ԱՉՔԵՐՍ ԴէՊԻ ԼԵՌՆԵՐԸ ՎԵՐՑՆԵ

ԷՔՆՈՍ/Ալեքսանդր Էքնոսեան/
ԱՉՔԵՐՍ ԴէՊԻ ԼԵՌՆԵՐԸ ՎԵՐՑՆԵՄ (էսսե)
Հայրիկ: Իրավամբ` Հայոց Հայրիկ… մեծ Հայրիկ:
Ժառանգելով Խրիմեան Հայրիկին… Եւ՝ ժողովրդական բանին ու բառին, նաեւ այն ձայնային, մեղեդային քնարին… բանահավաքչական, պատմաաշխարհագրական ժառանգական ժառանգությանը, կրելով ազգագրական էթնոերգեցողության Ակի, Ակունքի, Բնօրրանի, Էրկրի, Էրկրի Մարդու ներկայությունն այս ՙպզտիկ՚ Երկրում, որպես հմուտ սերմնացան, կարողացավ իր բոլորանվեր Հայրական օրհնության շնորհիվ հավաքել հարյուրավոր հայորդիներ, այդ թվում, մեզ՝ Հայրիկի ժառանգներիս, որպես ապագա՝ նորոգ Նոր Ուխտի սերմնացաններ. այս Սուրբ, վաղնջական Լեռան եւ լեռների շուրջ:
Եւ լեռներեն վեր,
եւ լեռներեն վեր,
լեռնապար լեռներ
եւ լեռներ հրե…
եղջրափող եղեգ,
եղեգնեա
եւ հին,
եւ արեւափող ծիրանի ձայներ…
Ժամանակի, տարածության նախընտրելին, նախապատմական ինքնատիպ երեւմամբ հայտնություն դարձավ բանն արարող Է-ի՝ ՄԱՐԴՈՒ մեղեդային, գունային կտավներում:
Լեռների պես վեհ եւ երկնածիր, լեռնային աղբյուրների պես բազմաձայն, նվագախմբային նվագարան… երգեհոնային հարուստ հնչերանգ, ելեւէջ, սրինգ, երգերգոց… երաժշտական, ձայնային, երգեցիկ հայրեն… Ինքնամփոփ, ինքնախոհ, լայն ու ընդարձակ հնչեղության խորհրդապատկեր… նրբաշար նրբերիզներով հյուսված երգեցողություն… մեղմարար քնարական քերթվածք… արեւեհեր, արեւաբառ գունային մտածողության վրձնահարվածներով շաղախված նշխարներ…
Երկիր ձգող, ծավալային, տարածական գունախաղ՝ կերպավորված մեր ԱՐԵԱՆ, մեր հիշողության կտավաշարին…
Վաղնջական, ֆոլկլոր-նախշազարդ հնարքներով եւ զուսպ հայտնությամբ, ԲՅՈՒՐԱԿՆ – ՎԱՆԱ սկզբնաղբյուրից բխող, սկիզբ առնող էթնիկ երգեցողության բնաշխարհ… Բնաշխարհիկ, բանաստեղծական ասք… Ասք-պատումների ակունքից լեռներ բարձրացող երգ:
Լեռներից լեռների երգն է տարածվում անսահմանության խորհրդի լույսի լսարան… Լեռներին ծվարած հրեշտակները, Վերնատան լուսանցքներին վերեւ-ներքեւ են անում՝ կատարյալին մոտենալու, մասնակցելու հնչյունային ստեղնաշարից արթնացող ձայնի, ձայնային արարման, արարչագործական ընկալման գործողություններին:
Եկեղեցիների գավիթներում եւ խորաններում ճերմակ աղավնիք ծնրադիր լույսին աղոթում են եւ, լույսի ուղեկցությամբ, որպես օրհնություն, ձայնային, մեղեդային հնչերանգ, ծավալվում, իջնում են հողին…
Բարի լուսո աստղն երեւաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր Լուս-Աղոթրան,
Սարվագ լծեմ, երթամ գութան…
Ծաղկում է լույսը, ծաղկում է հողը, ծաղկում է ծառը….
Լույս, լույս արարե, լույս արեգական…
Լույսի մեղեդային մտորումները մոտենում են կատարման եւ ընկալման հնչերանգների կատարելության:
Լեռներից լեռներ սլացող արծիվների պար… ճախրող, թեւածող ձայներ… Մարդու ձայնային ստեղներից բխող, վերեւ նետվող լույսի ծնծղաների երգ…
Ի ննջմանեդ արքայական,
Զարթի’ր, նազելիդ իմ, զարթի’ր,
Էհաս նըշույլ արեգական,
Զարթի’ր, նազելիդ իմ, զարթի’ր…
Ծագող, արթնացող հրայրք, զանգերի ծափ, հրացոլք ծիծաղ…Արեւ ծնծղա… անձրեւ մեղեդի… Անձրեւից հետո, հրացող գույներ… գույների շղարշ…
Մարդ-բնություն… առեղծվածային լույս… լույսի մեղեդի: Ավետիս: Ավետիս, որ մասնակից է գեղեցիկի, ըմբռնելիի ընկալման երանելիների ընթրիքին…
Հաղորդություն՝ լույսի, լուսեղեն հնչեղության, ձայնի, ձայնային մեկնությունների, արտահայտչամիջոցների արտահայտման եղանակների ձայն-մեղեդու հետ: Ձայն, որ արտաբերվում է վերին շերտերում վերամարմնավորվող բնության ձայնաշնորհ գանձերի ժառանգական Արյան լույսի լսարանում:
Ավանդական, մեղեդային գունաշխարհ: Գունային, խորհրդանշական շողարձակումներ, համեմատելի՝ կոմիտասյան-ժողովրդական քնարին…
Որդան կարմիրի եւ Ծիրանիի նրբերանգների ծավալային մտածողության գունային մեղեդի… Սահմանելիի սահմանման, ընկալման դաշտ… Երգ-մեղեդի, երգեցողության դրամատիկ խոսելաձեւ, խաղ… երաժշտական հնչյունաշար-հնչյունների, ձայնի անցումային կամրջակներ:
Խոսք, երաժշտություն, բառ-ասելիք կապվում, դառնում են մեկ հոգեւոր պայման, ծիսակարգ, կերպարային բնույթ-բնավորություն, միջավայր…
Նորահրաշ պսակավոր…
Երգին բնորոշ բնախաղ… Երգեցիկ, լեռնանիստ երգեհոն: Հրեշտակային, մինչեւ արեւ ծիածանվող Ծիրկաթին տանող եղջրափող մեղեդի…երկնափող, եղեգնյա ձայներ…
Օվսաննա, փառք ի բարձրունս… ՙԲոլոր Երկիրը Տիրոջ խոսքով պիտի լցուի՚: (Թուաց Ժ. Դ.21):
Լույսին մոտենալու, մերձենալու արեւաշար արահետ: Արեւից հունցված երաժշտական, ձայնային, երգեցիկ հնչյունաշար պատկերներ…
Ձայն: Ձայնի ձայնախաղ… Լույսի, մեղեդու լուսանցք… ձայնային մտորումների միջանցիկ հնչյունային վրձնախաղ…
Դադար…միջանցք, որտեղից տեսանելի է բոլոր ժամանակների լույսի ներկայությունն արարող Անսահմանելին…
Լույսերի մեջ՝ լույս… Լույս, լույս ծնծղա…
Եւ Ար-Արքայի, արքայածիր ծիրանիի, լույսի արթնացման օրհներգն է լսվում…
Թագավոր ինչ բերեմ քեզ նման,
Քո կանաչ արեւու նման…
Էն Արեգական, որ կը ծագեր,
Ծաղկեր քո արեւու նման…
Երաժշտական, մանրանկարչական մանրապատումների, գունային, երգեցիկ խաղերից հյուսված փոքրիկ փայլատակումների ներդաշնակ մեղեդային գունաշխարհ:
Էությամբ Է-ի խոհական ընդգրկումների կտավաշար: Մարդու, էրկրի, լեռների մեջ ապրող, շարունակվող մեղեդու ժառանգական նրբերանգներ… Էթնոգեն ժառանգություն: Ձայնային խաղերի, շարական-խազագրերի երաժշտական պատկերներ… Անսահմանելիի սահմանման հավերժական խորհուրդ: Մարդու, նրա նախնական հիշողության վերարարման առեղծվածային, նախապատմական բնույթ:
Լույսի, մեղեդու միջոցով Մարդը հաղորդվում է իր մեջ բնակվող, արարող բնության, ոչ միայն ԲԱՆ ստեղծող ձայնային ստեղծագործական երեւույթներին, այլ քնարական պատկերների, երգեցիկ խոսելաձեւի մեկնություններով խնկարկում, բարձրացնում է Բարձրյալին, որտեղից պիտի արթնանա սպասված փրկության, նախասահմանված Լույսի ձայնն արարչական…
Մի ՙանհայտ՚, խորհրդապաշտական, երգեցիկ զրույց, ծրագրված ժամանակի եւ տարածության պայմանական կտավներում…
Համաձայն հիշողության պայմանականության, մարդը ձգտում է կատարելության կատարեալին…
Եւ հայացքն ուղղելով, խոստովանում է.
ՙԱչքերս դէպի լեռները վերցնեմ, ուրկէ օգնութիւնս պիտի գայ…՚: (Սաղ. Ճ.Ի.Ա.1):