ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Թիւ 1-3(14-16) 2001-2003, էջ 123-126
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՆ – Պատրիարքարանը անշահախնդիր ծառայություն
Անցնող դարասկզբին, հայկական եղեռնից անմիջապես ետք, գոյացել է մի նոր լայնատարած հայկական սփյուռք: Ծունդ է առել դժվարին պայմաններում, երբ հայոց ավագանին ոչնչացվել էր նենգաբար, ու մնացել էին հայազգի որբերն ու այրիները…
Սփյուռքյան պատմության առաջին օրերին շատ են եղել տանջանքները, զրկանքները եւ կորուստները: Բայց դա երկար չի տեւել, որովհետեւ հայը արագ սթափվել է ու կազմակերպել իր առօրյա կյանքը: Այդ թվերին եւ մինչեւ օրս հայը օտար հողի վրա կանգնելիս ոչ միայն զարգացրել է իր անձը, այլ իր շրջապատը ու դրա հետեւանքով արժանացել բարի անվան: Դարձել է նորանոր պետությունների օրինակելի քաղաքացին ու իր այդ ընթացքը տեղաբնակների մոտ նախանձ է արթնացրել: Սփյուռքի կառուցման այս մեծ գործում իրենց ներդրումն են բերել հայկական մի շարք միություններ, կուսակցություն-ներ ու անհատներ… Այդ բոլորի մտահոգությունը եղել է օտար ափերի վրա հայապահպանման կանթեղը վառ պահել: Մյուս կողմից, հայ երեք հարանվանությունների համայնքապետերի աշխատանքը սփյուռքի հայապահպանման գործում առավել եւս ամրացրել է հայ գաղութների նորակազմ սյուները` մշակութային, ընկերային եւ կրոնական գետնի վրա:
Լիբանանյան հայ գաղութը կարելի է համարել վառ օրինակը այդ տարված աշխատանքներին, որտեղ կարելի է թվել բազմաթիվ հաստատություններ, որոնք սատարում են գաղութի բարգավաճման ու վերելքին: Այս հաստատություններից է Հայ Կաթողիկե Պատրիարքարանի 1946թ. հիմնված ընկերային բժշկական կենտրոնը, որը 2000թ. անվանվել է ՙՆարեկի Տիրամոր՚ ընկերային բժշկական կենտրոն: Սույն կենտրոնը եղել է լիբնանահայ գաղութի այն առաջին հաստատությունը, որը մատուցել է բժշկական ծառայություն Հայրենական Մեծ Պատերազմի ավարտին:
Այսօր Լիբանանում գոյություն ունեցող մյուս բժշկական հաստատությունները ծնունդ են առել լիբանանյան ներքին պատերազմի դժնդակ օրերին, 1975թ. ետք:
Այն դեռեւս նորանկախ Լիբանանում, 1946թ. եղել է առաջին ընկերային բժշկական կենտրոններից մեկը: Այդ օրերին Հայր Պողոս վրդ. Արիս /1910-1961թթ./, որը հիմնել էր Պուրճ-Համուդի քաղաքապետարանն ու եղել հայահոծ ավանի առաջին քաղաքապետը, դժվարին պայմաններում ու մանրակրկիտ հետեւում էր շրջանի բարգավաճման: Նա շուտ էր նկատել բժշկական ծառայության անհասանելիությունը այդ օրերին մեր աղքատ հայերի համար: Նա խորհրդակցում ու փոխանցում է իր մտահոգությունները համայնքապետին:
Շուտով Հայ Կաթողիկե Պատրիարքարանը որոշում է կայացնում կառուցել այս կենտրոնը: Հարկ է հիշել ֆրանսիական բժշկական համալսարանի (FFM) գործոն ներդրումը, երբ բժիշկները եւ համալսարանական օրդինատորները գալիս են բերելու անշահախնդիր ծառայություն այս կենտրոնին: Ու ծառայությունը լինում է անխտիր կարիքավորին, հիվանդին, հայուն եւ լիբանանցիին:
Այդ օրերին կիսաճահիճ Պուրճ-Համուդի հայը, որը տառապում էր բազմաթիվ հիվանդությունների հետ մեկտեղ մալարիայից, վերջապես կարող էր դիմել բժշկի, դեղորայք ստանալ համարյա ձրիորեն: Այս կենտրոնը լինել-չլինելու օրերին թեթեւացրեց շատերի ուսերից որոշակի ծանրություն: Այդ տարիների վերապրողներից ո՞վ չի հիշում կենտրոնում աշխատող Մայր Տը Լա Փլանշ Կուսանը, որի նվիրումն ու ծառայությունը հայ ժողովրդին անվանել տվին կենտրոնը ՙՄայրապետների դարմանատուն՚, ու տարիների հոսքի հետ զուգահեռ այս կենտրոնը զարգացել է, ընդլայնվել ու հարմարվել օրվա կարիքներին: Փոփոխություններ շատ են եղել, բայց մնացել է մեկ բան անփոփոխ, այդ էլ կենտրոնի նպատակը` ծառայել անխտիր…
Անցել է համարյա կես դարից ավելի, ու կենտրոնս գործում է դժվարին պայմաններում, անկարելին դարձնելով կարելի: Բժշկական ծառայությունն ապահովում են հայ եւ օտար երիտասարդ բժիշկներ: Դրանցից շատերը շրջանավարտ են Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի: Կենտրոնի ընկերային ծառայությունը իրականացում է շրջանում գտնվող ծերերի միակ ակումբի մեջ, որտեղ ամեն օր հավաքվում են տարեց մարդիկ ժամանցի համար ու օգտվում են ակումբի մատուցած անվճար սննդից: Նարեկի Տիրամոր ընկերային-բժշկական կենտրոնի կանգուն, արդյունաբեր ու գործունյա աշխատանքը պահանջում է նվիրում, կազմակերպում եւ նյութական հարատեւ օժանդակություն:
56 տարիներ բոլորած կենտրոնը մնում է երիտասարդ իր աշխատանքով: Հաստատուն քայլերով ուղղվում է դեպի ապագան` պահելով նույն նպատակը` ծառայել բոլորին անշախնդրորեն եւ օրինակ դառնալ ծառայության:

ՀԱՅԵՑԻ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՓԱՐՈՍ ՄԸ ՊԷՅՐՈՒԹԷՆ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
Տանն Կիլիկիոյ Հայ Կաթողիկէ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաճանեան Կաթողիկոս-Պատրիարքի նախաձեռնութեամբ 1939-ին հիմնադրուած Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանը լիբանանահայ համայնքի ամենահեղինակաւոր կրթական հաստատութիւններէն մէկը կը հանդիսանայ: Հաստատուած Լիբանանի ամենահայաշատ կեդրոնի` Պուրճ Համուտ քաղաքի սրտին, անիկա իր գոյութեան 63 տարինեուն ընթացքին հայեցի դաստիարակութեան եւ բարձրակարգ ուսման օճախ մը եղած է տասնեակ հազարաւոր հայ պատանիներու եւ պարմանուհիներու համար` գաղթականութեան առաջին տարիներու սերունդներէն սկսեալ մինչեւ այսօր: Վարժարանի աւարտականներու թիւը կը հասնի մինչեւ 7 հազարի, որոնցմէ շատ-շատեր ներկայիս փայլուն դիրքեր կը գրաւեն հայ ազգային-համայնքային կեանքին եւ իրենց մասնագիտական ասպարէզներուն մէջ:
Մեսրոպեան վարժարանի առաջին տնօրէնները եղած են հայ կաթողիկէ նուիրեալ հոգեւորականներ Հայր Պօղոս Արիս եւ Հայր Պօղոս Պզտիկեան: Առաջինին անունը սերտօրէն կապուած է Պուրճ Համուտ քաղաքի հիմնադրութեան եւ լիբանանահայ համայնքի կառոյցներու ձեւաւորման պատմութեան հետ: Վարժարանի ղեկավարման գործին մէջ անոնց յաջորդած են Հայր Ռափայէլ Պալեան, Հայր Մեսրոպ Թերզեան, Հայր Պետրոս Ադամեան, Հայր Կղեմէս Մալճեան, Հայր Գրիգոր Ղապրոյեան, Հայր Մեսրոպ Ճուրեան, Հայր Եղիա Եղիայեան եւ Հայր Գէորգ Եղիայեան, որոնց օրով կրթական այս հաստատութիւնը քայլ առ քայլ յառաջացած է` հասնելու համար այսօրուայ իր բարձր մակարդակին:
Մեսրոպեան վարժարանը կը գործէ ըստ լիբանանեան կրթական համակարգին եւ կը բաղկանայ չորս բաժիններէ` մանկապարտէզ, նախակրթական, միջնակարգ եւ երկրորդական: Մանկապարտէզը եռամեայ կրթական դաստիարակչական հանգրուան մըն է, որու աւարտին երեխաները ձեռք բերած կ’ըլլան գրեթէ ամբողջական գիտելիքներ հայերէն, արաբերէն եւ ֆրանսերէն գրաճանաչութեան: Մանկապարտէզ կ’ընդունուին 3 տարեկանը ամբողջացուցած երեխաները, որոնք նախքան այդ առիթ ունին նաեւ յաճախելու մանկամսուրի բաժինը, որ հաստատուած է յատկապէս աշխատող մայրերու դրութիւնը հաշուի առնելով: Նախակրթարանին կը յաջորդէ միջնակարգը, որու եռամեայ ծրագրի աւարտին` աշակերտը կը մասնակցի լիբանանեան պետական երկրորդական փոխադրուելու համար: Միջնակարգի հանգրուանի հիմնական նշանակութիւնը կը կայանայ այն բանին մէջ, որ աշակերտը կը կատարէ ընտրութիւն` գիտական եւ հումանիտար կրթութեանց միջեւ: Եւ վերջապէս, լիբանանեան կրթական համակարգի որդեգրած 12-ամեայ ծրագրի ամբողջացումով, ինչպէս բոլոր բարձրագոյն վարժարաններու պարագային, Մեսրոպեան վարժարանի աւարտական աշակերտը եւս կը մասնակցի լիբանանեան պետական պաքալորիայի քննութիւններուն, որոնք համազօր են Հայաստանի ԲՈՒՀ-ի ընդունելութեան քննութիւններուն:
Մեսրոպեան վարժարանը միշտ ալ փայլած է պետական քննութիւններուն իր հասցուցած աշակերտներու յաջողութիւներով, որոնք յաճախ արձանագրած են 100 տոկոսի արդիւնաւէտութեան: Առաւել, միշտ ալ բարձր եղած է համեմատութիւնը այն աշակերտներուն, որոնք պաքալորիայի յաջողութենէն ետք մուտք գործած են համալսարաններ եւ յաջողութեամբ աւարտած իրենց մասնագիտութիւնները: Օրինակ, 2000-2001 կրթաշրջանի 24 աւարտական աշակերտներէն 21-ը ներկայիս տարբեր մասնագիտութիւններով կ’ուսանին լիբանանեան, թէ օտար համալսարաններու մէջ:
Մեսրոպեան վարժարանի կրթական յաջողութիւնները պայմանաւորուած են շարք մը ազդակներով: Առաջինը, անկասկած, կրթութեան գործին հանդէպ որդեգրուած կարգապահութեան, անխոնջ ջանասիրութեան եւ հետեւողական աշխատանքի հետ, միշտ ալ գոհացուցած են վարժարանի ղեկավարութեան եւ ծնողներու ակնկալութիւնները: Երկրորդ կարեւորագոյն ազդակը ուսուցչական բարձրորակ կազմն է, ուսուցիչներու մասնագիտական ու բարոյական բարձր մակարդակը: Ներկայիս, Լիբանանի մեջ մեծ չէ թիւը այն վարժարաններուն, որոնք կրնան արդարօրէն հպարտանալ դոկտորական աստիճան ունեցող ուսուցիչներով: Մեսրոպեանի ուսուցչական կազմը ներկայիս կը ներառնէ 45 ուսուցիչեր, որոնց կարգին 2 դոկտորական թեզ պաշտպանածներ եւ 6 գիտութեան թեկնածուներ, որոնք միաժամանակ կը դասաւանդէն լիբանանեան ամենաբարձրակարգ քոլեճներու մէջ:
Մանկապարտէզէն մինչեւ աւարտական դասարան, ուսուցչական կազմի կորիզը կը կազմեն համալսարանաւարտ մասնագէտներ, որոնք պարբերաբար մասնակցելով վերապատրաստման դասընթացներու, զարգացող հունի մէջ կը պահեն կրթութեան գործը:
Լիբանանեան պետական ծրագրի կողքին, Մեսրոպեանի մէջ իր կայուն եւ կարեւորագոյն տեղը ունի հայերէն լեզուի եւ ազգային պատմութեան ուսուցումը: Ըստ էութեան, այս 2 առարկաներն են, որոնք յատկանշական կարեւորութիւն կը զգենուն վարժարանի ընդհանուր դիմագծի ձեւաւորման մէջ: Հայերէն եւ հայոց պատմութեան ուսուցումը պարտադիր է աշակերտներուն համար` անոնք հայազգի ըլլան, թէ ոչ: Պէտք է նշել, որ Մեսրոպեանի մէջ փոքր չէ թիւը օտարազգի աշակերտներու /միջին հաշւով` 10 առ հարիւր/, լիբանանեան զանազան համայնքներէ` իսլամ թէ քրիստոնեայ: Յիշարժան է այն երեւոյթը, որ հայկականութեամբ տրոփուն մեսրոպեանական մթնոլորտին մէջ, արաբ աշակերտները տարիներու ընթացքին ձեռք կը բերեն հայերէնի փայլուն իմացութիւն` աշակերտական միջոցառումներու ընթացքին հանդէս գալով հայերէն ասմունքներով եւ երգերով:
Վարժարանէն ներս հայկական մթնոլորտի զարգացման ազդակ կը հանդիսանան նաեւ ազգային-կրօնական տօներու, կարեւոր տարեդարձներու եւ աւանդութիւններու նուիրուած ձեռնարկները: Աստեղ անփոփոխ աւանդութեան համաձայն կը տօնակատարուին Վարդանանց հերոսամարտը, Հայաստանի անկախութեան տօնը, Արցախեան ազատագրական պայքարի օրը, Հայ Ուսուցիչի եւ Հայ Մօր օրերը, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Ս. Զատիկը եւ այլ տօներ:
Մեսրոպեանի մէջ մեծ կարեւորութիւն կը տրուի արտադասարանային դաստիարակչական ծրագիրներուն: Ընթացիկ բնոյթ կը կրեն բնութեան մէջ կատարուող պտոյտները, թանգարաններ եւ գրադարաններ այցելութիւնները, պարային, թատրոնի եւ երգի համերգներու մասնակցութիւնը, միջդպրոցական շփումները, մարզական միջոցառումները, միջդպրոցական մրցոյթները, թատրոնի, պարի եւ զանազան մարզաձեւերու խմբակները, զանազան բնոյթի հրատարակութիւնները:
Այս ուղղութեամբ, 2001-2002 կրթաշրջանին վարժարանը իրագործեց համալիբանահայկական նշանակութեան յաջողութիւն մը, երբ սկսաւ հրատարակել վարժարանի ամսաթերթը` ՙՄեսրոպեան Լրաբերը՚: Չորս լեզուներով լոյս տեսնող ՙԼրաբերը՚ շուտով կրցաւ ինքզինք հաստատել որպէս լիբանահայկական աշակերտական ամենալուրջ հանդէսը, ուր արտացոլուած կը գտնուին վարժարանի ներքին կեանքն ու աշակերտական ստեղծագործութիւնները: Նոյնպէս 2001-2002 տարեշրջանին արձանագրուեցաւ երկրորդ կարեւորագոյն յաջողութիւնը, երբ հիմնական բարեփոխումի ենթարկուեցաւ վարժարանի Website-ը` www.mesrobian.com, որ իր բոլոր կողմերով կը հանդիսանայ հայկական դպրոցական նմանատիպ սայթերու լաւագոյն նմոյշներէն մէկը` ձեւով եւ բովանդակութեամբ: Հետաքրքրուողը այնտեղ կրնայ գտնել Մեսրոպեանին վերաբերող բազում նիւթեր` պատմութեան թէ ներկայի մասին, առաւել` ՙՄեսրոպեան Լրաբեր՚ի ելեկտրոնային online տարբերակը:
Մեսրոպեան վարժարանը միշտ ալ բախտը ունեցած է իր կողքին զգալու համայնքային իշխանութիւններու, բարեսիրական կազմակերպութիւններու, անհատ բարերարներու, նախկին սաներու եւ ծնողներու նիւթաբարոյական զորակցութիւնը: Միայն մէկ օրինակ տալու համար արժէ յիշել 2002 թուականին Մարտին Պէյրութի ամենաբարձրակարգ հիւրանոցներէն մէկուն մէջ հրաւիրուած բարեսիրական ճաշկերոյթը, որու ընթացքին 40 հազար տոլար հանգանակուեցաւ ի նպաստ վարժարանի կարիքաւոր աշակերտներու ֆոնտին: Այս երեւոյթի կարեւորութիւնը առաւել կը շեշտուի այն իրողութեամբ, որ Մեսրոպեանի աշակերտները կու գան համեմատաբար լիբանանահայ համեստ խաւէն, որ յատկապէս վերջին տարիներուն կը գտնուի երկիրը հարուածած տնտեսական տագնապի զօրաւոր ճնշումին տակ: Համեմատաբար իր նպաստաւոր կրթավճարներով եւ անոնց վրայ հաստատուած զեղչերով, Մեսրոպեանի տնօրէնութիւնը կ’աշխատի նիւթական պատճառներով փողոց չթողնել հայ պատանիներն ու պարմանուհիները:
2001-2002 կրթաշրջանի եզրափակիչ թիւերով` Մեսրոպեան վարժարանը ունէր 797 աշակերտ, որոնցմէ 219-ը` Մանկապարտէզի, 352-ը` նախակրթարանի, 148-ը` միջնակարգի, իսկ 78-ը` երկրորդականի բաժիններուն մէջ: Այս տուեալներով, Մեսրոպեանը աշակերտներու թիւով կը հանդիսանայ լիբանանահայկական 2-րդ մեծագոյն դպրոցը եւ միակը, ուր անցած կրթաշրջանի համեմատ աշակերտներու թիւի յաւելում արձանագրուած է: Յաջորդ տարեշրջանին համար նախատեսուած է աւելցնել մանկապարտէզի-մանկամսուրի բաժինը: Միաժամանակ, դասերու աւարտին զուգահեռ, սկսած է նախապատրաստութիւնը վարժարանի ՙՈվասիս՚ ամառնային ծրագրին, ուր հաճելին ու օգտակարը իրար միացնող մթնոլորտի մը մէջ իրենց արձակուրդը կ’անցնեն զանազան դպրոցներէ եւ տարիքային տարբեր խումբերէ պատանի հայորդիներ:
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանը լիբանանա-հայկական կրթական համակարգի հպարտառիթ հաստատութիւններէն մէկն է: Արժանին պէտք է հատուցել անցնող 63 տարիներուն ընթացքին անոր կայացման ի խնդիր օրն ի բուն աշխատած անուանի թէ համեստ այն բոլոր երախտաւորներուն, որոնք հիմնադրեցին, զարգացուցին եւ այսօր կը շարունակեն հաստատուն պահել բառի ամբողջական եւ խոր իմաստով այս հայ դպրոցը, որ լաւագոյնս կատարած է ու կը շարունակէ կատարել հայ սերունդներու ազգային դաստիարակութեան եւ կրթութեան առաքելութիւնը` օտար ափերու վրայ: Եւ այս առաքելութեան գիտակցութենէն կը բխի վարժարանի մանկապարտէզի վերջին աւարտական հանդէսին առիթով ըսուած Մեսրոպեանի ներկայիս գործադիր տնօրէնի այն խօսքը, թէ` ՙՄենք կը գործենք այնպէս, որ ապագային հպարտանանք մանկապարտէզէն մինչեւ կրթութեան ամենաբարձր աստիճանները հասնող աշակերտներով, իսկ աշակերտները հպարտ զգան Մեսրոպեանցի ըլլալուն՚:

***
ՊԷՅՐՈՒԹԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԻՑ ՎԱՐԺԱՐԱՆ
Ուսումնական հաստատութիւն մը թէքնիք կրթութեան մէջ Պէյրութի Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանի երկրորդ կարեւորագոյն բաղադրամասը Մեսրոպեան Արուեստից Վարժարանն է, որու կարգավիճակը կը հաւասարի խորհրդային կրթական համակարգի տեխնիկումին: Արուեստից վարժարանը հիմնուած է 1982ին, եւ ինչպէս այդ օրերուն, նոյնպէս ներկայիս իր տեսակին մէջ առաջատար հաստատութիւններէ մէկն է համալիբանանեան առումով:
Արուեստից վարժարանը կը հետեւի լիբանանեան պետութեան կողմէ վաւերացուած թէքնիք կրթութեան ծրագիրներու: Առաջին հերթին, անիկա ուսանողներուն կը շնորհէ թէքնիք պաքալորիայի վկայականներ առեւտրական գիտութիւններ եւ մանկավարժական գիտութիւններ զոյգ մասնագիտութիւններու գծով: Առեւտրական գիտութիւններու ուսման տեւողութիւնը 3 տարի է, իսկ մանկավարժականինը` 4: Թէքնիք պաքալորիայի պետական վկայականը համազօր է ակադեմական պաքալորիային եւ համալսարան ազատ մուտք կ’ապահովէ ենթակային: Այս զոյգ բաժինները աւարտած հարիւրաւոր երիտասարդ երիտասարդուհիներ ներկայիս կը պաշտօնավարեն առեւտրական եւ կրթական հաստատութիւններու մէջ, իսկ ուրիշներ կը հետեւին համալսարանական բարձրագոյն կրթութեան:
Մեսրոպեան Արուեստից վարժարանի երկրորդ գլխաւոր ուղղութիւնը արագ մասնագիտական դասընթացքներն են եւ առաջին հերթին` օտար լեզուները: Այս դասընթացքներու ողնասիւնը կը հանդիսանայ անգլերէն լեզուի ուսուցումը, որ տարուէ տարի աւելի մեծ թիւով երիտասարդներ կը հրապուրէ: Լսողա-տեսողական միջոցներով եւ ամերիկեան ամենաժամանակակից դասագրքերով դասաւանդուող անգլերէնի կողքին, գոյութիւն ունին նաեւ ֆրանսերէնի, իտալերէնի, արաբերէնի, հայերէնի, սպաներէնի եւ ռուսերէնի դասաժամեր:
Արագօրէն զարգացող ուղղութիւն մըն է նաեւ համակարգչային գիտութիւնը, իր բոլոր ենթաճիւղերով: Մեսրոպեան Արուեստից մէջ կ’ուսուցանուին այս գիտութեան հիմնական բաղադրամասերը` գործակատարման համակարգեր, հաշուապահական ծրագրեր, ինթերնեթ, ձեւաւորման ծրագրեր, եւ այլն…
Միւս մասնագիտութիւններն են ոսկերչութիւնը /ձեւաւորում, ադամանդաշարութիւն եւ մոմի կաղապարաշիութիւն/, վարսահարդարումը, դիմահարդարումը եւ ճամբորդական տոմսերու սպասարկութիւնը ՙավիաթիքէթինկը՚: Այս վերջինիս գծով վարժարանը 2001-2002 կրթաշրջանին կարեւոր առաջընթաց արձանագրեց, երբ համաձայնագիր ստորագրուեցաւ Մեսրոպեան Արուեստից եւ ճամբորդական տոմսերու սպասարկութեան միջազգային ընկերութեան /IATA/ միջեւ, ըստ որուն, Մեսրոպեանի ուսանողները յատուկ դասընթացքներու շնորհիւ պիտի պատրաստուին միջազգային այդ կազմակերպութեան քննութիւններուն: Կարեւորութեամբ պէտք է նշել, որ IATA-ի շնորհած վկայականները միջազգային անառարկելի հեղինակութիւն կը վայելեն եւ կ’երաշխաւորեն ենթակային գործի ընդունումը` աշխարհի բոլոր երկիրներու ճամբորդական տոմսերու սպասարկութեան ընկերութիւններու մօտ: Այս բոլորի կողքին, Մեսրոպեան Արուեստից վարժարանի 20-ամեայ գոյութեան կարեւորագոյն իրադարձութիւնը արձանագրուեցաւ նոյնպէս 2001-2002 կրթաշրջանին, երբ վարժարանը գործակցութեան համաձայնագիր կնքեց Լոնտոնի Առեւտուրի եւ ճարտարարուեստի Գրասենեակի (LCCIEB) հետ: Այս համաձայնագիրով վարժարանը մեծ քայլ կատարեց միջազգային գործարարութեան չափանիշերուն ուղղութեամբ, համահունչ մնալով գործարարութեան ապագայի մարտահրաւէրներուն: Արդարեւ, ըստ այդ համաձայնագրին, Մեսրոպեանը յանձն առաւ իր մօտ ուսանողները նախապատրաստել LCCIEB-ի քննութիւններու մարմնի շնորհած վկայականներուն, որոնք չափազանց մեծ հեղինակութիւն կը վայելեն միջազգային գործարարական հաստատութիւններու մօտ եւ ընդհանրապէս աշխատանքի միջազգային շուկային մէջ: Պէտք է կարեւորութեամբ հաստատել, որ Մեսրոպեան Արուեստից ամբողջ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանին մէջ հանդիսացաւ առաջին թէքնիք կրթական հաստատութիւնը, որ արժանացաւ LCCIEB-ի վստահութեան եւ անոր կողմէ ընտրուեցաւ որպէս գործընկեր: Այս վստահութեան եւ ընտրութեան մէջ վճռուող եղան վարժարանի վայելած վարկը, 20-ամեայ փորձառութիւնը, շենքային իտէալական պայմանները, եւ վարժարանի սարքաւորման արդիական յագեցուածութիւնը: Եւ իսկապէս, Մեսրոպեան Արուեստից ամբողջ Լիբանանի մէջ յայտնի է տարուէ տարի ինքնաբարելաւուելու համբաւով եւ միջազգային չափանիշերուն ձգտելու իր քաղաքականութեամբ:
Մեսրոպեան Արուեստից վարժարանի ուսանողներու մեծամասնութիւնը կը կազմեն Պուրճ Համուտ հայաշատ քաղաքի երիտասարդ արհեստաւորները, պաշտօնեաները, երկրորդական վարժարանի թերաւարտները, կեանքի դժւարին պայմաններու բերումով դպրոցէ զրկուած պատանիներ եւ պարմանուհիներ: Կարեւոր թիւ կը կազմեն նաեւ տնային տնտեսուհիները, որոնք կը ձգտին լեցնել իրենց կրթական բացերը կամ ձեռք բերել որեւէ մասնագիտութիւն` նեցուկ կանգելու ընտանիքի աշխատող հայրերուն: Իսկ դասախօսական կազմը կը յատկանշուի իր մասնագիտական բարձր պատրաստուածութեամբ, որ երաշխիքներէն մէկն է թէքնիք պաքալորիայի քննութիւններուն ձեռք բերուած յաջողութիւններուն եւ որակեալ մասնագէտներու պատրաստութեան:
2001-2002 կրթաշրջանի աւարտին, Մեսրոպեան Արւեստից վարժարանի ուսանողներուն ընդհանուր թիւը 350 էր, որոնցմէ 76-ը` աւարտական, 7 տարբեր մասնագիտութիւններու գծով, իսկ 17-ը` թեկնածու թէքնիք պաքալորիայի վկայականին