ՅՈՒՇԱՏԵՏՐԻՍ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Արտաշես Սոլախյան, ԲԱՆՏԱՅԻՆ ՀՈՒՇԵՐ (Վանի կենտ. բանտի զնդան 1914թ. նոյ. 14-ից 1915թ. փետ. 25…), Եր., ՙԶանգակ 97՚, 2002, 136:
Գրախոսականի փոխարեն
ՅՈՒՇԱՏԵՏՐԻՍ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ
Զնդանիս խաւարին կապանքներէն թռիր դէպի ազատութիւն…
Տառապանքիս, յոյզերուս եւ յոյսերուս միակ ապաւէն` Դուք, անմահ յուշատետր: Այսօր ձեր ազատութեան օրն է: Դուք կ’երթաք դէպի ազատութիւն, իսկ ես կը մնամ զնդանիս տանջարանին մէջ:
Երանի ձեզ, որ դուք կ’երթաք` կը խօսիք իմ սիրելիներուս, մանաւանդ անոր, որու հոգին զիս կ’ապրեցնէ այս նեղլիկ ճգնարանին մէջ:
Երանի ձեզ, որ դուք կը նայիք անոր հզօր հոգուն, որ ընկճուել, վհատուել չգիտէ: Գիտակ է իր գործին եւ իր շրջապատին:
Դուք ինձմէ երջանիկ էք, գնացէք ազատութեան մէջ, պատմէք աշխարհին թուրքական զնդանի տառապանքները:
Արտաշես Սոլախյանը ծնվել է 1884թ. Վանում: Ճանաչված է մանկավարժ, խմբագիր, նկարիչ, թատերգու ու դերասան, երաժիշտ ու երգիչ, քաղաքական-կուսակցական /Հնչակյան/ գործիչ, մտավոր միջավայրին ծանոթ, լուսավորությունը եւ զարգացումը բազմազգ երկրում ժողովուրդների համատեղ կեցության եւ գոյության միջոց նկատող մտավորական:
Բանտարկվում է իր կուսակից 4 ընկերների` Աբրահամ Բրուտյանի, Տիգրան Օտյանի (Ասո), Կարապետ Դանթեյանի եւ Հայկակ Էրեմիշյանի հետ միասին, օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին (14 նոյեմբեր 1914 թվականին արձանագրել է հուշատետրում` ՙՄօտ երեք ամիս է, եւ առաջին օրէն կը սպասենք, թէ յաջորդ օրը կամ նոր շաբթուն հնա՞ր է ազատել ընկերները: Այսօր ընկած ենք այս անորոշութեան եւ սպասման անձկութեան մէջ՚ ), եւ այս անորոշության եւ անձուկ վիճակի մեջ նրանք գտնվել են մինչեւ 1915թ. ապրիլի 16-ը, երբ հասցնում է բանտի ներսում, ինչ որ տախտակի վրա մատիտով թողնել իր վերջին արձանագրությունը` ՙՄեզ տարան, դէպի ուր , անյայտ: Յոյսերնիդ կտրեցէք: Մնաք բարով, Արտաշէս, 16 ապրիլ…՚: Վանի հաղթական ինքնապաշտպանները նրանց հոշոտված մարմինների մնացորդները գտնում են բանտամեջ մի փոսում եւ հանդիսավոր հողին հանձնում եղբայրական գերեզմանում…