Բառ առ բառ փրթվող կապեր

Լեզվի կորստյան տագնապից առավել հայ գաղթականները ավելի մեծ մտավախություններ ունեն
Գրեց՝ Քրիս ՀԵԴՋԻՍԸ (ՙՆյու Յորք Թայմզ՚, Հուլիս 6, 2000) Թենըֆլայ, Նյու Ճըրսի
Թարգմանեց` Բադալյան Մարիամ /ՙՍփյուռք՚ գիտաուսում. Կենտրոն/.
Հակոբ Ասատուրյանը շարունակ հաղորդակցվում է անցյալի ստվերների հետ: Նրանց մի մասը մթին են ու սահմռկեցուցիչ, ինչպես ասենք, թուրք զինվորների ուրվականները, որոնք 1915 թ. Ասատուրյան ընտանիքին հայկական գյուղից քշեցին սիրիական անապատները, որտեղ նա ակամա դարձավ մոր ու չորս քույրերի տիֆից մահվան ականատեսը:
Մյուս հիշատակները թեթեւասահ պտտվում են 1920¬ականներին Նյու Յորքի Մանհեթենի Մեդիսոն եւ 27-րդ փողոցների խաչմերուկում գտնվող հրեական թատրոնի շենքում կոշտ հայերենով բեմադրվող ներկայացումների շուրջ: Կարելի է վերհիշել հուզական մեկ այլ պատմություն՝ ընտանիքից ողջ մնացած միակ անձի՝ քրոջ հետ 39 երկարուձիգ տարիներից հետո անակնկալ հանդիպումը, որին վերջին անգամ տեսել էր Մեռյալ ծովի ափին, որտեղ եւ կորցրեց մի գիշեր՝ Սիրիայից հայ որբերի՝ Երուսաղեմ փախչելու ճանապարհին:
Սակայն գրականության մեջ հիշողությունները պահպանելու անվերջանալի մաքառումները, որոնք իր 14 գրքերի իրական բովանդակությունն են, չի կարող փրկել իրեն ժամանակի ավերիչ արշավից: Եւ նույն այդ ժամանակը, ըստ իր տպավորության, հայ գաղութների արագ տարրալուծման ճանապարհով ավարտին կհասցնի այն գործը, որ սկսել էին թուրք ասկյարները 85 տարի առաջ:
2000թ. Հակոբ Ասատուրյանի ՙՍերունդները մխացող՚ ամենավերջին գիրքը, իր իսկ խոսքերով, հայ մշակույթի անդառնալի կորստյան մասին է: ՙՀեռացողների տեղը նորերը չեն գալիս, – ասում է նա՝ հայացքը խնամքով մշակած գեղեցիկ պարտեզին հառած, – երեխաներդ քեզ չեն հասկանում այս երկրում, եւ դու նրանց չես կարող մեղադրել՚:
Նրա որդի Ջոնը, որ ծանր հիվանդության հարվածից տարիներ շարունակ գամված է տանը, մեր զրույցի ընթացքին մտավ սենյակ, սայլակը կտրուկ արգելակեց հոր թիկունքում եւ սկսեց լսել՝ գլուխը քիչ թեքած, մի տեսակ ջղաձիգ լարումով:
Թուրքիայում դարասկզբին ավելի քան մեկ միլիոն հայերի նահատակությունը հաճախ հիշատակվում է որպես 20-րդ դարը ցնցած ՙեղերարշավի՚ սկիզբ: Չնայած եվրոպական տերությունները մեղադրեցին թուրքերին՝ մասնավորապես Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի նկատմամբ բռնարարքներ կատարելու համար, սակայն այդպես էլ ջանքեր չթափեցին նրանց պատասխանատվության կանչելու Օսմանյան Կայսրության փլուզումից հետո: Զանգվածային սպանդի հանդեպ աշխարհի քար անտարբերությունը հետագայում Հիտլերը հիշատակելու էր Լեհաստանը գրավելու նախօրեին. ՙՈ՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…՚:
1915թ. թուրք իշխանությունները, վախենալով Բալկաններում բռնկված ազգային ապստամբությունների ծավալումից, վեց ամիս շարունակ շուրջ երկու միլիոն հայերի քշեցին Թուրքիայի տարածքներից: Այն, ինչ հայերը կոչում են եղեռն, իրականում նաեւ միլիոնից ոչ պակաս մարդկանց հարկադրված տարագրությունն էր դեպի այժմյան Սիրիայի եւ Իրաքի անապատները, որտեղ հազարավորներ սպանվեցին կամ մեռան քաղցից ու հիվանդություններից: Հայերի պաշտոնական տվյալներով՝ մինչեւ 1923թ.1,5 միլիոն մարդ ոչնչացվեց, իսկ Միջին Արեւելքի որբանոցները լցվեցին 200 հազար հայ անտուն երեխաներով:
Թուրքական կառավարությունը մինչ այժմ հերքում է այս իրողությունը: Սպանված հայերի մի մասը, նրա պնդմամբ, հեղափոխականներ էին, մյուսները մահացել են Առաջին աշխարհամարտի թոհուբոհին ու համատարած սովի ժամանակ: Թուրքերն ասում են, որ հայերին, իրենց իսկ ապահովության համար, ողորմածաբար ուղեկցել են ՙմարտական գործողություններից ապահով հեռուները՚՝ ընդունելով, իհարկե, որ պատերազմի ժամանակ դժբախտ դեպքեր կարող էին տեղի ունենալ: Այդ նույն շրջանում, ի դեպ, նրանց ունեցած փաստերի համաձայն, հայ զոհերի թիվը չէր անցնում կես միլիոնից, մինչդեռ իրենք կորցրել են երկու միլիոն:
Հույների եւ պարսիկների կողմից Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում առաջին անգամ հիշատակված Հայոց աշխարհի մեծ մասը այսօրվա Թուրքիայում դարերի փոշու տակ ՙմոռացված՚ մասունք է: Պաշտոնական տվյալներով այսօր Հայաստանի Հանրապետությունը 3,4 մլն. բնակչություն ունի, բայց այլ աղբյուրների համաձայն՝ աղքատ տնտեսությունը, երկրաշարժը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Էթնիկ հակամարտությունը վերջին մեկ տասնամյակում պատճառ են դարձել շուրջ մեկ երրորդի՝ երկրից հեռանալուն:
Եղեռնից անմիջապես հետո ավելի քան 25 հազար հայ եկավ Միացյալ Նահանգներ: Նրանց պատմածների հիման վրա ստեղծված վավերագրերի զգալի մասն առայսօր պահպանվում է ամերիկահայ փոքրիկ գրապահոցներում, ինչպիսին է, օրինակ, Մանհեթենի 630¬րդ երկրորդ փողոցի վրա գտնվող ՙԶոհրապ՚ կենտրոնի 15 հազար միավոր գիրք ունեցող գրադարանը: Այս փաստաթղթերը ոչ ոք չի կարդում՝ բացառությամբ մեկ երկու գիտնականի: Շատ քիչ գործեր են թարգմանվել:
Հայերենը նահանջում է:
Նյու Յորքի Սուրբ Նահատակաց Ազգային Վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանն (այժմ արդեն նախկին ¬ Ծ. Թ.) ասում է, որ շատերի պես իրեն նույնպես չի հաջողվում հայերեն խոսող իր իսկ երեխաների մեջ մայրենի գրականության նկատմամբ տարրական հետաքրքրություն առաջացնել: Եւ չնայած հայերենի ամենօրյա դասերին, նախակրթարանի հարյուրավոր սաներ այդպես էլ վարժ չեն տիրապետում լեզվին:
ՙԵրբ հայկական դպրոցի տնօրենի զավակները, – տխրությամբ ավելացնում է նա, – զլանում են ձեռք մեկնել գրադարակում դրված հայերեն գրքին, նշանակում է, որ այդ գրականությունը պահելու երազը դառնում է անիրական՚:
Կորուստը միայն գրական չէ. փրթվում է նաեւ զավակների ու նրանց ծնողների, պապերի փայփայած երազի միջեւ կապը: Շատերի համար հայ լինելը պայմանական եւ ոչ էական իրողություն է:
ՙԲազմաթիվ սերունդների միջեւ թելը կտրվում է, – ասում է Նյու Յորքում հրատարակվող անգլերեն հայ թերթի գլխավոր խմբագիր Արիս Սեւակը: – Մենք դադարում ենք ըմբռնել մեր ներքին աշխարհը, մեր հայ Gestalt-ը (հեղինակն ՙէություն՚ արտահայտությունն օգտագործում է գերմաներենով – Ծ. Թ.):
Մինչդեռ, չնայած լեզվի այսօրինակ գահավեժ նահանջի, ամերիկյան գիտնականները իրենց ուշադրությունը սկսել են բեւեռել հայոց պատմության վրա: Ըստ Քոլգեյթի համալսարանի անգլերեն լեզվի պրոֆեսոր Փիթըր Բալաքյանի՝ 60-ականների վերջից եւ 70-ականների սկզբից հարաճուն է դառնում հայկական Սփյուռքի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը որպես մարդու իրավունքի գիտակցություն:
ՙՀայոց եղեռնը երեւի ամենից ավելի վիճարկվող գիտական հարցերից մեկն է: Իբրեւ առանձին դասընթաց այն անցնում են ամերիկյան շատ համալսարաններում ու ավագ դպրոցներում, – ասում է Փ. Բալաքյանը, որը, ի դեպ, հայկական ծագում ունի: – Ամերիկացիները, որոնք դարասկզբին, տասնամյակներ շարունակ իրենց առօրյա խոսքում հայ ասելով, հասկանում էին քաղցած, անոթի, անապաստան մարդը, այժմ սովորում են այդ ժողովրդի պատմությունը, – շարունակում է նա: – Կարծում եմ, որ այս անգամ ամերիկյան հասարակությունը լրջորեն է վերարժեւորում հայերի ցեղասպանության խնդիրը:
Ամերիկահայերը հասկանում են, որ իրականությունը անցյալի հիշատակների մեջ չէ միայն:
ՙՏատս Պրուսայից էր, արեւմտյան Թուրքիայի քաղաքից, – պատմում է պատմաբան Արամ Արկունը, – նրա համաքաղաքացիներից մեկը հարազատ երկրամասի պատմության, ավանդույթների, արժանահիշատակ ընտանիքների մասին մանրակրկիտ նկարազարդ ձեռագիր էր կազմել: Տարածված երեւույթ է: Հարյուրավոր այդպիսի տեղական բնույթի պատմություններ են հրապարակվել, հավանաբար, նույնքանն էլ չեն տպագրվել: Գտա այս մարդու աղջիկներին: Հոր մահվանից հետո նրանք, հայերեն կարդալ չիմանալու պատճառով, ձեռագիրը նետել էին աղբակույտը: Այդպիսով, մեր պատմության մի փոքրիկ պատառիկ կորսվեց՚:
Հայերի մշակութային աշխարհի եւ լեզվի դանդաղ մարումը, ըստ գիտնականների, անշուշտ, խաթարում է բուն արեւմտյան արժեքները, որոնց մի զգալի մասը, օրինակ՝ Այսիպոսը եւ Փիլիփոսը, ժամանակին փրկվել եւ մեզ են հասել հայ հոգեւոր գործիչների թարգմանությունների շնորհիվ:
ՙԴու կորցնում ես առօրյայում օգտագործվող արտահայտություններ, հարազատ լեզվական եւ փիլիսոփայական միջավայր, – ասում է Պատվելի Գրիգոր Մաքսուդյանը, որը մի ժամանակ Կոլումբիայի Համալսարանում հայոց պատմություն եւ գրականութիւն էր դասավանդում: – Յուրաքանչյուր լեզու իրերն ու երեւույթները բնորոշելու իր եղանակն ունի, որը, իհա՛րկե, ավանդույթների դրոշմն է: Եւ ամեն ինչ չէ, որ կարելի է հաղորդել թարգմանության ճանապարհով: Մենք կորցնում ենք ինչ¬որ այլ աշխարհ մեր ժամանակի մեջ՚:
Միացյալ Նահանգներում անցյալի տասը հայագիր հայտնի օրաթերթերից միայն մեկն է այսօր հրա-տարակվում Կալիֆորնիայում: Հայկական ակումբներն աստիճանաբար փակվում են, հասարակական միությունները թուլացել են, մշակութային իրադարձությունները դարձել են հազվադեպ: Գրամշակութային հավաքների ժամանակ գերիշխում է անգլերենը: Եւ միայն եկեղեցու մեջ կարելի է լսել հայերենը£
97 տարեկան դարձած արձակագիր Հակոբ Ասատուրյանը հաշտվել է այն մտքին, թե իր գրվածքները արեւմտահայությանը չեն փրկում անհետացումի, ձուլման վտանգից (երկու որդիները, օրինակ, հայ միջավայրում են մեծացել, խոսում են ազատ, իսկ թոռնուհին, արդեն, չնայած հայերեն բացատրվել կարողանում է, բայց դժվարանում է գրել): Ինքը, ավելի ճիշտ կլինի ասել, գրում է այն 331 հոգիներին ձայն տալու համար, որոնց հետ 1915¬ի սեպտեմբերին բռնել էր դեպի Սիրիա տանող գաղթի ու մահվան ճամփան, որոնցից միայն 29-ը փրկվեցին:
ՙԵրբեք չես կարող բառերով թղթին փոխանցել այն, ինչ իրականում տեղի ունեցավ, – ասում է նա, – այնքան սահմռկեցուցիչ էր: Իմ մեջ անտես պայքար կա հիշողություններիս հետ, որ հանկարծ նրանք չխամրեն, չկորցնեն իրենց նախնական ճշմարտացի ուրվագծերը: Գրում եմ, որովհետեւ չեմ կարող չգրել: Մեջս անընդհատ լցվում է Ահարոնի հորի նման եւ ստիպում է գրել ու գրել:
Կան ամերիկյան այնպիսի արձակագիրներ, ինչպիսիք են՝ Մայքլ Արլեն Կրտսերը (ՙՃանապարհ դեպի Արարատ՚) եւ Փիթըր Բալաքյանը (ՙՃակատագրի սեւ շունը՚), որոնք պայքար են մղում հայոց ցեղասպանության ճշմարիտ իմաստավորման համար եւ խոսքն ուղղում են նրանց, ովքեր կոտորածից փրկվածների շառավիղներն են: Սակայն արդեն նրանց անգլերեն լեզվով գրված երկերը պապենական ավազանից նահանջի վկայություն են:
ՙԱյսպես գրողները հայերի ապրած փորձառությանը մոտենում են՝ ելնելով ֆիզիկական զգացողությունից, – ասում է հրատարակիչ Քրիս Զաքյանը, որը ծագումով հայ է: – Այս հուշագրությունները, այո՛, մեր ապրածի մասին են: Սակայն ի՞նչ է տեղի ունենում հետո: Օտարագրությունը հայությունից հեռացնող ճանապարհ է: Այն ակամայից թոթափում է հայ մնալու պատասխանատվության բեռը: Ավանդույթները չեն շարունակվում՚:
Իր թոռնուհու բանաստեղծությունները վերջերս հայերեն թարգմանած Հակոբ Ասատուրյանը արդեն սկսել է իր ժողովածուները եւ ձեռագրերը հետխորհրդային Հայաստանի գրադարանին նվիրաբերելը: ՙՉնայած պատմական փորձի եւ լեզվի զգալի տարբերությանը՝ Հայաստանում դեռեւս հայերե՛ն են խոսում՚:
Նրա կրքերը չեն հանդարտվում: Թեեւ ձեռքը երկարեցնում է սպիտակ գազի մեջ փաթաթած հաբի սրվակին, անկարող է զսպել աքսորի ցավատանջ պատմության վերհուշը: Ծանր հոգոց է քաշում, նկատում եմ, որ ճիգ է գործադրում արդեն դավաճանող հիշողությունից կորզելու մանրամասներ, որոնք դեռ չի ընդգրկել իր գեղարվեստական ծավալուն ժամանակագրության մեջ. ՙԵրբ մայրս մահացավ, չէի կարող նրան թաղել եւ ստիպված էի գտնել երկու ուրիշ հասակակից երեխաների, որոնք ինձ օգնեցին քարշ տալու նրա մարմինը դեպի զառիվեր, որպեսզի նետենք այն Ահարոնի հորը՝ շնագայլերին բաժին չթողնելու համար: Հորի բերանին մոտենալ հնարավոր չէր՝ այնտեղից բարձրացող սարսափելի նեխանքի պատճառով: Շուրջբոլոր ճանճեր ու միջատներ էին: Ոտքերի կողմից դիակը մի կերպ հրեցինք ներքեւ: Տղաները չդիմացան ու փախան: Ես ինձ ստիպեցի կենալ տե-ղումս եւ տեսնել, թե ինչպես է մորս դին՝ հորի պատերին զարնվելով, գահավեժ անհետանում խորխորատները: Ես այդ պահին քարացել էի՚:
Դադարեց պատմել: Նկատեցի ցնցումները. ՙԻ¯նչ որդի եմ եղել՚:
Լռություն տիրեց: Հակոբ Ասատուրյանի որդին, որն ողջ պատմության ընթացքին մի տեսակ անէացած էր, միացրեց շարժասայլակի լույսերը եւ սահեց սենյակից դուրս: