ԵՐԱԽՏԱՎՈՐ – Նվիրյալը

ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼԸ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է
Թիւ 1-3(14-16) 2001-2003, էջ 240
Աշիկ ՎԱՐԴԱՆՅԱՆՍ ծնվել եմ 1929թ. Անիի շրջանի Հայկաձոր գյուղում: Երեւանում բնակվում եմ 1946թ.: Հավատացյալներ էին ծնողներս, ես դարձա եկեղեցասեր: Ծանոթ եմ եղել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Վահան արքեպս. Տերյանի եւ քահանաների հետ: 1970թ. Տեր Ռուբենի առաջարկով ընտրվել եմ Ս. Աստվածածին /Զորավար/ եկեղեցու խորհրդի անդամ: Խորհրդի նախագահի հիվանդանալուց հետո, երկու տարի` 1974-1975թթ. տնօրինել եմ խորհրդի աշխատանքները: Այդ տարիներին եկեղեցու պատերը մաքրվեցին խունացած գաջաշերտերից, սալահատակվեց, սպիտակ մարմարով վերանորոգվեց մկրտության ավազանը, ջեռուցում անցկացվեց, երգչախմբի համար կառուցվեց վերնահարկ, քանդվեցին գավթի փայտե շինությունները, սալահատակվեց բակը:
1975թ. կազմվեց հավատացյալների մի խումբ: Սկսեցինք պարբերաբար ուխտագնացության մեկնել Հայաստանի սրբատեղիները: Մի օր էլ եղանք Նախիջեւանի Նշավան գյուղի մոտ գտնվող Քամու խաչ եկեղեցում: Վերադարձին ուխտավորներից Թագուհի Չիլյանի խնդրանքով մտանք Վայքի շրջանի Մարտիրոս գյուղը: Գիշեր էր, մոմերի լույսերով մտանք գյուղի ավերակված եկեղեցին: Թագուհին որոշեց վերականգնել եկեղեցին եւ խնդրեց` օգտագործել ծանոթությունս եւ թույլտվության համար դիմել Հուշարձանների պահպանության վարչության վերանորոգման-պահպանման բաժնի վարիչ Ս. Սաղումյանին: Պարզվեց, որ Մարտիրոս գյուղի տարածքը հոսող է եղել, այդ պատճառով էլ գյուղը տեղափոխել են, հետեւաբար անհրաժեշտ է տեսնել եկեղեցին եւ լրացուցիչ ուսումնասիրել տեղանքը: Նրա հանձնարարությունները, կարծեմ թե, կատարեցին գիտարվեստանոցի աշխատակիցները` գործին գիտակ վարպետ Պետրոսի գլխավորությամբ: Ու մի օր էլ Սաղումյանի կարգադրությամբ ինձ կանչեց գիտաարտ.. արվեստանոցի դիրեկտոր Ալիկ Անանյանը եւ ասաց` ՚Գորիս գնացող մեքենա կա, ահա քեզ 2 խմ. տախտակ, 2 խմ. գերան, 2 տոննա ցեմենտ, շտապ բարձիր, գնա ու սկսիր եկեղեցու վերականգնման աշխատանքըՙ:
Եկեղեցին վերականգնվեց 3 տարում, ԱՄՆ մշտական մեկնած Թագուհի Չիլյանի, իր ընկերուհիների ու տասնյակ նվիրյալների` Նվեր Համբարձումյանի, Կարապետ Գյուրջյանի, ֆրունզե Մայիլյանի, երկու Մայիսների, Հունանի, Սիլվայի, Ժաննայի, Միշիկի, Թամարի, Վարդանի, Գեղեցիկի, Անուշի, Երվանդի, Ազատի, Արեւի, իմ տղա Վարդանի, Լիչանի, Անիկի, Հայկանուշի, Հասմիկի, Լենայի, Շաքարի, Սուրենի, Գարեգինի, Մարտիրոսի, Հարութի, Նշանի, Լուսիկի, երեք Հակոբների, Հենդոյի, Լեւոնի եւ այլոց աջակցությամբ: Մեկը նվիրում բերում էր թոշակի մասով, շինարարի իր մասնագիտությամբ, բանվորական ուժով, անձնական մեքենայով, մյուսը եկեղեցին կահավորելով, սրբապատկերներ պատերին հյուսելով, խաչքարերը մայր տեղում, սուրբ խաչը գմբեթին ամրակապելով:
Եկեղեցին հիմնականում կառուցելուց, խաչերը կանգնեցնելուց հետո իմ խմբով հեռացա Մարտիրոս գյուղից` շարունակելու խաչքարերի փրկության, եկեղեցիների խաչերի վերատեղադրման գործը, հատկապես թվարկված եկեղեցիների`
– Ժնջռլուի ս. Կարապետի,
– Մարմաշենի մեծ եւ ս. Գրիգոր եկեղեցիների,
– Գլաձորի, Գոշավանքի մեծ եւ ս. Գեւորգ եկեղեցիների,
– Գնդեվանքի եկեղեցու,
– Մաքենիսի եկեղեցու,
– Իջեւանի Ծռվիզ եկեղեցու,
– Բյուրականի ձորի Արտավազդիկի,
– Համբերդի եկեղեցու,
– Հաղարծինի ս. Ստեփանոսի, ս. Աստվածածնի,
– Կեչառիսի ս. Հարության, ս. Նշանի, ս. Գրիգոր Լուսավորչի,
– Մաստարայի ս. Հովհաննեսի,
– Գառնահովիտ գյուղի մատուռի,
– Բջնի գյուղի ս. Կարապետի,
– Ալափարս գյուղի Շուշանիկ կույսի մատուռի,
– Ալայազի ս. Կարապետի եւ Զորացի,
– Ամարասի եկեղեցու,
– Ախալքալաքի Գանձա գյուղի եկեղեցու եւ զանգակատան,
– Երանոս գյուղի եկեղեցու,
– Փարաքարի ս. Հարության եւ ս. Աստվածածնի,
– Գառնիի ս. Քրիստափորի, ս. Աստվածածնի,
– Կոտայքի շրջանի ս. Հովհաննեսի եւ Կապուտան եւ Զառ գյուղերի եկեղեցիների,
– Վերնաշենի ս. Հակոբի,
– Սպիտակավոր ս. Աստվածածնի,
– Ազատան գյուղի երկու եկեղեցիների,
– Ստեփանավանի եւ շրջանի Կռիվոյ գյուղի եկեղեցիների
– Գյուլագարակ գյուղի եկեղեցու,
– Հաղպատի ս. Նշանի,
– Ղափանի Բղենի Նորավանքի,
– Առինջի ս. Հովհաննեսի,
– Արտաշատի շրջանի Դալար գյուղի ս. Աստվածածնի, Բուրաստան գյուղի ս. Հակոբի,
– Թալինի շրջանի Զարնջա գյուղի եկեղեցու,
– Ախտայի Մաքրավանք գյուղի եկեղեցու
– Հոկտեմբերյանի ս. Խաչի արեւելյան թաղիքի, Բամբակաշատ գյուղի եկեղեցու,
– Ալավերդու Այգեհովիտի ձորի ս. Գողգոթայի,
– Տավուշի Վարագավանքի եւ Խորանակերտի եկեղեցիների,
– Արթիկի Լմբատավանքի եկեղեցու,
– Երեւանի Կաթողիկեի եւ ս. Հովաննեսի,
– Աշտարակի ս. Սարգիսի,
– Օհանավանքի եկեղեցու,
– Վայքի շրջանի Մարտիրոս գյուղի եկեղեցու,
– Քանաքեռի ս. Աստվածածնի,
– Արտաշավան գյուղի ձորամիջի եկեղեցու:
Շուրջ 60 եկեղեցիների:
Աստվածահաճո այս գործերի համար արժանցել եմ գովաբանությունների/Հուշ. պահ. վարչության/, օրհնությունների/Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի/, շնորհակալագրերի/Մատենադարանի տնօրենության/:
Ես իմ համեստ կենսագրությունը վերընթերցեցի հայրենիքի նոր սերնդի համար որպես պատվիրան` սիրել, պահպանել Մայր հողի վրա ստեղծված սրբությունները սերունդների համար: Ես իմ դավանանքը, իմ կյանքի, ապրելուս նպատակը փորձեցի հայրենակիցներիս ներկայացնել…