ՙԳրական սրճարան՚-ի հյուրն է Գրիգոր Բաղդասարյանը
ԵՐԳԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Օրերի հեւքը ստեղծագործողի ժամանակի մեջ դառնում է ասելիք, անակնկալ կանչ ու հրավեր՝ վաղվա օրվա ուրախության խոսքի անմիջականություն, գույնի ջերմություն ու ռիթմ, հոգու մեջ հնչող մշտարթուն երաժշտություն:
Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի ՙԳրական սրճարան՚ում, որ արդեն մեկ տարի գործում է, հյուրընկալվում են առօրյայից գեղեցիկը առանձնացրած մեզ շրջապատող մարդիկ: Այս անգամ սրճարանի հյուրն էր Կամերային թատրոնի դերասան Գրիգոր Բաղդասարյանը: Նա առաջին անգամ էր, որ հանդես եկավ հեղինակային երգերի՝ ՙՔո հայացքից՚, ՙՀավատում եմ ես՚, ՙԵրգի թագավորություն՚… կատարումով եւ հուզեց բոլոր ներկաներին:
Ես հանդիպումի ավարտին խնդրեցի նրան պատասխանել միայն մեկ հարցի.
– Գրիգոր, քեզ մեր սրճարան-դահլիճում լսեցին մտերմիկ ուշադրությամբ, ի՞նչ խոհեր ունես կիսելու մեզ հետ:
– Երգը պատահական երեւույթ չէ, երգը ամենքինն է, իր բնույթով է այդպես: Ու եթե ծնվել է, արժանի է հնչելու: Ճիշտ է, ստեղծագործության արվեստի մեջ կան հուզականության եւ կատարողականության չափանիշեր, բայց իր ժամանակի ծնունդ հեղինակային երգը անպայման, թեկուզ նեղ միջավայրում, պիտի արժանանա ունկնդրության: Հայերս ավանդական շատ երգեր ունենք՝ հայրենասիրական, ռազմի, սիրո, տխրության եւ ուրախության, որոնք անցած եւ ապրած ժամանակների պարտադրված գաղափարների ազդեցության ներքո հեռացան մեզանից, եւ շատ բան փոխվեց մեր զգացողության եւ հոգեբանության մեջ: Հետեւաբար, հայոց լեզուն դժվար է հնչում ժամանակակից ռիթմերով: Պետք է դրա բանալին գտնել: Օրինակ ռուսները, երբ նոր-նոր փորձում էին ռոք ոճով երգել, ծիծաղելի էր հնչում: Բայց նրանք ռոքի պատյանի մեջ կարողացան տեղավորել իրենցը եւ ռոքը հնչեցնել որպես ռուսական մտածողության, ռուսական հոգու երգ:
Մեր մշակույթը, իհարկե, պատմական նվաճումներ ունի: Օրինակ, երգարվեստում լավը վերցրել ենք, կատարելագործել մեր արտահայտչամիջոցներով: Ծնել ենք Կոմիտաս եւ աշխարհի համար ստեղծել Արամ Խաչատրյանի ու Առնո Բաբաջանյանի երաժշտությունը:
Հեղինակային երգը, ըստ իս, փորձում է հնչեցնել մեր ժամանակի ռիթմերը եւ ձգտել դեպի նորը: Մենք այսօր պիտի կարողանանք մեր երիտասարդության հոգեկան բարձր տրամադրության համահունչ ռիթմեր գտնել: Իմ երգերում վալսի նոտաներ են հնչում: Աշխույժ ու խանդավառ այդ բարձրակետը ժամանակն է թելադրում:
Ամենքս էլ տեսնում ու ապրում ենք աշնանային եղանակի միապաղաղությունը, բայց նրա եզրին պոռթկուն լավատեսությունն է, որը մեր ներկա կյանքից մի քայլ առաջ է՝ մեր վաղվա օրը: Այդպես ծնվում է մեր հավատը:
Մեր կյանքը արագության մեջ է: Սլանում ենք այնտեղ, որտեղ միշտ գարուն է, ու կա տրամադրություն՝ երգի թագավորություն:
Մեր առօրյա շրջապատում ռաբիս ձայներիզը պահի տակ փոխարինվում է ռուսական երգով կամ օտար ռիթմերով: Պատրաստ ենք ընկալել թե’ մեկը, թե’ մյուսը:
Եթե հայերեն հնչեն երգերը, մենք առաջ կգնանք: