ՀՐԵԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փարիզի “Կալման-Լեւի” հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էլիզաբեթ Անթեբիի “Ֆրանսիայի հրեա միսիոներները” ծավալուն ուսումնասիրությունը, որը ներկայացնում է “ՙԻսրայելական համաշխարհային ուխտ” բարեգործական կազմակերպության գործունեությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում` հատկապես անցյալ դարավերջում եւ մեր դարի առաջին կեսին` ընդհուպ Երկրորդ աշխարհամարտի սկիզբը: Բարեգործական այդ կազմակերպությունն ստեղծվել է դեռեւս 1860 թվականին եւ բացի մահմեդական երկրներում դարերից ի վեր հաստատված հրեաներին եւ այլ ժողովուրդների սատարելուց, ծավալել է քաղաքակրթական, լուսավորչական գործունեություն, տարածել Ֆրանսիայի՝ արվեստի, զենքի, օրինականության, հայրենիքի առաջադիմական սկզբունքները:
Պատահական չէ, որ Երկրորդ աշխարհամարտից հետ «Իսրայելական համաշխարհային ուխտ» կազմակերպության նախագահ է ընտրվել Ռընե Կասենը՝ Մարդու իրավունքների հռչակագրի հեղինակը:
Ընթերցողին ենք երկայացնում մի հատված այդ ուշագրավ ֆրանսալեզու գրքից՝ հասարակական գործիչ, հրապարակախոս ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ թարգմանությամբ:
ԷԼԻԶԱԲԵԹ ԱՆԹԵԲԻ, ԴԱՎԻԹ ՍԱՍՈՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ
Բաբելոն, հետո՝ Նինվե, Հայաստանի ու շումերների երկրի միջեւ ընկած Ասուրբանիպալ մայրաքաղաք… Ուխտի միսիոներներն ասես դարերի միջով ետ էին գնում: Մոսուլում՝ Տիգրիսի մյուս ափին, անտիկ Նինվեի դիմաց գտնվող քաղաքում նրանք նույնպես նշանակալի բարենորոգումներ կատարեցին, բայց համարձակություն ու ինքնազոհողություն պահանջող բազում փորձություններ կրեցին: Տարածաշրջանի առաջին միսիոները Ժոզեֆ Նիեգոն եղավ, որը Ադրիանուպոլսում ծնված գյուղատնտես էր, Մոնպելիեում էր մասնագիտական կրթություն ստացել: 1906 թ. նա համաձայնվում է միսիոներական ծառայության անցնել Քուրդստանում, նրա ուղեւորությունը ձգվում է Աստվածաշնչյան վայրերով՝ Եփրատով, Ուրֆա վերանվանված Եդեսիայով /բիբլիական Ուր-Կասդիմով/, որից ընդամենը քառասուն կիլոմետր հեռու գտնվում էր Հայր Աբրահամի ծննդավայրը: Ի՞նչ է տեսնում Նիեգոն Քուրդստանում:
ՙ17-ը հուլիսի 1906 թ.
Մոսուլի եւ Դիարբեքիրի վիլայեթները Քուրդստանի մաս են կազմում: Քուրդստան նշանակում է վարչական անկազմակերպվածություն, անիշխանականություն, անապահովություն: Քուրդերը ռազմատենչ են, ամենից շատ սիրում են իրենց ազատությունն ու անկախությունը: Այս ժողովուդն ամբողջովին զինված է եւ անընդհատ պատերազմում է: Քուրդերը բաժանված են ցեղախմբերի՝ աշիրեթների, որոնք թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ… Եթե քրիստոնյաները հալածվում են, քաղկեդոնացիները, չնայած Ֆրանսիայի եւ Վատիկանի հովանավորությանը, տանջվում են թալանից ու ավարառությունից, ի՞նչ կարելի է ասել մեր հայրենակիցների մասին… Քուրդստանում, գարնանը կամ ձմեռնամուտին, եթե անձրեւներն ուշանում էին, տեղի բնակիչները գնում էին հրեական գերեզմանատուն, նոր թաղված մեռելներն էին հանում, գլուխները կտրում, նետում գետը՚:
Ուխտի կենտրոնական գրասենյակում այս զեկուցագրին ծանոթանալուց հետո որոշում են Մոսուլում դպրոց բանալ եւ տնօրեն են նշանակում՝ Բուլղարիայի Թաթար-Բազարջըք քաղաքում ծնված, քսանչորսամյա Մորիս Սիդիին: Նա արդիական կրթարան ստեղծելու ծրագրով տեղ է հասնում եւ այսպես է նկարագրում Մոսուլը՝
ՙ15 դեկտեմբերի 1911 թ.
Այս մեծ քաղաքը միջին դարերում, մինչեւ մոնղոլների ներխուժումը, բարեկեցիկ է եղել, ունեցել է ֆաբրիկաներ, արտադրել է հատկապես կտավ եւ կերպաս… Ըստ վերջին վիճակագրությանª Մոսուլն ունի 80 հազար բնակիչ, որին մաս են կազմում ամենատարբեր ազգություններն ու կրոնական աղանդները՝ թուրքերը, արաբները, քրդերը, հայերը, հույները, քաղկեդոնացիները, սիրիացիները, դոմինիկյանները, լատինները, նեստորականները, բողոքականները, հրեաները, եզդիները: Նրանք բոլորն էլ տարբեր կենցաղով են ապրում, հիշեցնում են Բաբելոնյան աշտարակը, որը հարատեւում է այստեղ արդեն քառասուն դար՚:
Ավելի ուշ, Առաջին աշխարհամարտի տարիներին, Մորիս Սիդիին փոխարինում է ամենածանր տառապանքներին ականատես լինելու դատապարտված Դավիթ Սասոնը: Նա Իրանից էր, ականատես էր եղել շիա պարսիկների բռնություններին, որոնք նույնիսկ տեղատարափ անձրեւի ժամանակ հրեաներին անձրեւանոց թույլ չէին տալիս կրել, որպեսզի վրայից կաթած ջուրն իրենց չպղծի: Ուստի ամենօրյա նախճիրները՝ հատկապես հայերի բնաջնջումը նրան անակնկալի չեն բերում, ընդհակառակը, ձգտում է ամեն կերպ բոլորին օգտակար լինել:
Չնայած խոչընդոտներին, Սասոնը շփվում է քաղաքից անցնող գաղթականների հետ: Նրանցից մեկն ընդմիշտ մնում է հիշողության մեջ: Խոսքը Խարբերդցի վաճառականի այրու՝ մոտ 40 տարեկան, բարձրահասակ, շիկահեր կնոջ մասին է, որը տեսել էր ամուսնուն, հորեղբոր, տասնվեց տարեկան տղայի գնդակահարվելը, հետո ստիպված էր եղել թողնել ունեցվածքն ու երեք եւ ութ տարեկան աղջիկների հետ բռնել աքսորի ճամփան.
ՙՏարագրվելուց առաջ վաճառականի կինն այրում է դեմքի մաշկը, կտրում ստորին շրթունքն ու քթի ծայրը: Ճանապարհին մեծ աղջիկն այլեւս չի կարողանում քայլել, նետվում է գետը: Մոսուլում այս կինը, բազում միջնորդություններից հետո, մի քաղկեդոնացի ընտանիքում ապաստանելու թույլտվություն ստացավ, որի հետ պատերազմից առաջ ամուսինը գործնական կապեր էր ունեցել: Տիկինը ֆրանսերեն խոսում էր, ինձ խոստովանեց, որ դեմքն այլանդակել է, որպեսզի իր դահիճների հաճույքի առարկան չդառնա: ՙԵս կարող էի, – ավելացրեց նա, – ինքնասպանություն գործել, բայց երկու դուստրերս դեռեւս կենդանի էին, ի վիճակի չէի նրանց լքել: Բացի դրանից ուզում եմ տեսնել պատերազմի վերջը: Իմանալ՝ գոյություն ունի՞ Աստված՚:
Այս խոսակցությունից մի քանի օր անց Էնվեր փաշան՝ երեք ՙանաստվածներից՚ մեկը, որն այդ ժամանակ ռազմական նախարար էր, այցելության եկավ Մոսուլ, եւ բռնագաղթվածներից մի մասը մնաց վրաններում, մյուսը աքսորվեց Դեր Զոր՝ բնաջնջման…
Խե~ղճ խարբերդցի տիկին, նրա թշվառ հոգին Աստծո գոյությունը տեսնելու բերկրանքը չունեցավ, չիմացավ, որ արդարությունը, որին այդպես տենչում էր, ի վերջո բացահայտվեց…