ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ ՎԱՆԱ ՔՅԱՂՔԻ ԷԳԵՍՏԱՐ Էդուարդ Սադոյան, Իմ Պլուզը…

Վարուժան Պլուզյանն ուշադրությունս գրավեց դեռ յոթանասունականների սկզբին: Պարզ, գեղեցիկ ռուսերենով, թավշյա ձայնով, հստակ առոգանությամբ ՙՄայակ՚ Համամիութենական ռադիոյի առաջին ծրագրով, երբեմն էլ ՙՅունոստ՚ ռադիոկայանով նա պատմում էր հայկական երաժշտության, հայ երաժիշտների մասին: Նրան ռուսալեզու լրագրող էի կարծում, բայց մի օր Հայաստանի ռադիոյով հնչեց նրա հայերենը՝ հակիրճ, գրագետ, պատկերավոր, եւ … Հասկացա, որ գործ ունեմ ոչ այնքան սովորական մի անձնավորության հետ:
Ծանոթացանք, աստիճանաբար լավ ընկերներ դարձանք: Երիտասարդ էինք, ժամերով նստում կամ զբոսնում, զրուցում էինք. ամեն անգամ մի նոր միտք, արվեստի մասին յուրօրինակ մի դատողություն էի լսում նրանից: Թատերական ընկերության, ապա, ՙՍովետական գրող՚ հրատարակչության լույս ընծայած նրա գեղարվեստական մենագրությունները կարդացի: Մտածում էի, Վարուժանն ինքն իրեն լիարժեք երաժիշտ չի համարում. այսքանը որտեղ՞ց:
Վերջապես, մի դեպք զարմանքիս վրա լույս սփռեց:
Մեր տանը խնջույք էր: Մի քանի կենացից հետո տաքացել էինք: Սեղանակիցներից մեկ-երկուսը երգեցին, եւ հանկարծ… Գունեղ մի բարիտոն լցրեց սենյակը: Երգողը Վարուժանն էր: Հզոր ու մեղմ հնչյուններով հինավուրց մի պատկեր ՙնկատվեց՚: Վասպուրականի երգերից էր: Հետո երկրորդը, երրորդը, չորրորդը երգեց, բոլորը յուրովի: Մեկնությունները նույնիսկ երաժշտիս համար նորություն էին:
Զարմուհիս, որ երաժշտագետ Նելլի Սագոյանն է, տեղից վեր թռավ եւ հիացմունքը թաքցնելու անկարող՝ ասաց.
– Եւ դու այսքան ժամանակ լռե՞լ ես: Ռադիոյով ժողովրդի գեղագիտական հայեցի դաստիարակության մասին ես խոսում եւ…
– Չեմ լռել: Հիմա, օրինակ, երգեցի: Փոքրաթիվ, բայց ընտիր մի հասարակության համար:
– Քո ձայնը համերգային դահլիճներում, ռադիոյով, հեռուստատեսությամբ պիտի հնչի, որ բոլորը լսեն, զգան հայկական երգի մինչեւ քեզ չբացահայտված հմայքը:
– Ասածդ մանկուց իմ երազանքն է եղել, բայց երաժշտական ուսումնարանը, կոնսերվատորիան… Երկուսն էլ ավարտել եմ, երկուսն էլ ինձ բնական զարգացման ճանապարհից շեղել են, բերել այսպես ասած. «վոկալ վիճակի, ձայնս կորցնելու եզրին եմ եղել, եւ մինչեւ ձայնամշակման ներարկածն իսպառ չմոռանամ, պրոֆեսիոնալ բեմ չեմ ելնի: Իմ ճշմարտությունը երեք տարի օպերային բեմում եմ փնտրել, որտեղ հաճախ երգելը չէ, գոռալն էր հարգի, երգածս ինձ դուր չէր գալիս, զայրույթից ձայնս սկսում էր կերկերալ: Վերջապես, չդիմացա՝ լքեցի թատրոնը:
Երջանկահիշատակ մաեստրո Մալունցյանի հետ մտերմացել էի նրա կյանքի վերջին տարիներին, գնում էինք ծիծեռնակաբերդ, լուռ քայլում կամ երկար զրուցում:
Օրերից մի օր նա սրամիտ մի բան ասաց. ՙՎոկալիստի գլուխը, սիրելիս, նախ ռեզոնատոր է եւ հետո միայն մտածելու գործիք, իսկ դուք երիտասարդ, զանազան խոհերի տեր եք. ձեր վոկալ ձախողումների հիմնական պատճառը թերեւս սա՞ է…՚:
Ծիծաղեցինք, բայց մաեստրոյի ասածն ականջիս օղ արի: Հինգ-վեց ամիս հետեւեցի նրա սիմֆոնիկ եւ օպերային դիրիժորության դասերին: Ոչ միայն երաժշտության՝ իմաստնության դասեր էին: Ասաց, բացառված չէ, որ ինձանից օպերային դիրիժոր ստացվի, եթե իհարկե, սոլֆեջոն եւ հարմոնիան կարողանամ հաղթահարել: Վերջին երկուսի առաջադրվող ծավալն ինձ համար լուրջ պատնեշ էր, ժամանակը՝ կարճ, կյանքի հոգսերը` շատ:
Ռադիոյի առաջարկով հաղորդման մի սցենար գրեցի. հավանեցին, հրավիրեցին աշխատանքի: Հմուտ լրագրողների շրջապատում ինձ աշակերտ էի զգում, աշակերտի նման էլ պահում էի՝ հարցնում, խորհուրդներ ստանում: Փոքրիկ ակնարկներս հեռարձակվում էին Երեւանի ռուսերեն ռադիոհանդեսների ժամանակ, երբեմն էլ Մոսկվայից կամ միութենական հանրապետությունների մայրաքաղաքներից… Վատ չէր, բայց հասկացա, որ առանց հայերենի լուրջ ինքնարտահայտում չի լինի: Տեղափոխվեցի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրություն, որ հայտնի հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանն էր ղեկավարում: Մոսկվայի համար տրվող երաժշտական հաղորդումներն ինձ վստահեցին: Առաջադիմում էի, կենտրոնից հեռախոսով հաճախ դրվատանքներ լսում: Միաժամանակ, ինչպես ասում են՝ արյան պահանջով հղկում հայերենս: Արմենը, Հովհաննեսը, գործընկերներս երբեմն ուղղություն էին տալիս, հայրս՝ անվանի մանկավարժ Արփիար Պլուզյանը, գրածներս սրբագրում, լեզվական, տրամաբանական բարձր ճաշակի դասեր տալիս: Այս ամենը համեմվում էր բարբառային ընտիր դարձվածքներով, գրաբարով: Հայրս, ավաղ, շուտ հեռացավ կյանքից, բայց նրա խրատների իներցիան այսօր էլ շարունակվում է:
Իմ ակադեմիան Արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների խմբագրությունն է` բանաստեղծներ Վաչագան Վարդանյանի, Արմեն Մարտիրոսյանի, լրագրողներ՝ Ռաֆայել Աբալյանի, Արեւիկ Ավագյանի, Գրետա Պողոսյանի, այլոց դիտողությունները, երբեմն ծայրահեղ, բայց անշուշտ օգտակար: Հարյուրավոր հաղորդումներ, լրագրերի եւ ամսագրերի հոդվածներ ինձ, ինչ խոսք, իմաստնացրին, բայց այդ իմաստնության հետ երգելու համար անհրաժեշտ պարզության ծայրը դեռ չի երեւում: Ա¯յ, երբ երեւա, երբ վոկալիստությունը մեջիցս կարողանամ հանել, ծերունի էլ լինեմ, բեմ կելնեմ ու կերգեմ:
Ասածը համոզմունք էր, առարկություն չէր ընդունում, եւ բաղձալի պարզությանը քսան տարի էլ սպասեցինք: Քսան տարում Վարուժան Պլուզյանը դարձավ ճանաչված լրագրող: Ռադիո, հեռուստատեսային հաղորդումները, մամուլում տպագրված հոդվածները՝ համերգ-զրույցներ, ակնարկներ, էսսեներ, պատմվածքներ, երաժշտական ժուռնալիստիկայի, ըստ իս, նախադեպը չունեցող նմուշներ են: Դրանց թիվը արդեն երկու հազարն անցել է: Ծանոթ եմ երաժիշտ լրագրողի վավերագրական վիպակներին մեր անվանի երաժիշտների՝ դիրիժոր Յուրի Դավթյանի, օպերային երգիչներ Արշավիր Կարապետյանի, Հենրիկ Ալավերդյանի, մասին, որոնցով նա, աստիճանաբար մոտեցել է մեր գրականության մեջ երաժշտաթատերական գեղարվեստական մենագրության խնդրի լուծմանը: Երեք վիպակ, չորրորդով թերեւս նշանակալի մի հաղթանակ տոներ: Դաժան ժամանակը, սակայն, ստիպեց մնալ ժուռնալիստիկայի սահմաններում, որ գեթ գոյություն պահպանելու երաշխիք է: Նախնիների, մասնավորապես սերնդակիցների մասին գեղարվեստական ծավալուն մի գիրք /հավանաբար վեպ/ անավարտ մնաց: Ժուռնալիստիկան, ասում է, եւ արձակը դժվար համատեղելի բաներ են: Բնական ինքնահաստատումը առաջինի կաղապարներից ազատվելու դեպքում է հնարավոր: Շա՞տ խիստ եմ: Թերեւս:
Տարիներն անցնում էին, երաժշտական ժուռնալիստիկայի նմուշները հետեւում էին մեկը մյուսին: Ռադիոյով կամ լրագրերում Վարուժան Պլուզյանի ներկայացրածը հիմնականում գեղարվեստական արժեք ուներ, իսկ ե՞րգը… Մի օր էլ իմացա, որ նախապատրաստվում է: Ծննդյան 60-ամյակն Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում շուքով նշեցինք. երիտասարդ եւ արդեն վարպետ երգիչների, ջութակահարների, դաշնակահարների մի աստղաբույլ ողջունեց նրան, երգեց, նվագեց: Սովորության համաձայն եւ, գովեստներից խուսափելով, Պլուզյանը ցերեկույթի ղեկն առավ իր ձեռքը, երաժիշտներին ներկայացրեց, բնութագրեց, ներկաներից առանձնացրեց իրեն կողմնորոշած արվեստագետներին, նրանցից՝ Հովհաննես Բադալյանը որպես պատասխան հենց դահլիճից երգով ողջունեց հոբելյարին: Հուզիչ, ինքնաբուխ հանդես էր: Վարուժանը, սպասում էինք, կերգի, բայց ասաց՝ դեռ ժամանակը չէ: Նույն դահլիճից, վերջապես, հրավեր ստացանք: Եկանք մշակույթի ճանաչված գործիչ, երգիչ եւ ջութակահար Ռաֆայել Հակոբյանցի կազմակերպած երգահանդեսին. կոնսերվատորիայի իր դասընկեր, երգուսույց Հենրիկ Սիմոնյանից հետո, երկրորդ բաժնում երգելու էր Վարուժան Պլուզյանը:
Երեսուն տարի ընդմիջումից հետո: Արյան ճնշումը հուզմունքից բարձրացել էր: Առաջին մի քանի երգի վրա սա իր կնիքը, բնականաբար, դրեց: Դասախոսում, երգում էր իր անմիջական նախնիների՝ վասպուրականցիների երգեր, որոնց մի մասը մանկուց գիտեր, ավելի ուշ սրբագրել, հստակել էր Հայրիկ Մուրադյանի երգածներով, իր խոսքերով ասած՝ Սուրբ Հայրիկի, առանց որի ժողովրդական երգի մեր գանձարանը շատ գոհարներ կկորցներ:
Առաջին չորս-հինգ երգի կատարումից դժգոհ էր: Հաջորդ տասը-տասներկուսը գրոհելուց առաջ սրբագործվեց Կոմիտասով: Դիրիժոր եւ դաշնակահարուհի Վարդուհի Մինասյանի հետ նրբազգաց երաժիշտների մի դուետ կազմեցին: Սա շրջադարձն էր:
Երգչի ձայնը գնալով աճեց, ճկունացավ, իսկ համերգից հետո պատկառելի մի մարդ բացականչեց: Այսպիսի յուրօրինակ երգեցողություն, այսպիսի գեղեցիկ ձայն ես չէի լսել:
Սա, ինչպես ասում են, գլխավոր փորձն էր: Լեփ-լեցուն դահլիճում, հանդիսության լիարժեք պատրանքով:
– Թե կամերային երաժշտության տանն էլ գեթ այսպես երգեմ՝ առաջին փուլս հաջողված կհամարեմ, – ասաց Պլուզյանը:
– Պետք է, որ ավելի լավ լինի, – ընկերոջը ոգեւորում էր առաջին բաժինը վստահորեն անցկացրած Հենրիկ Սիմոնյանը:
– Խնդիրս բարդ է. ժողովրդական հինավուրց երգի մատուցումն ուզում եմ բարձրացնել կամերային երգեցողության մակարդակին, միաժամանակ լինել բնական: Միայն այս դեպքում է, որ Վասպուրականի գանձերը խստապահանջ եւրոպացին էլ կընդունի: Հոգեկան մեծ անդորր է պետք: Նման դեպքերում, սակայն, սատանան հաճախ Աստծո գործերին խառնվում է: Իսկ որ մտահղացածս աստվածահաճո գործ է՝ կասկած չունեմ: Ընտրածս երգերը զտարյուն հայկական են, առանց մարխոշ արեւելայնության:
Կամերային երաժշտության տան ակուստիկան հուսադրող է, փորձն անցնում է անտագնապ, երանելի անդորրի ուղեկցությամբ: Ամբողջ կյանքում փնտրած բաղձալին, թվում է, վերջապես եկել է:
– Սատանան, ավաղ, ինձ բեմելիս շեմին էր սպասում: Հանկարծակի թուլության, անվստահության տեսքով: Զարուհի Դոլուխանյանից տարիներ առաջ լսածս հիշեցի. ՙՍկզբի հինգ-վեց երգը միշտ հուզմունքի զոհ է, երգիչը հետո է բացվում՚: Այդ հույսով էլ բեմ ելա եւ սկսեցի իմ համերգ-զրույցը: Մեկնաբանում, երգում էի: Մեկնաբանն իմ մեջ շատ ավելի վստահ էր. երեսուն տարվա փորձ ուներ, իսկ երգիչը, կարծես, հանկարծ հայտնվել էր հեռավոր պատանեկությունից, պատանեկության հուզմունքն էլ բերել իր հետ:
Դոլուխանյանական բարդույթից որոշեցի նորից Սուրբ Կոմիտասով ազատվել: Երիտասարդ բարեկամուհիս՝ Վարդուհի Մինասյանն էլ Ստեյնվեյ ռոյալով այնպիսի մի երանգ մատուցեց, որ ամպած երկինքը. « անուշ թոնը տեսանելի դարձան: Մնում էր մատուցածի երանգը որսալ եւ հնչյունից-հնչյուն, բառից-բառ պատկերն ամբողջացնել:
Հաջորդ խնդիրս, Գարուն ա երգը վերջին տասնամյակների սուգից ազատելն էր: Մասամբ հաջողվեց, լիարժեք լուծումը, կարծում եմ, լրացուցիչ վառոդ էր պահանջում:
Կոմիտասի ՙքավարանն՚ անցա, եւ Վասպուրականի հաջորդ երգերը մեկնելիս՝ համեմատաբար ազատ էի:
Երգեր եւ… Հիրավի բանաստեղծական մեկնաբանություններ: Մազերը ճերմակած, բայց դեռ բարետես, երիտասարդական եռանդով լեցուն այրը, թվում էր, հրավիրել էր մեզ Վասպուրական աշխարհ, սկզբում Շատախ գավառի Ջնուկ գյուղը, որ հայերիս Հայրիկ Մուրադյան է տվել, հետո Վան, Ոզմ, ականատես լինելու իր երեւակայության ծնունդ զվարճախոս /թռանջի/ երգչի սիրո ոդիսականին: Քննարկման մի եռապատումով, որ Քուչակին արժանի ժողովրդական խոսքեր ունի եւ օժանդակ մի կատակ-երգով սեր երազող պատանին, դժբախտ պանդուխտը, վերջապես, հումորի ուժով փրկված, սերը վերագտած հերոսը նկարվեց:
Վերջին բառով՝ մտավորական երգչին բնութագրեց անվանի ռեժիսոր Գրիգոր Չալիկյանը. ՙՎարուժանը երգելով նկարում էր, Վասպուրական աշխարհի գույներով լցնում դահլիճը՚: Արվեստ, որ չի մոռացվում: Երաժշտագետ Ալինա Փահլեւանյանի գրառած՝ Վարդն ի բացվե երգի դասական տարբերակը հիրավի հրաշք էր: Կատարման երկար շունչը, մատուցած նրբերանգները դեռ վավերացման կարոտ են:
Ծովի հավքը, վերին սարեն եկող, մարմար քարեն թափվող ջուրը… Գունախեղդ, երջանկացած դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Երգչական գուցե ինչ-որ թերություններ կային, բայց մատուցած կերպարները այնքան ազդու էին:
Մշեցիների խաթրն էլ առավ: Իմ խորոտիկ յար երգը տրամաբանորեն շարունակեց երգաշարը: Անսահմանորեն հայեցի, բայց հանկարծ… բեմից նկատեց առաջին շարքում նստած՝ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան, բանաստեղծ եւ թարգմանիչ, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին, լրագրողին վայել գրագիտությամբ ողջունեց նրան, անցավ բարեկամական տոնի, ապա ականջիս ծանոթ հստակ ուկրաիներենով Իվան Ֆրանկոյի խոսքերով ժողովրդական հայտնի երգը կատարեց՝ Լուսնազարդ, պարզ գիշերը: Սահուն, բնական ֆրազավորումով: Դահլիճի զարմանքը կրկնապատկվել էր, իսկ կուլիսներ շնորհավորելու գնալիս՝ լսեցի, թե ինչպես 9-10 տարեկան մի մանչուկ հորն ասում էր.
– Քեռին մենակ էր երգում, բայց, կարծես, նվագակցությունն էլ հետը լիներ: