեն քաղաքի ռադիո-հեռուստատեսության նվագախմբի գլխավոր դիրիժոր, Լայպցիգի ՙԿոմիշե՚ օպերային թատրոնում, Հռոմի` ՙՕրկեստրա դե լա Ակադեմիա՚, Վիեննայի ՙՏոնկյուստլեր՚, Փարիզի ՙԿոլոն՚, ՙԼա Մուռո՚, ՙՆասիոնալ իլ դը Ֆրանս՚, ՙՆուվել օրկեստր Ֆիլարմոնիկ՚ նվագախմբերում: ՙՆվագախմբերը ինձ համար հսկա երգեհոններ են, որով հնչեցնում եմ մարդկային հոգու եւ խղճի մեղեդիացված համանվագը՚,- ասում էր նա:
Համերգներով հանդես էր եկել` Եվրոպական մշակութային երկրներում եւ քաղաքներում, ԱՄՆ-ում, Աֆրիկյան մայրցամաքում, Խորհրդային երկրի մեծագույն քաղաքներում…
Ֆրանսիական կառավարությունը Օհան Դուրյանին` արժանացրել է ՙՖրանսիայի արվեստի եւ գրականու-թյան ասպետ՚-ի կոչման: Միջազգային International Star Registry կոմիտեն տիեզերական համաստեղության աստղերից մեկը վերանվանել է Օհան Դուրյանի անունով:
Հայաստանում արժանացել է պետական մրցանակների, Ժողովրդական արտիստի կոչման եւ պետական գնահատանքների ու մեդալների:
Օհան Դուրյանի հավատամքը երաժշտությունն էր, երաժշտության հրաշագործ աշխարհը նա մտնում էր ուխտավորի երկյուղածությամբ: ՙԲեմը ինձ համար սրբավայր է, վերացման վայր: Հանդիսասրահից բարձրանում, թափանցում եմ երգահանի հոգու եւ ասելիքի մեջ, աշխատում եմ որքան հնարավոր է մտնել հեղինակի ոգեղենացած աշխարհը եւ աներեւույթ կամուրջ դառնալ հեղինակի եւ ունկնդրի միջեւ՚:
Նա ուներ հանճարին հատուկ ՙբացառիկ հիշողություն՚, գերմարդկային աշխատասիրություն: Ահռելի երգացանկ` օպերաներ, սիմֆոնիաներ, օրատորիաներ, ռեքվիեմներ, կոնցերտներ, Բեթհովենի իննը, Բրուքների տասը սիմֆոնիաները, Վերդիի, Մոցարտի, Ֆորեի ռեքվիեմները, Բեթհովենի ՙԷգմոնտ՚ ուվերտյուրը, Ռախմանինովի, Մոցարտի կոնցերտները, Մալերի, Բրամսի, Սեն Սանսի, Դեբյուսիի, Հենդելի, Ռավելի, Դվորժակի, Հայդնի, Չայկովսկու, Շոստակովիչի, Բորոդինի, Խաչատրյանի սիմֆոնիաները: Վերդիի ՙԱիդա՚, ՙԴոն Կարլոս՚, ՙՏրավիատա՚, Վագների ՙԼոենգրին՚, Բորոդինի ՙԻշխան Իգոր՚ օպերաները, մեր ազգային օպերաները, հայ ժամանակակից երգահանների սիմֆոնիաները…: Եւ այդ երգացանկի մեծ մասը ղեկավարում էր փակ պարտիտուրով, առանց դիրիժորական փայտիկի, իր գեղեցիկ ՙխոսող՚ ձեռքերի արարումով:
Ծնվել է Երուսաղեմում: Կրթություն ստացել Նազարեթի գերմանական դպրոցում, ավարտել Երուսաղեմի հայկական դպրոցը, Երուսաղեմի հրեական կոնսերվատորիան` դաշնամուրի, երգեհոնի եւ ստեղծագործական բաժինները: Շվեցարիայում եւ Ցյուրիխի երաժշտանոցում սովորել դիրիժորություն, ստեղծագործական դասեր առել Ռոժե Դեզորմիերի եւ Ժան Մարտինոնի մոտ:
1957 թ. Վազգեն Առաջին Վեհափառի կողմից հրավիրվել է հայրենիք եւ Եվրոպական երաժշտական մշակույթը յուրացրած եւ փորձառությամբ բեռնված կյանքի պատկառելի մասը նվիրեց հայրենիքի դասական արվեստի զարգացմանը: Սակայն օժտված լինելով անհաականությամբ, չհամակերպվելով համակարգի պարտադրանքներին, աշխարհի հանդիսատեսի առջեւ անարգել հանդես գալու պահանջը նրան նորից տանում է աշխարհի այն վայրերը, որտեղ անկաշկանդ դրսեւորում էր իր տաղանդը:
1991 թ. անկախացած հայրենիքի նախագահի ու մշակույթի ղեկավարության կանչով, վերադարձավ հայրենիք` հույսով, որ ազատ Հայաստանում իր տաղանդը կդրսեւորի ինչպես քաղաքակիրթ երկրներում:
Օհան Դուրյանը անկախացած հայրենիքի ամենադժվար տասը տարիներին առանց վարձատրվելու աշխատեց ազգային օպերայում եւ իր ստեղծած Ռադիո հեռուստատեսության նվագախմբում
ՙՍիրտս արյունոտում է Հայաստանի ժողովրդի վիճակի համար՚, – ասում էր նա: Օհան Դուրյանը սիրում էր իր Հայաստանը, վշտանում վարչխմբի անօրենությունների, բռնությունների, նյութապաշտության վրա:
Նա գործուն մասնակցում էր ընդդիմության հավաքներին եւ իր բոցավառ ելույթներով հուսադրում պայքարի ելած ժողովրդին: Խորապես տառապում էր ժողովրդի անելանելի ներկայով եւ իր սիրելի ժողովրդի հետ, պայքարում էր հայրենասիրության ջահը ձեռքին, որպես իր հայրենիքի անկոտրում զինվոր…:
01-10-2011թ. Լոս Անջելե