ՏՈՀՄԱԳԻՐՔ

Ձեռագիր վիճակում է, սպասում է հայրենակցի մեկենասությամբ հրատարակվելու: Հայրենակից Բաբկեն Ղուկասյանը տարիների տքնաջան աշխատանքով կազմել է իր՝ Ղուկասյանների ՙՏոհմագիրք՚-ը՝ ի բարի հիշատակ եւ խորին հարգանք նախնիների:
Մշո երկրի Վարդո գյուղից 1730-ից իր պատմությունն սկսող ընտանիքի 9 սերունդ Է ներկայացված իր բազմաճյուղ կազմով՝ հեղինակին անկեղծ հպարտություն պարգեւող հայաշունչ անուններով՝ Ղուկաս, Համբարձում, Պետրոս, Հովհաննես, Մկրտիչ, Բարսեղ, Հարություն, Ավետիս, Գրիգոր, Խնկո, Ղազարոս, Գեւորգ, Միսաք, Սեդրակ, Ներսես, Տիգրան, Արտաշես, Արտավազդ, Գուրգեն, Դավիթ, Լեւոն, Համազասպ եւ վերջապես Բաբկեն, որոնք մեկիկ մեկիկ մեկնաբանվել են, 1850-ականներից առաջացած տրոհումները՝ պատմական պատճառաբանություններով, ընտանիքները՝ բարոյական, կամային, կրթական արժեքներով, կենցաղային ավանդույթներով եւ տոհմածառերով՝ այս բոլորը համեմելով հայրենակից ընթերցողին գեղեցիկ հուզմունք պատճառող, բնօրրան աշխարհի մասին հիշողություններ ստեղծող պատմություններով:
Տոհմագիր Բաբկեն Ղուկասյանը բարեխիղճ ստեծագործող է, երբ իր կատարածի հավաստիության վերաբերյալ արձանագրում Է՝ ՙԵս` Բաբկեն (Սուրեն) Սեդրակի Ղուկասյանս, ըստ այստեղ թվագրած սերնդահերթի, հանդիսանում եմ 7-րդ սերնդի ներկայացուցիչ: Հասկանալի է, որ 5-րդ սերնդի անդամները 7-րդ սերնդի պապերն են:
Ես չեմ տեսել իմ պապերից ոչ մեկին, նրանք բոլորը մահացել են իմ ծնվելուց առաջ: Նրանց մասին ես տեղեկություններ եմ ստացել 6-րդ սերունդի ներկայացուցիչներից, այսինքն՝ անմիջական իմ (մեր) ծնողներից, բայց դրանք միշտ եղել են ոչ լիարժեք եւ կրել են էպիզոդիկ բնույթ: Միայն որոշակի եւ հիմնավոր տեղեկություններ ես ստացել եմ Խնկո հոպարի պատմածներից, որոշ տպավորություններ լրացրել է Տոնո հայրիկը՚:
Բերենք հիշողությունը վերստեղծող պատմություններից միայն մեկը.
Անի Ավետիսյան – Խմբ.

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԽՆԿՈ ՀՈՊԱՐԻ ՀԵՏ
՞Այնպես հարգիր քո ծնողներին, ինչպես կուզեիր որ հարգեն քեզ որդիները քո…՚՛ -Սոկրատ
Խնկո հոպարը՝ Մկրտիչ Պետրոսի Ղուկասյանի (Մկրտիչ աղայի) մեծ որդին էր: Ծնվել էր 1877 թվին, Մուշի Վարդո գյուղում իր տոհմական տանը: Հորեղբայրների՝ Հարությունի եւ Ավետիսի հետ 1880-ականներին տեղափոխվել էր Էրզրում եւ ապրել այնտեղ մինչեւ 1900 թ: Նա հաճախ էր այցելել Վարդո գյուղ իրենց տոհմական տուն, որովհետեւ հայրը՝ Մկրտիչ աղան եւ հորեղբայրը՝ Տեր Բարսեղը, համարյա միշտ ապրում էին Վարդո գյուղում, մեկը որպես հողատեր աղա, մյուսը՝ գյուղի քահանա: Այդ պատճառով նա լավ հիշում էր իրենց տան կառուցվածքը, տան դիրքը, բակում եղած մատուռը եւ այլ մանրամասներ:
Ես նրան հիշում եմ որպես մեծ հորեղբայր, նրա հետ աշխատել եմ շատ ու շատ անգամ, լսել նրա պատմությունները իր նախնիների, իրենց գյուղի ու հողատարածքների մասին: Մի արծվային հայացք ուներ այդ մարդը, խոհուն, կնճռոտ ճակատ, սեւ ու վշտոտ աչքեր: Խիստ արտահայտված հպարտություն ուներ, բռնությունից զզվանքով երես թեքած մարդու զայրույթով լցված սիրտ: Բայց միաժամանակ բարի ու համբերատար էր: Անմոռանալի էր նրա հայացքը, որը ում ուղղում էր, կարծես, ստիպում էր ենթարկվել, լսել, ազնիվ եւ ճիշտ խոսել: Նա իր հողից էր բերել տղամարդկայնությունը, անվախ էր եւ պատրաստ անձնազոհ պայքարի: Այս բոլորի հետ չափազանց արդարամիտ էր եւ հավատացող…
Խնկո հոպարը, ինչպես եւ նրա մյուս հորեղբորորդիները քարտաշ որմնադիրներ էին: Ես նրանց հետ աշխատել եմ սկսած 1940թ. մինչեւ 1951 թ…. Խնկո հոպարի հետª մինչեւ 1949 թ.(Նա այդ թվականին մահացավ): Լավ ճանաչել եւ հասկացել եմ նրան, լսել նրա պատմությունները՝ Բինգյոլի, Վարդոյի, Էրզրումի, Իլիջա գյուղի, Կարսի եւ այլ վայրերի եւ դեպքերի մասին: Պատմությունները լսել եմ, երբ աշխատում էինք տանից հեռու, Երեւանից դուրս՝ Մարմարաշեն գյուղում, Օշականում, Ամբերդում, Ավանում, Սոլակում աշխատելիս, որտեղ աշխատանքից հետո, երեկոները որեւէ անելիք չկար, եւ աշխատանքային խմբի բոլոր անդամները (հորեղբայրս եւ այլ վարպետներ) պատմում էին տարբեր հիշողություններ եւ, իհարկե. դրամատիկն ու ողբերգականը գերակշռող…
Հիշեմ մի կարեւոր ու հետաքրքիր դեպք: 1945 թ. ամռանը գնացել էինք Աշտարակի շրջանի Ավան գյուղում աշխատելու: Խմբի մեջ էին՝ Խնկո, Արամ, Ներսես հոպարները, Հայրիկս՝ Սեդրակը, Երմոնիա հորաքրոջս (Խնկո հոպարի քրոջ) ամուսինը՝ Անտոնյան Միսաքը, Ծովինար հորաքրոջս (Խնկոյի մյուս քույրը) տղան՝ Սմբատը, որը նոր էր վերադարձել բանակից եւ վարպետներ՝ ուստա Պետրոսը եւ ուստա Գարեգինը: Գյուղում պետք է կառուցեինք նոր դպրոց: Մեզ տեղավորեցին հին դպրոցի մի դասասենյակում: Մենք կենում էինք 9 հոգով միասին, փայտե հատակի վրա մեզ հետ բերած տեղաշորերի մեջ քնելով: Ավան գյուղի ժողովուրդը գաղթել էր Մուշի կողմերից, Վարդո գավառից: Ավան հասնելու հաջորդ օրը մեզ ծանոթացրին դպրոցի տեղի, նախագծի, որից հետո, երեկոյան աշխատանքային խմբի բոլոր անդամները դասասենյակում հավաքված զրուցում էին, երբ ներս մտավ պատկառելի արտաքինով, սպիտակ մազերով, արեւից խանձված դեմքով, խոշոր եւ մեղրագույն աչքերով, ամուր կազմվածքով, 85 տարեկանի մոտ մի ծերունի: Բարեւեց եւ հարցրեց՝ ՙԻմացա, որ մեր վարպետները մշեցիներ են, ես էլ մշեցի եմ, կուզեմ իմանալ Մշո ո՞ր գավառից, ո՞ր շրջանից, ո՞ր գյուղից եք…՚: Մարդը իր հասարակ գյուղական հագուստի տակ ուներ կապած շալե գոտի, որտեղ պահած ուներ կաշվից կարված ամանի մեջ թութուն եւ կայծքար՝ ծխախոտը վառելու համար: Բացի դրանից իր ծոցագրպանում, դա հետո պարզվեց, ուներ մի գործիք՝ նվագելու: Երաժշտական գործիքը շագանակագույն փայտից պատրաստված սնամեջ գլանակ էր, որն ուներ 3 սմ. տրամագիծ եւ մոտ 35 սմ երկարությունª կողային մատնատակի անցքերով: Այդ գործիքը նա նվագում էր շրթների եզրին դեպի աջ թեքված դանդաղ ու նրբաձեւ փչելու միջոցով: Արտաբերում էր բութ, կոկորդային, բայց հաճելի ձայն, որը նման չէր շվիի, զուռնայի արտաբերած ձայներին:
Մերոնք հրավիրեցին ծերունուն նստելու եւ հարցրին անունը: Անունը Տոնական էր, բայց գյուղում Տոնո հայրիկ էին ասում: Հետո իմացանք, որ գյուղում բոլորը իր բարեկամներն ու ազգականներն են: Տոնո հայրիկի հարցին, թե մենք Մշո ո՞ր գյուղից ենք, Արամ հոպարը պատասխանեց՝ ՙՄուշի մասին հարցրու այ էս մարդուն, – ցույց տալով Խնկո ապորը, – Մենք Մուշում չենք ապրել, նա է ապրել, նա լավ գիտե՚: Երբ Տոնո հայրիկը դարձավ դեպի Խնկո հոպարի կող-մը, Խնկո հոպարը հարցին հարցով պատասխանեց. ՙԼավ կեղնի,որ դու ըսես, թե դո՞ւ որտեղացի էս, ու՞րտեղ էս ապրել՚: Այսպիսով սկզբնական խոսակցությունը գնաց Խնկո հոպարի եւ Տոնո հայրիկի միջեւ: Տոնո հայրիկն ասաց, որ ապրել է Բինգյոլի Վարդո գյուղում, ծնվել է այնտեղ եւ այնտեղից էլ գաղթել է 1915 թ.: Մերոնք, երբ լսեցին Վարդո անունը, սրեցին իրենց լսողությունը, բայց չխառնվեցին խոսակցությանը, որովհետեւ երբ Խնկո հոպարն էր խոսում, բոլորը լռում էին: Այդ վարմունքը հարգանքի նշան էր:
-Դե ըսե տեսնինք, ի՞նչ կենեիր Վարդո գյուղում, ո՞ւմ կճանչես էնտեղից, – հարցրեց Խնկո հոպարը:
-Ես համարյա 30 տարի ծառայել եմ Բդե աղայի տանը, եղել եմ նրա տան ղլաուզը (կառավարիչ) եւ լավ կճանչեմ էնոր գերդաստանը, – պատասխանեց Տոնո հայրիկը:
– Ու՞մ կճանչես, ըսե տեսնինք, – նորից հարցրեց Խնկո հոպարը:
-Բդե աղայի ախպերներին: Պողոսին ու Հովհաննեսին չեմ ճանչե, փոքր եմ էղած, երբ էնոնք գնացել են Վարդոյից, լավ կճանչեմ էնոնց տղոցը՝ Մկրտչին, Բարսեղին, Հարությունին, Ավետիսին: Մկրտիչը հոր տեղը բռնեց,Բարսեղը գնաց Մշո Առաքելոց վանք՝ սովորելու, դարձավ գյուղի տերտերը: Հարությունը եւ Ավետիսը ջահել տղա էին, 18-20 տարեկան, գնացին Էրզրում տուն ու տեղ դրին…
Պատասխանը ապշեցրեց բոլորին, որովհետեւ ճիշտ էր: Հետեւեց Խնկո հոպարի հաջորդ հարցը՝
– Եթե դու հիմի տեսնիս Մկրտչին, իր ախպերներին կրնա՞ս ճանչե…
– Անպայման, մենք մի հասակի էինք: Հետո խորհրդավոր լռեց, մի 5-10 վայրկյանի չափ ուշադիր նայեց բոլորին ու, շրջվելով դեպի Ներսես հոպարը, ասաց.
-Դու շատ ես նման Ավետիսին, կերեւա, էնոր տղան էս: (Իմիջայլոց, ես շատ էի լսել, որ իմ Ներսես հոպարը շատ է նման իմ պապ Ավետիսին): Հետո դարձավ դեպի Խնկո հոպարը ու առանց վարանելու ասաց.
– Դու Մկրտիչի տղա Խնկոն ես…
Առաջացավ մի ընդհանուր ծիծաղ: Ճանաչողական անսպասելի այս իրավիճակը բոլորի մոտ ուրախություն առաջացրեց, որը ժխոր էր հիշեցնում:Բոլորս նկատեցինք, ինչպես Տոնո հայրիկի խոշոր աչքերից երկու կաթիլ արցունք հոսեց խանձված այտերի վրայով: Վեր կացավ, մոտեցավ ամեն մեկին եւ հարցրեց անունը, տվեց իրեն հետաքրքրող բազում հարցեր…
Հետաքրքրվեց Տեր Բարսեղի եւ Հարությունի որդիներով: Առաջին անգամ լսեց, որ Տեր Բարսեղից արու զավակ չի մնացել:
Տոնո հայրիկը հանգստացավ, նստեց հատակին փռված կարպետին, մեջքը հենեց Խնկո հոպարի տեղաշորի ծալքին, հանեց նվագարանը, նվագեց մի շատ տխուր մեղեդի եւ բոլորին ապշեցրեց, մեղեդին մեջ ընդ մեջ համեմելով քրդերեն երգերով, որ նա կատարում էր վարպետությամբ: Թվում էր՝ դրախտում էի:
Տոնո հայրիկի մեղեդիների տակ քնել էի: Չգիտեմ որքան ժամանակ էր անցել: Եւ երբ Սմբատը ինձ արթնացրեց, Տոնո հայրիկը արդեն չկար, եւ բոլորը պատրաստվում էին քնելու…՚:
Տոհմագիր մշեցի Բաբկեն Ղուկասյանը, գործի բնույթին հատուկ նյութերը հյուսելով եւ հասնելով ավարտին, պատասխանում է կարեւոր մի հարցի, որին պատրաստ պիտի լինի պատասխանել հիշողությունը չկորցրած հայը, որտեղ էլ գտնվի՝
ՈՐՏԵՂԱՑԻ՞ ԵՍ…
ՙՕրինապես առաջացած այս հարցը ես դրել եմ Խնկո հոպարի եւ Ներսես հոպարի առաջ՝ առանձին առանձին ու տարբեր ժամանակներում: Եւ ստացել եմ միեւնույն պատասխանը՝
-Երբ մենք Մուշից գաղթեցինք Էրզրում, էրզրումցիք բոլորը մեզի մշեցի կըսեին…
-Երբ Էրզրումից գաղթեցինք Կարս, կարսեցիք բոլորը մեզի էրզրումցի կըսեին…
-Երբ Կարսից գաղթեցինք Կրասնոդար, կրասնոդարցիք բոլորը մեզի կարսեցի կըսեին…
–Երբ Կրասնոդարից եկանք Երեւան, երեւանցիք բոլորը մեզի կրասնոդարցի կսեն…
-Սրանից հետո ու՞ր պիտի գաղթենք՝ չգիտեմ, դեռ երեւանցի ենք:
Բայց Ղուկասյան տոհմը, այնուամենայնիվ մշեցիներ են: Ես այդպես եմ հաստատում՚:
Ահա ճշգրիտ պատասխանը Բաբկեն Ղուկասյանի: