ՏՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Սոնա ՀԱԿՈԲՅԱՆ, /Ծնվել է Դամասկոսում, 1960թ. ավարտել է ԵՊՀ-ն: Հեղինակ է ՙԾաղիկների երգը՚, ՙԱրթնացում՚, ՙՓրկության փարոս՚ գրքերի: Նրա բառերով երգեր են հյուսել երգահաններ` Ա. Հեքիմյանը, Ա. Աճեմյանը, Գ. Չթչյանը:/

ՏՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Ծով են հույզերը` լույս արեգական,
Հույսի ակունքի,
Մեղք են շիվերը` ծաղկուն են նրանք,
Կարոտ են կյանքի:
Այսպես անհանգիստ, շիկացած անվերջ
Էլ մի զայրանա,
Թե փոթորկվել ես, հանդարտվիր քո մեջ
Ու խաղաղ մնա:
Դու արարչական երկինք ու երկիր
Բարիքով լեցուն
Բոլոր չարերից աշխարհս փրկիր,
Տուր խաղաղություն:

ԴՈՒ ԷԼ ՄԻՇՏ ՀԻՇԻՐ
Պատմում էր տատս, ու խորշոմները նրա այտերի
Ակոսվում էին խոր անհուն վշտի պես,
Եւ աչքերիս դեմ մշուշն էր ցրվում լացող օրերի`
Ու տատս, ահա, մի կին ժպտերես:
Ժպիտ, ի~նչ ժպիտ. այն մարեց անգամ շուրթերին մանկան
Ուր մնաց տատիս դեմքին չխամրեր:
ՙԺպիտ, ի~նչ ժպիտ, գաղթի ճիրանում չորսդին յաթաղան,
Ու կոտորվում էր ժողովուրդն անմեղ…
Շատերի նման եղբայրներիս հետ պապիդ էլ տարան,
Սիրտս էլ տարան ու հոշոտեցին:
Բայց չէր հագեցել գազանից էլ բիրտ թուրքը անհագուրդ,
Ուզում էր խժռել մի ողջ ժողովուրդ…
Ճամփով անեզերք, անծպտուն, անձայն, անհույս ու անուժ
Մենք քայլում էինք արդեն անզգա.
Ով ցած էր ընկնում էլ չէր բարձրանում,
Ծարավից, սովից շատ շատերն հանգան:
Որբացած մայրդ, քառասուն օրական, ճչում էր գրկիս,
Անիծում էի ծնունդը նրա,
Անիծում էի ամեն, ամեն ինչ նեռացած թուրքին,
Որ արյուն հեղեց աշխարհիս վրա…
…Քայլում էինք, Մենք ստվերի նման անքուն ու անկանգ,
Մեր շուրջը բոլոր` դիակներ միայն`
Հոշոտված ծերեր, խեղված մանուկներ ու լլկված կանայք:
Չէ~, ինչ որ տեսա լսելու բան չէր,
Տեսնելուց հետո ապրելս ո՞րն էր…
Բայց ոչ ասացի` մենք պիտի ապրենք, պիտի բազմանանք,
Ու պիտի լուծենք մեր վրեժը արդար:
Ու մենք ապրեցինք` փախած սարեսար աշխարհից-աշխարհ՚:
Իմ հզոր տատի, իմ անհաղթ տատի`
Տասնհինգ թիվը տեսած հայուհի եւ ընդամենը քսան տարեկան,
Երազներ հյուսող մի կին դեռատի:
Եւ հետո, հետո ծվարած արդեն հողում Հայրենի,
Թողած ամենուր տուն, հարազատներ,
Բայց ցավը պահած երդումի նման իր հոգում անշեջ
Եւ հիսուն տարի սեւ հագուստի մեջ…
Չէ, չէ զավակս, ես չեմ մոռանա ու չեմ ների,
Եւ չեն էլ ներել աճյուններն այնքան:
Դու էլ միշտ հիշիր, որդուդ էլ պատմիր, պատմիր բոլորին`
Եւ այն փոխանցիր` որպես սուրբ պատգամ:

ԶՈՒՐ ՁԳՏՈՒՄ
Աշխարհում երբեք մոռացում չկա,
Կա` մոռացման տենչ:
Անցյալը հաճախ ճմլում է ներկան,
Սկիզբ է առնում չլուծվող մի վեճ:

Դեռ հին հուշերը ի մի չբերած,
Դեռ նոր հուշերի ձեռքին խաղալիք,
Հանգչում է հանկարծ քո սիրտը հոգնած
Եւ մոռացումը այն ժամ է գալիս:

ՄԱՅՐԱԿԱՆ` ԱՆԱՆԻՍ
Գուցե դու էլ այս պահին ինձ պես անհույս ես նորից,
Չես հավատում ոչ-ոքի ու չես կանչում նաեւ ինձ,
Սպասելուց շատ հոգնած խռովահույզ ու անքուն,
Քեզ էլ հասած ցավերով` անամոք ու մորմոքուն:

Բայց անբարբառ խրհուրդով, աջակցությամբ անմեկին,
Հոգուդ անեղծ խորանում հույսն է շողում վերստին,
Եւ մի սուրբ ձեռք երկարած, գորովագութ եզերքից
Քեզ գրկում է մոր նման ու պահում է իր սրտին:

Բացում է նա մեկընդմիշտ քո փակ դռները բոլոր,
Դուրս է բերում ու փրկում ճամբաներից այն մոլոր,
Եւ իր սիրո կրակով կյանքիդ լույսերն է վառում,
Քեզ ամենուր պահպանող, քո հավատով անմարուն: