Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ Չխամրող վրձներկը

1969 թ., Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ, Էջմիածնի ճեմարանի (այն ժամանակ՝ թանգարանի) գմբեթասրահի առաստաղը ծածկվեց որմնանկարով: Իրար հաջորդող ու իրար լրացնող նկարաշարք՝ Կոմիտասի երգերի բովանդակությամբ: Մտահղացումը գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանինն էր: Նրա հետ աշխատեցին նկարիչներ Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանը եւ Ռաֆայել Սարգսյանը:
Այդ ծավալուն որմնանկարն առ այսօր առինքնում է իր պարզությամբ, մաքրությամբ, հողեղեն շնչով, գույների ու գծերի մեղեդայնությամբ:
Հայաստանի Ազգային պատկերասրահում մշտատեւ ցուցադրության մեջ են Աշոտ Մելքոնյանի երկու գեղանկար՝ ՙԸնտանիք՚ /1967/ ու ՙԳարուն՚ /1983/ պատկերները: Այս գործերում, ինչպես Մելքոնյանի բոլոր ստեղծագործություններում չենք տեսնում արդիական լինելու, կամ ուրիշին նմանվելու ճիգը: Իրականությունը Աշոտի արվեստի բնորոշ հատկանիշն է: Բայց այդ իրականությունը ամբողջությամբ ներքին տեսողության անդրադարձ է, մատուցված նրբահյուս, երգող գծերի ու իրար ձայնակցող նույնքան նրբահնչյուն գույների ներդաշնակ միասնությամբ: Այդ նկարների ծննդից անցել են տասնամյակներ, ու ցարդ չեն կորցրել իրենց թարմությունը: Դիտողին գրավում են նկարիչ ստեղծագործողի հոգու խորքից բխած ազգային շնչով:
Արվեստի հմայքը գաղտնիք է, ինչպես սերը, մեկնել հնարավոր չէ: Անկեղծությունը իրական ապրումի գրավականն է: Արարման մեջ հասնել կենդանի ապրումի, նշանակում է հասնել ինքնության բացահայտման, իր տեսակի, եզակիության հաստատման: Այդպես ճանաչել ու սիրել ենք գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանին:
Հայկական արվեստի զարգացման նոր խթան բերած, 1960-ականների սերնդին պատկանող գեղանկարիչը, թեեւ այսօր բնակվում է բնօրրանից շատ հեռու, բայց իր վրձներգի ազնիվ ու հուզիչ խորքով մեր կողքին է Նա: