ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Թիւ 1-3(14-16) 2001-2003, 121-122
Վեր.Դոկտ. Ռընե ԼԵՒՈՆՅԱՆ,
ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (ՀԱԸ) ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից 1918թ. հունիսի 7-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: ՀԱԸ-ի նպատակն է արտահայտել Հիսուս Քիստոսի սերը մարդկանց նկատմամբ` խոսքով եւ գործով օգնել հայ ժողովրդին պահպանելու հավատքը, մշակույթը եւ ազգային ինքնությունը:
1988թ. երկրաշարժից անմիջապես հետո ամբողջ աշխարհը, Հայ Ավետարանչական Ընկերակցությունը նույնպես արեց անհրաժեշտը երկրաշաժից տուժած հայ ժողովրդի ցավը մեղմելու համար, ցուցաբերեց օգնություն` սննդի, հագուստի, դեղորայքի, բժշկական սարքավորումների տեսքով:
1989թ. ապրիլին ՀԱՀ Խորհրդի պատվիրակությունը եկավ Հայաստան` ծանոթանալու Հայաստանի կացությանը, ճշտելու Հայ Ավետարանական աշխարհի` Հայ Ավետարանչական Ընկերակցության միջոցով ժողովրդի կարիքներին օգտակար լինելու եզրերին:
1991թ. Հայաստանի անկախացումից, ՀԱԸ-ի Հայաստանի կառավարությունում պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երեւանում բացվեց ընկերակցության առաջին գրասենյակը: Շատ չանցած, Հայաստանում եւ Արցախում ձեւավորվեցին ՀԱԸ-ի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք իրականացվում են Ֆրանսիայի ՙՀույս Հայաստանի համար՚ կազմակերպության համագործակցությամբ: Այժմ Հայ. Հանրապետության մարզերում եւ Արցախում գործում է 25 գրասենյակ:
ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ
– Նյութական օգնություն կարիքավորներին, հոգատարություն անկարողների եւ հիվանդների նկատմամբ:
ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ
– Մանուկների եւ պատանիների քրիստոնեական կրթությունը եւ դաստիարակությունը, որպես ՀԱԸ-ի առաքելության հիմնական սկզբունք, Հայաստանում կիրառվում է ամբողջությամբ:
ՀԱԸ-ն Հայաստանում իրականացնում է հետեւյալ ծրագրերում.
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
– Ամենամսյա խնամակալության են վերցվել երկրաշարժից տուժած, զոհված ազատամարտիկների, փախստականների, սոցիալապես անապահով ընտանիքների փոքր տարիքի 2500-ից ավելի երեխա: Հովանավորված երեխաներին բաժանվում են սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, հնարավորություն է տրվում անվճար օգտվել ՀԱԸ-ի բուժսպասարկման եւ սոցիալական ծառայություններից:
ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ
-1995թ. դեկտեմբերից Ստեփանավանում գործում է բարեգործական ճաշարան` 60 կարիքավոր մեծահասակների համար: Չքավոր ընտանիքներին ՙՁՄԵՌ՚ ծրագրով պարբերաբար տրվում է վառելանյութ: Հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանից բռնագաղթվածներին, Արցախի ազատամարտիկների ընտանիքներին, որբերին եւ կարիքավորներին: Օգնություն է տրվում Հայաստանի տասնյակ մանկապարտեզներին, մանկատներին, ծերանոցներին, ըստ կարիքի` կատարվում շինարարական տարբեր աշխատանքներ:
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
– Երկրաշարժից անմիջապես հետո ՀԱԸ-ն երկու շարժական բուժարան ուղարկեց Հայաստան, որոնցից մեկը տրամադրվեց Ղարաբաղին: Երեւանի եւ ՀԱԸ-ի շրջանային մասնաճյուղերի տարածքային հիվանդանոցներին պարբերաբար բաժանվում է դեղորայք, նաեւ բժշկական սարքավորումներ:
ՀԱԸ-ի Երեւանի գրասենյակին կից կառուցված արդիական դարմանատունը` իր 4 մասնագետներով (ընդհ. բժիշկ, հոգեբ., դեղագործ, ատամնաբույժ), բժշկական ծառայություն է մատուցում ՀԱԸ-ի բարեգործական ծրագրերում ընդգրկված կարիքավորներին:
Վանաձորում գործում է կարիքավորներին սպասարկող մանկական բարեգործական անվճար ատամնաբուժարան`:
ՄԱՆԱԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ
– 1992-ից ՀԱԸ-ն համագործակցում է ՙՀայ մանուկներին կաթ՚ հիմնադրամի (ԱՄՆ) հետ, որի միջոցով մինչեւ մեկ տարեկան հարյուրավոր երեխաներ անվճար ստանում են մայրական կաթին փոխարինող ԻԶՈՄԻԼ:
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
– Կրթական գործունեությունը ՀԱԸ-ի ծառայությունների մաս է կազմում` ամբողջացնելով նրա 80-ամյա առաքելությունը աշխարհի բազմաթիվ երկրներում, նաեւ` Հայաստանում: Անցած տասնամյակների ընթացքում սփյուռքի ավետարանական ճեմարաններն ու վարժարաններն են ավարտել ազգը բնորոշող, արժեւորող, ուսյալ եւ գիտակից սերունդներ: Այս կրթօջախների շարքին են պատկանում ՙԽորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների Երեւանի Ավետարանական կրթահամալիրը՚ եւ ՀԱԸ-ի աջակցությամբ ստեղծված Հայ. Ավետարանական Աստվածաբանական Ճեմարանը:
ՀԱԸ-ն, գիտակցելով կրթության կարեւորությունը, ներդրումներ է կատարում նաեւ Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման գործում:
Ա. ՀԱԸ-ն ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի համագործակցությամբ, հովանավորեց Ղարաբաղի դպրոցների տարրական դասարանների հինգ անուն դասագրքի տպագրությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրության օգնության կենտրոնական հանձնաժողովի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ, Նիդեռլանդների ՙԴորկաս՚ միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հետ միասին, Հայաստանի առաջին դասարանցիներին պարբերաբար տրամադրվում են Աստվածաշնչային պատմություններ ընդգրկող գրքեր:
Բ. ՀԱԸ-ն պարբերաբար, հնարավորության սահմաններում հոգում է Երեւանի եւ մարզերի տարբեր դպրոցների առաջնային կարիքները:
Գ. ՀԱԸ-ի նվիրատվությամբ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը կատարեց Գյումրիի թիվ (Վեր. Տիգրան ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ անվան) դպրոցի շենքի` երկրաշարժից փլված մասի եւ գործող հատվածի շինարարության եւ վերականգման աշխատանքները: Մինչեւ երկրաշարժը դպրոցում սովորում էր 600 երեխա, շինարարական աշխատանքներից հետո դպրոցի հնարավորություններն ընդլայնվեցին, թիվը հասավ 840-ի:
Դ. Ֆրանսիայի ՙՀույս Հայաստանի համար՚ կազմակերպության, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ ՀԱԸ-ի միասնական ջանքերով երկրաշարժի հետեւանքով փլատակների վերածված Սպիտակի թիվ 2 դպրո-ցը (Դանիել Սահակյանի անվ.) լիովին վերակառուցվեց:
Ե. ՀԱԸ-ի Երեւանի եւ շրջանային գրասենյակներում գործում են անգլերենի, ֆրանսերենի ուսուցման անվճար դասընթացներ` ըստ տարիքային խմբերի:
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
– Անհատի դաստիարակությունը սկսվում է ընտանիքից եւ սերտորեն կապվում է կրթության հետ եւ, որպես միասնական գործընթաց, շարունակվում ամբողջ կյանքում` ենթարկվելով միջավայրի, արվեստի եւ գրականության, թատրոնի եւ հեռուստատեսության ազդեցությանը: Աստվածաշնչային տեսանկյունով քրիստոնեական դաստիարակությունը ո’չ միայն ընդհանուր դաստիարակության անբաժան մասն է, այլեւ ամբողջությունը, որի նպատակն է Աստվածաշնչային ուսուցումների հիման դաստիարակել Հայաստանի եւ Արցախի մանուկներին ու պատանիներին, ճանաչեն Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ, ապրեն նրան վայել կյանք, աճեն կյանքի բոլոր մարզերի մեջ եւ ապագայում դառնան մեր ազգի առաջնորդներ եւ ծառայողներ:
ՀԱԸ-ն ունի Քրիստոնեական դաստիարակության աշխատանքները կարգավորող հատուկ բաժին (ընդ. պատասխանատու Հարութ Ներսեսյան), որտեղ ընդգրկված են 150-ից ավելի կամավոր ծառայողներ, որոնք շարունակական դասընթացներով բարձրացնում են իրենց որակավորումը: Այս ծրագիրն ընդգրկում է Հայաստանի եւ Արցախի ավելի քան 4000 երեխաներ եւ պատանիներ:
Ընկերակցության նպատակն է`երեխաներ ընդգրկել ՀԱԸ-ի քրիստո. դաստ. եւ գեղարվեստական խմբակներում, բացահայտել եւ զարգացնել նրանց գեղարվեստական նախադրյալներն ու ընդունակությունները: Խնդրի իրականացման համար կազմակերպվում են երգի, երաժշտության, քանդակի, նկարչության, դրամատիկական, ձեռարհեստի եւ սպորտային խմբակներ:
ՃԱՄԲԱՐՆԵՐ
– 1991-ից ՀԱԸ-ն Հայաստանում, Ղարաբաղում եւ Վրաստանում ամեն տարի ստեղծում է ճամբարներ` կազմակերպելու կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգիստը` ապահովելով լիարժեք սնունդ, ֆիզիկական, ընկերային եւ քրիստոնեական դաստիարակության լավագույն պայմանները: Ճամբարներում հանգստանում են 10000-ից ավելի երեխաներ:
ԱՋԱԿՑԵԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
– Ուշագրավ է ՀԱԸ-ի ՙՓոքրիկ վիրտուոզներ՚ երաժշտական անսամբլի ծնունդն ու ելույթները Երեւանի Կամերային երաժշտության տանը, Հայաստանի քաղաքներում: Անսամբլը ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Միացյալ Արաբական Էմիրությունում: ՙՓոքրիկ վիրտուոզները՚ աշխարհին են ներկայանում հայ կատարողական արվեստի ավանդույթներով` նրա գեղարվեստական արժեքներով:
ՀԱԸ-ի ՙԵրգ-երգոց՚ երիտասարդական երգչախումբը ելույթներ է ունեցել Հայաստանում եւ Ֆրանսիայում:
ՀԱԸ-ի ՙՀարություն՚ էստրադային սիմֆոնիկ նվագախումբը 2001թ. ՙՄուտք 21-րդ դար՚ երաժշտական փառատոնին արժանացավ ոսկե մեդալի: Ընկերակցության գեղարվեստական կոլեկտիվների շարքում իր ուրույն տեղն ունի նաեւ մանկական ՙՕվսաննա՚ երգչախումբը:
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ՀԱՆԴԵՍՆԵՐ
Ամեն տարի, Նոր տարվա եւ Ս. Ծնունդի առիթով Հայաստանի քաղաքներում, գյուղերում, Ստեփանավանում, հարակից շրջաններում եւ գյուղերում, տեղական իշխանությունների համագործակցությամբ, հովանավորված, կարիքավոր ընտանիքների շուրջ 25000 երեխաների համար կազմակերպվում են հանդեսներ` Ձմեռ Պապի, Ձյունանուշի, թատերական կոլեկտիվների, երաժշտախմբերի մասնակցությամբ:
ՀԱԸ-ն ժողովուրդի արժանապատվությամբ մտահոգ, իրականացնում է զարգացման ծրագրեր` գորգագործության, թռչնախոզաբուծության` ընտանիքի ապրուստը հոգածող:
Ժողովրդին օգտակար լինելու նպատակով ՀԱԸ-ն համագործակցում է երեք` Հայ Առաքելական, Հայ Ավետարանական, Հայ Կաթողիկե եկեղեցիների հետ եւ միատեղ ղեկավարում ու գործնական հարաբերություններ ծավալում` բարեսիրական, զարգացման, քրիստոնեական դաստիարակության ընդհանուր ծրագրերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող ՙԵկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղանի՚, ՙՋինիշյան հիշատակի հիմնադրամի՚ եւ ՙՀայաստանի Աստվածաշնչային ըներության՚ երեւանյան գրասենյակների հետ: ՀԱԸ-ի գործնական հարաբերությունների շրջանակը ներառում է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները եւ միջազգային շահագրգիռ կազմակերպություններ:
Հայաստանի պետությունը ՀԱԸ-ն ճանաչում է որպես հուսալի եւ վստահելի կազմակերպություն:
Հայ ժողովրդի ավետարանական մեծագույն կազմակերպությունը` Հայ Ավետարանչական Ընկերակցությունը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում շարունակում է ծառայության նոր ուղիներ որոնել ի օգուտ հայ ժողովրդի, ի փառս Աստծու եւ ի հոգեւոր շինություն մեր ազգի: