Փ Ո Խ Վ Ր Ե ժ

1988 թվականը ասք, առասպել չէ, պատմական փաստ է, իրողություն: Եթե անգամ ասք է, առասպել, դյուցազունները իրական, սովորական հայ տղաներ են` իրենց հայրերի որդիներն ու պապերի թոռները: Մեր ժողովուրդը դարերի փորձով ու իմաստնությամբ« նախ եւ առաջ իհարկե ճակատագրով« տոկացել է ամեն զրկանքի, զոհողության, բայց հոգու խորքում անթեղել, պահպանել է բոլոր նվիրական երազները: Մինչեւ ծնվել է մի հանդուգն սերունդ, որը պոռթկացել է, ընդվզել, լուծել է նախնիների վրեժն ու իրականացրել երազները: Թող թշնամիները շարունակեն նրանց օտարահունչ բառերով ֆիդայի, բոեւիկ, տեռորիստ ու էքստրեմիստ կոչել, կարեւորն այն է, որ նրանք, եթե հարկ եղավ, անգամ նահատակվեցին, բայց հասա’ն իրենց նպատակին:
Երանի այդ սերնդին:
*****
Գերդաստանը հայտնի էր Մշո հովտում: Չորս-հինգ եղբայրներ էին` կորովի ու համառ` այն աստիճանի. որ դեռեւս Սահմանադրության հռչակումից առաջ, երբ թուրքերը հայերին լիարժեք ազգ չէին համարում, հայերից զինվոր չէին վերցնում, Խաչերին ոչ միայն Օսմանյան բանակ զորակոչեցին, այլեւ սպայի կոչում շնորհեցին: Շուտով նա իր մարտունակությամբ ու հնարագիտությամբ համհարզի աստիճանի հասավ, սակայն, երբ Կովկասյան ճակատ փոխադրեցին, հրամայեցին կռվել ռուսական բանակի, հայկական կամավորական գնդերի դեմ, դիրքերը լքեց, դասալիք դարձավ: Դեռեւս չգիտեր, որ Մշո իրենց տները, այգիները հրկիզել, գերդաստանը սրախողխող են արել, իսկ հատուկենտ ողջ մնացածներին բռնագաղթեցրել են Տեր-Զոր: Սկսվել էր հայոց մեծ տառապանքի թվականը` 1915-ը, որը ոչ մի կերպ չէր ավարտվում: Ի վերջո վերապրող Մադարյանները ծվարեցին սիրիական անապատում, Արաբ-բունար գյուղում ու հենց այդտեղ էլ իմացան, որ ֆրանսիացիները Թուրքիայի դեմ պատերազմի են նախապատրաստվում եւ հայերին, եթե իրենց բանակի շարքերն անցնեն, թշնամու դեմ կռվեն, Կիլիկիայում ազգային ինքնիշխան պետականություն են խոստանում: Կանայք, երեխաները տանջամահ էին լինում, կիզիչ անապատում ոչ միայն հաց ու ջուր, գլխներին ծածկ չունեին, բայց Խաչերի եղբայրը նրանց թողեց, Հայկա-կան լեգեոնի շարքերն անցավ, որ նահատակված« անթաղ մնացած հարազատների վրեժը լուծի: Պատերազմը հաղթանակով ավարտվել, Կիլիկիան ազատագրվել էր« սակայն ֆրանսիացիները ոչ միայն իրենց ասպետական խոստումը դրժեցին, անկախ պետություն չստեղծեցին, այլեւ հայերի հողը թուրքերին տվեցին: Ծախեցին ուղղակի:
Ահա այդ ժամանակ Պետրոս Մադարյանը, որ իր որդուն հայրական գորովով, հույսերով ու ակնկալիքներով Ռազմիկ էր կոչել, ընտանիքը հավաքեց, վերջնականապես Արեւելյան Հայրենիքում հանգրվանեց: Մշեցու հաստատակամությամբ վճռել էր` իր գերդաստանից ոչ ոք, առավել եւս որդին, օտար երկրի զինվոր չպիտի լինի, միայն ու միայն հայ ժողովրդին, հայոց դատին պիտի ծառայի: 1965թ. Սիրիայից 6 ընտանիք` 42 Մադարյաններ Հայաստան ներգաղթեցին: Մնացածներն էլ պիտի ներգաղթեին: բայց չհասցրին:
*****
Լիբանանում« լեռնային զորամարզարանում դավադիր գիշեր էր: Երեք մարտիկներ սեւ դիմակներով զգաստ կանգնած էին կողք-կողքի: Ներս մտավ հրամանատարը« նույնպես սեւ դիմակով էր, սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը, բարի ճանապարհ« հաղթական վերադարձ մաղթեց: Երեքից ամենաջահելը` Մկրտիչ Մադարյանը, ում տասնինն էլ դեռ չէր բոլորել, հետ ընկավ:
­ Կարո՞ղ եմ առանձնանալ մեկ րոպե:
Հրամանատարը գլխով թույլ տվեց:
Մտավ զինապահեստ, գրպանից հանեց նոթատետրը, արագ-արագ գրեց.
ՙՄամայիս`
Ստիպված եմ, պիտի քեզի թողնեմ-հեռանամ: Չեմ ուզեր, որ լաս: Աղոթե ինծի համար, այսուհետ գլուխդ հպարտ, բարձր պահե, որովհետեւ, եթե մինչեւ իսկ թշնամու գնդակը խոցե մարմինս, աջ ձեռքս մինչեւ վերջին պահը զենքը ամուր պիտի բռնե, ձախը` հաղթանակի նշանը պարզե:
Մտմտաց, տակը գիծ քաշեց, շարունակեց.
ՙՔույրիկիս`
Իմ համեստ, անուշիկ քույրիկ, դրամը, որ քեզմե պարտքով վերցուցի, հավանական է` չկրնամ վերադարձնել: Ապարանջանդ առանց նախազգուշացնելու վերցուցած եմ զարդատուփեդ` ծախելու, անցաթուղթերուս, ուղեթուղթերուս վճարելու համար: Ներե’՚:
Սիրած աղջկան գրելու ժամանակ չմնաց: Մինչդեռ ամենաերկարը կուզեր գրել.
ՙՄիակս, ես քեզի կսիրեմ, բայց կխոստովանիմ` ազգս ավելի կսիրեմ: Այսինքն Հայրենիքի համար զոհվիլ կնշանակե նաեւ քեզի համար զոհվիլ…՚:
Երկտողները ծալեց, հրամանատարին խնդրեց.
­ Կհանձնեք, եթե չվերադառնամ:
*****
Հովիտում, անձրեւների մշուշի մեջ, գետի ափով ձգվում էր Վանաձորը, անսանձ, անպարփակ ծով հիշեցնում: Ցուցարարները տարբեր փողոցներից հեղեղի նման հորդում, հորձանք էին տալիս հրապարակում ու բռունցքները, պաստառները, անցյալի քաջամարտիկների նկարները թափահարելով միայն մի` ՙՄիացում՚ բառն էին վանկարկում: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի նախճիրներից հետո` երկրաշարժից փլատակված, թիթեղե, թեփափայտե տնակներում ծվարած քաղաքը գաղթականներով ու փախստականներով էր լցվել. բայց դժվարությունները հուսահատեցնելու փոխարեն բոլորին հաստատակամ էին դարձրել: Ցուրտը. Մութը, քաղցը ոչ մեկին չէին վհատեցնում, առաջնայինը Արցախի ազատագրությունն էր:
­ Միացո¯ւմ.
Վանաձորցիներն ու վերաբնակները միայն ցույցերով. քայլերթերով չէին գոհանում£ Քաղաքը ռազմադաշտերից, սահմանային զինված բախումներից հեռու էր, սակայն ՙԱՍԱԼԱ՚-ի մարտիկ, ՙՎան՚ գործողության հրամանատար Գեւորգ Գյուզելյանը Ֆրանսիայի բանտից ազատվելուն պես եկել, ՙՄեծն Մուրադ՚ անունով մարտախումբ էր ստեղծել, ռազմավարական պարապմունքներ էր անցկացնում:
Ռազմիկ Մադարյանն առաջին իմացավ այդ մասին ու պատից իջեցրեց տան միակ զենքը` որսորդական հրացանը« որ գնա երկրապահ կամավորականներին միանա: Կինը օրորոցի վրա հակված իրենց առաջնեկին էր քնեցնում: Ամեն ինչ հասկացավ, ընդոստ ոտքի ելավ, ճանապարհը փակեց.
­ Էդ ո՞ւր.
Ծեր ծնողները նստած էին իրենց մշտական տեղերում` բազմոցի երկու ծայրերին, Ռազմիկը չիմացավ նրանց ներկայությամբ բարկանա՞, թե՞ խեղճանա: Հակառակի պես կինը չէր հանգստանում, հետզհետե բորբոքվում, հեծկլտում էր.
­ Մի տարի էլ չկա` հարս ես բերել, ինձ չես խղճում, տղայիդ խղճա, առանց հոր ո՞նց եմ մեծացնելու:
Հայրն ու մայրը լուռ էին, ամուսինների խոսակցությանը երբեք չէին խառնվել ու չէին խառնվում: Ու հանկարծ մայրը` տիկին Մարին չդիմացավ, առանց մի բառ արտաբերելու, սկսեց երգել այն մարտերգը, որով սասունցի, մշեցի մամիկներն իրենց զավակներին թուրքի դեմ կռվի էին ուղարկում: Ռազմիկը չզգաց, թե ինչպես շրջվեց, հրացանն ուսը նետեց, աստիճաններից ցած սուրացL Նույնիսկ դուռը ետեւից չհասցրեց փակել: Հայրը` պարոն Պետրոսը, սղալեց բեղերը.
­ Իզուր չէ, որ անունը Ռազմիկ դրի, այդքան դժվարություններով օտարությունից Հայաստան բերի:
Շքամուտքից դեռ դուրս չէր եկել, եղբայրը` Շահենը, հասավ ետեւից:
­ Բա ե՞ս.
Ռազմիկը քայլերը չդանդաղեցրեց:
­ Դու մեծն ես, մնա, մեր երկու ընտանիքներին տերություն արա:
­ էդ ինչի՞ տեղ ես ինձ դրել:
Երկու եղբայր բարձրացան Քամոտ ծմակը` զորավարժարան: Մեկ հրացանով:
*****
Ինքնաթիռը երկար պտտվում էր Բեյրութի կեսգիշերային երկնակամարում, ասես երթուղին էր փնտրում, հետո կտրուկ թեքվեց, ուղղվեց Ստամբուլ: ԱՍԱԼԱ­ի երեք մարտիկները նույն ուղեսրահի տարբեր անկյուններում նստած, իրար չէին նայում, բայց թվում էր, շարժիչի հռնդյունն անգամ չի խանգարում, որ լսեն, թե ինչպես է բաբախում յուրաքանչյուրի սիրտը:
*****
Ռազմիկը մերթ Վանաձորի զորակայանում էր, մերթ Երեւանում, Էջմիածնում ու Զվարթնոցում, մերթ Արագածի ձյունածածկ բարձունքներում: Ամեն ինչ արեց. որ ջոկատը մարտունակ. վճռակամ կամավորականներով համալրի, զենքի, զինամթերքի, փոխադրամիջոցների տարբեր տեսակներով ապահովիL Վերջապես Արցախ մեկնելու հրաման ստացան:
Նրանց բախտը հենց սկզբից չբերեց: ՙՄեծն Մուրադ՚ ջոկատը ռազմադաշտ հասավ պատերազմի թերեւս ամենածանր օրը: Ոսոխն ամեն կողմից շրջապատել էր Մարտակետի շրջկենտրոնը, պարբերաբար հրետակոծում էր: Նախորդ երեկոյան զոհվել էր քաղաքի պաշտպանական հիմնական ուժի` Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, տագնապը համակել էր բոլորին: Ով ինչով, ինչպես` մեքենայով, սայլով, ոտքով, իրերով, առանց իրերի, երեխաների լացուկոծի, անասունների բառաչի, շների կաղկանձյունի ուղեկցությամբ նահանջում էր: ՙՄեծն Մուրադի՚ փոխհրամանատարը` Ռազմիկ Մադարյանը նայում էր ճանապարհին հանդիպող, հակառակ ուղղությամբ փախչող, խաղաղ ազգաբնակչությանը, տարբեր ջոկատների անկանոն շարքերին, հիշում էր Կարսի անկումը: Տարիներ անց ո՞վ էր պատասխան տալու այդ խուճապահար գաղթի համար, ապագա սերունդները քաղաքը պաշտպանող մարտական ուժերի, հենց իրենց մասին ի՞նչ էին մտածելու: Հանկարծ նկատեց, որ Հալեպից Արցախ կռվելու եկած իր զինընկերը` Հակոբ Քեոշկերյանը, այդ իրարանցման, թոհուբոհի մեջ գրատը հանել, ցորենի այրվող արտն է հանգցնում: Թավ բեղերով մի տղամարդ, առանց փախուստը դանդաղեցնելու, գոռաց վրան.
­ Լսիր, գժվել ե՞ս, ցորենն ո՞ւմ համար ես փրկում: Թշնամին ուր է ուր չէ վրա կհասնի:
Հակոբը գլուխը բարձրացրեց, հանգիստ պատասխանեց.
­ Էս ցորենը մեզ դեռ պետք է գալու, ես ու դու իրար հետ ետ ենք դառնալու:
Ազատագական բանակի մարտիկները, որոնք առանց Լեոնիդ Ազգալդյանի էին մնացել, ցիրուցան եղել, կանգ առան: Իրենք իրենց վհատության համար ամաչեցին: Խմբվեցին ՙՄեծն Մուրադի՚ շուրջը: Այդ ծանր պահին Գեւորգ Գյուզելյանը ստանձնեց երկու մարտախմբերի հրամանատարությունը: ՙՄեծն Մուրադն՚ ու Ազատագրական բանակը միավորված, թե’ կասեցնում էին հակառակորդի հետզհետե սաստկացող գրոհները, թե’ ապահովում ազգաբնակչության անվտանգ, անկորուստ նահանջը: Նահանջ, որը կարճ տեւեց:
Հաղթանակներն ակնկալվածից շուտ վրա հասան:
*****
Նանք քարտեզով Ստամբուլի տեղանքին հանգամանորեն ծանոթացել, փողոցի ու յուրաքանչյուր տան դիրքը մանրակրկիտ հետազոտել էին, այնպես որ վայրէջքից հետո դժվարություններ չունեցան, տարբեր ճանապարհներով կենտրոնական փակ շուկա հասան: Ըստ մարտական առաջադրանքի` պիտի գրոհեին հանդիպակաց ռազմակայանն ու առանց խաղաղ բնակչությանը վնասելու, բարձրաստիճան սպաներ պատանդ վերցնեին, հրապարակայնորեն ներկայացնեին իրենց քաղաքական վերջնագրերը, պահանջեին Եվրոպայի ու Միացյալ Նահանգների բանտերում արգելափակված զինընկերների ազատ արձակումը:
*****
Առաջին անգամ Ռազմիկ Մադարյանը վիրավորվեց Մոխրաթաղի ազատագրական մարտերի ժամանակ: Պատահական գնդակը ազդրի մի կողմով մտավ, մյուսով դուրս եկավ: Զինընկերները պատգարակով հոսպիտալ տարան, երկար, ջերմորեն հրաժեշտ տվեցին: Տեսնում էին. որ վերքը խորն է, շուտ չի ապաքինվի, եթե ուզենա էլ, այդ ոտքով կռվել հազիվ թե կարողանա: Նույնը վիրաբույժը հաստատեց, որոշ ժամանակ անց Արցախից` Հայաստան, մասնագիտական հիվանդանոց տեղափոխեց: Բայց մեկ շաբաթ էլ չանցած, փախավ, կաղալով դիրք վերադարձավ:
*****
Փոխհրաձգությունը միանգամից, անսպասելի սկսվեց: Երեքն էլ անակնկալի եկան, երբ դեմուդեմ ինքնաձիգերով ու դիպուկահարներով, զրահապատ սաղավարտներով, վահաններով ներքին ապահովության զորախմբեր տեսան: Չլինի՞ մատնված էին: Երեքից ամենաջահելը Մկրտիչ Մադարյանն էր, ամենավճռականը նրա ձայնը հնչեց.
­ Դուք որքան կարող եք արագ շուկա մտեք, խառնվեք ամբոխին, ես կդիմագրավեմ:
Զգաց, որ չեն ուզում իրեն թողնել, ինչքան ուժ ուներ բղավեց, Հրամայեց գրեթե.
­ Ժամանակ մի կորցրեք, ես ձեզ կհասնեմ:
*****
ՙՄեծն Մուրադը՚ դիրք էր գրավել Չլդրանի մատույցներում: Գյուղը Արցախի աշխարհագրական կենտրոնում էր` այն կարեւորագույն հանգուցակետում, որտեղ հատվում էին Ստեփանակերտից, Մարտակերտից, Քարվաճառից ձգվող ոլորմոլոր ճամփաները: Թերեւս դա էր պատճառը, որ անընդհատ ձեռքից ձեռք էր անցնում: Վերջին անգամ ազերիները դարձյալ գրավել, խորացված խրամատներով, հեռահար հրանոթներով իրենց դիրքերն ամրապնդել էին, ու որպեսզի անտառ փախած, թավուտներում ծվարած չլդրանցիներին վերջնականապես հուսահատեցնեն, բնօրրանից հեռացնեն, նրանց աչքի առաջ հերթով հրկիզում էին տները: Հետո պայթեցրին Ամենափրկիչ վանքը, Կարմիր եկեղեցին, Կենենի գերեզմանատունն ու անգամ Սառնատան քարայրը, որի առաստաղից, նույնիսկ ամառվա տապին, ընդհուպ գետին հասնող սառցելուլաներ էին կախվում: Թվում էր նույնիսկ Արցախի պաշտպանության գլխավոր ռազմակայանում թերահավատ, անվստահ են դարձել, անընդհատ շրջանցում էին Չլդրանի ազատագրման կարեւորագույն խնդիրը: Անվտանգության կոմիտեի նախագահը` Աշոտ Խաչատրյանը, որ մասնակցում էր անխտիր բոլոր նիստերին, մի անգամ առաջարկեց:
­ ՙՄեծն Մուրադին՚ հանձնարարեք, Գյուզելյանի տղաները, որ ուզեն, թուրքերից կմաքրեն:
Որոշումը գրեթե իսկույն կայացվեց, հրամանը տրվեց, չնայած պարզ չէր, թե մի ջոկատն ի՞նչ պիտի աներ կանոնավոր զորամիավորումների դեմ, որոնք հասցրել էին ականապատել գյուղի շրջակայքն ու փաստորեն անխոցելի էին դարձել:ՙՄեծն Մուրադի՚ մի քանի գրոհներն, իրոք, անհաջողության մատնվեցին: Ճիշտ է, զոհեր չէին տալիս, բայց վիրավորների պատճառով կռվողների թիվն օրեցօր նվազում էր:
Նորից երեկոյանում էր, ավարտվում էր անիմաստ, անօգուտ անցած եւս մի օր: Գյուզելյանն անելանելիությունից անընդհատ նյարդայնանում, նրա լարվածությունը փոխանցվում էր ամբողջ ջոկատին: Ռազմիկ Մադարյանին հրամանատարի այդ վիճակը համբերությունից հանեց, վճռական մոտեցավ Հակոբ Քեոշկերյանին: Նա սիրիական բանակում մարզվել, տասնչորս տարի վարձու զինվոր էր եղել, բոլորովին վերջերս, պատերազմն սկսվելուց հետո էր ծառայությունը, ընտանիքը թողել, Արցախ եկել: Մոտեցավ ու իբր ի միջի այլոց, բայց այնքան կամաց, որ ոչ ոք չլսի, ասաց.
­ Քո կարծիքով հայը եթե ուժով չի կարողանում հաղթել, ինչո՞վ է հաղթում:
­ Որտեղի՞ց իմանամ:
­ Խելքով:
­ Այդքանը ես էլ եմ հասկանում, բայց խելքը ականների ու հրանոթի արկերի դեմ ի՞նչ պիտի անի:
­ Դու թուրքերեն գիտես չէ՞:
­ Մայրենի լեզվիս պես:
­ Արի իմ հետեւից:
Սողալով մոտեցան ականադաշտին: Լուռ, դանդաղ շրջանցեցին այն բոլոր թմբերն ու փորվածքները, ուր ական կարող էր լինել` չնայած իրենք իրենց չէին վստահում, չէին էլ կասկածում, որ ամեն հերթական շարժումը ճակատագրական հետեւանք կարող է ունենալ: Ականի պայթյունից ոչ ոք վտանգազերծված չէր: Ի վերջո մոտեցան հակառակորդի դիրքերին ու փոխանակ ձգտելու աննկատ մնալ, ամբողջ հասակով կանգնեցին, ինքնավստահ առաջանալով սկսեցին բարձր-բարձր թուրքերեն խոսել, մերթընդմերթ հայհոյել հայերի կրոնը, բանակը, անցյալն ու գալիքը: Խրամատների հողապատնեշի մոտ կանգ առան, ձեռնառումբերը հանելով, միանգամից գոռացին.
­ Հանձնվեք, թե չէ պայթեցնում ենք:
Ազերիները, նման ժամի ու հարձակման, իհարկե չէին սպասում: Խրամուղիներում ասես հետճաշյա հանգստի ժամ լիներ` ոմանք թուղթ էին խաղում` ոմանք հաշիշ, վատորակ գլանակ էին ծխում, ոմանք էլ խոնավ գետնին փռվել, քնել էին: Մեկը մյուսի ետեւից ոտքի ելան, դանդաղ բարձրացրին ձեռքերը` կարծեցին մի ամբողջ գումարտակ է պաշտպանությունը ճեղքել, անսպասելի հարձակվել:
Ռազմիկը շրջվեց հայկական դիրքերի կողմը, ինչքան ուժ ուներ գոռաց.
­ Տղերք, եկեք գյուղին տերություն արեք:
Արեւը մայր չմտած, ՙՄեծն Մուրադը՚ հակառակորդին վնասազերծեց, Չլդրանն ազատագրեց ու ութ հոգու, ընդ որում մի սպայի, գերի վերցրեց: Ռազմավարն անհամեմատ մեծ էր` միայն ինքնաձիգների թիվը վաթսունն անցնում էր:
Գիշերը, ջոկատի ռազմական խորհրդի հերթական նիստում, Ռազմիկ Մադարյանը, հրամանատարից, Չլդրանի ազատագրության մարտում ցուցաբերած առաձնահատուկ խիզախության համար շնորհակալություն, ինքնագլուխ նախաձեռնության համար խիստ նկատողություն ստացավ:

*****
Երբ Մկրտիչը մենակ մնաց, թեթեւացած շունչ քաշեցL Թույլ տվեց` զինվորական, ոստիկանական, պետանվտանգության ջոկատները եռաշար շրջապատեն իրենL Փողերն ուղղել էին վրան, ուր է­ուր չէ պիտի կրակեին, վճռեց` հասել է պահը: Ձեռքերը դանդաղ բարձրացրեց` հասկացրեց, որ հանձնվում է ու, մատներով ուսը ցույց տալով, բարձրաստիճան սպաներ պահանջեց, իբր բանակցություններ վարելու համար:
*****
Իհարկե, երկրապահ ջոկատներով, ցաքուցրիվ, հաճախ չհամագործակցված գրոհներ ձեռնարկող փոքրաթիվ խմբերով անհնար էր կանոնավոր բանակի դեմ երկարատեւ պատերազմ մղել, մանավանդ` հեռու ու մոտիկ մահմեդական երկրներից անընդհատ ռազմական հրահանգիչներ էին հասնում Արցախ, մարզում հակառակորդի բանակը: Լուրը` Հայաստանի Պաշտպանության նախարարության որոշումով կամավորական մարտախմբերի ցրման, դեռեւս պաշտոնական հրապարակումից առաջ հասավ ու իսկույն տարածվեց Վանաձորում: Ռազմիկ Մադարյանի կնոջ ուրախությունը չափ, սահման չուներ: Դեկտեմբերի վերջին էր, մոտեցող Սուրբ Ծնունդն ու Ամանորը նրա համար կրկնակի, եռակի տոն դարձան: Ոգեւորված սկսեց ամուսնու սիրած աղանդերները, թխվածքները պատրաստել, քաղաքացիական հագուստները լվաց, հարդուկեց, պահարանում կողք-կողքի կախեց: Որ ամեն ինչ նրա սրտի ուզածով լինի: Ու հենց ամուսինը տուն մտավ, տղային գիրկը տվեց:
­ Էս ո¯նց ես մեծացել, բալա ջան:
Նա պատերազմից կոշտացած, կոպտացած մատներով գգվում էր որդուն ու կնոջ հետ չէր խոսում: Կարծես մեղավոր էր իրեն զգում: Կինը համբերեց-համբերեց, չդիմացավ: Սիրտը ճաքելու էր.
­ Կռիվը վերջացրիր, հա՞ Ռազմիկ ջան, ջոկատները ցրվել են:
­ Ջոկատները ցրվել են, բայց բանակը նոր է կազմավորվում:
Նա Ամանորը ընտանիքում, հարազատների հետ անցկացրեց, բայց տոներից անմիջապես հետո զենքերն առավ, նոր ձեւավորված պայմանագրային գումարտակի շարքերն անցավ: Չէ, չէր սխալվել, այդպես էլ կարծում էր` բանակում ամեն ինչ տարբեր էրL Շուրջը ճիշտ է, հիմնականում նույն` ՙԳարեգին Նժդեհ՚, ՙՄեծն Մուրադ՚, կամավորական մյուս ջոկատների ազատամարտիկներն էին, բայց ռազմական գործողությունները մանրակրկիտ նախապատրաստում, հմտորեն ղեկավարում էին խորհրդային բանակի հայ սպաները, որոնք Հայրենիք էին վերադարձել փլուզված երկրի տարբեր ծայրերից: Հենց նրանց ռազմավարական, մարտավարական կարողությունների շնորհիվ նոր ձեւավորվող գումարտակը ՙԾիծեռնակ՚ ռազմական ճամբարում կարճ ժամանակում մարզվեց, հաղթահարեց Վարդենիսի լեռնանցքն ու կարեւորագույն հաղթանակ տարավ` ազատագրեց Քարվաճառը:
*****
Շրջափակման շղթան արագ ճեղքվեց: Ռազմակայանի դարպասները մի պահ բացվեցին, ոսկեկար ուսադիրներով երեք զինվորականներ հայտնվեցին, պահակազորի ուղեկցությամբ դանդաղ առաջացան: Երկու քայլ մնաց, մեկ… Վերջին պահին ներքին ապահովության գործակալները խմբով նետվեցին, փորձեցին Մկրտիչի բազուկներին ձեռնաշղթա անցկացնել, դուրս պրծավ, մի ակնթարթում գրպանից հանեց ձեռնառումբը, արգելակիչը քաշեց, շպրտեց: Հազիվ կարողացավ վեց ամիս առաջ Անկարայի բանտում կախաղան հանված զինընկերոջ հասցեին բղավել.
­ Լեւոն, վրեժդ լուծեցի, կուգան, իմն ալ կլուծեն…
*****
Նոր էին Քարվաճառ մտել, դաշտային հեռակապով հայտնեցին, որ Արցախի կողմից հակառակորդի ցաքուցրիվ ուժերը վնասազերծելով մոտենում է Մոնթե Մելքոնյանի զորամիավորումը:
­ Ովքե՞ր կգնան դիմավորելու, ­ հրապարակում հաղթանակի շուրջպար բռնած զինվորներին դիմեց գումարտակի հրամանատարը:
Ռազմիկն անմիջապես առաջացավ: Մի երեսուն հոգի էլ միացան: Երեք զրահամեքենաներով կիրճ իջան ու գարնանային հալոցքից վարարած գետին համընթաց առաջ շարժվեցին: Ռազմիկը նայում էր ձորի վրա հակված, ամեն րոպե փլուզվել սպառնացող երկնառաք քարափներին, քարափներն ի վեր մագլցող մոշուտներին, տանձուտներին, անհամար նապաստակներին, եղնիկններին, որ զրահամեքենաների հռնդյունից սարսափահար այս ու այն կողմ էին վազվզում, չէր հավատում տեսածին, զարմանում էր, որ այդքան առինքնող է պատմական Հայաստանը: Նա տեղնուտեղը որոշեց, որ հենց պատերազմն ավարտվի, Սիրիայի ավազուտներից Մադարյանների շառավիղներին Քարվաճառ փոխադրի: Չէր կարելի այսպիսի լեռնաշխարհը ամայի թողնել:
Մտքերը չէին ավարտվել, շիկացած մետաղի մի կարծր բեկոր փշրեց լուսանցույցի բացվածքին հենած աջ թեւը: Ղաչաղները« որ դարանակալել էին քարափի անտեսանելի, անհասանելի ծերպերում, միանգամից արկերի տարափ տեղացին կիճում հայտնված զրահամեքենաների վրա: Մինչ հայ մարտիկները կսթափվեին, ինը զոհ տվեցին, տասնութ հոգի ծանր վիրավորվել էին: Ճարահատ դուրս նետվեցին, դիրքավորվեցին գետի երկայնքով, անցան հեռահար հրետակոծության: Ռազմիկն զգում էր, որ պայթող գնդակի հերթական բեկորը շեշտակի մխրճվել է ողերի արանքը, հասել թոքին, բայց կրակահերթերը չէր դադարեցնում, որովհետեւ, եթե դադարեցներ…
Ղաչաղները, ինչպես անսպասելի հայտնվել էին, նույնքան էլ անսպասելի աներեւութացան:
Կիրճի հանդիպակաց կողմից հաղթական քայլերթով մոտենում էր Մոնթե Մելքոնյանի զորամիավորման առաջապահը:
*****
Պայթյունի կապարագույն, թանձր մշուշն ի վերջո ցրվել էր: Հրապարակի կենտրոնում դիապարտ ընկած էր Մկրտիչ Մադարյանը: Շուրջը` երեք բարձրաստիճան սպա, քսաներեք տարբեր ծառայությունների զինվորականներ:
*****
Ռազմիկին ուղղաթիռով Երեւան հասցրին, հիվանդանոցից-հիվանդանոց տեղափոխեցին, մի քանի անգամ վիրահատեցին, չկարողացան բուժել: Ջոկատի հրամանատարը նրան Նոր Մարաշի ոսկրաբուժարանում գտավ, հայտնեց, որ արտերկրի հայ բարերարները նրա մասին իմացել, պատրաստակամություն են հայտնել ցանկացած երկիրը` ընդհուպ Միացյալ Նահանգներ բուժման ուղարկել: Ռազմիկը դժվարությամբ շրթունքները շարժեց, մրմնջաց.
­ Ինձ Սիրիա ուղարկեք:
­ Ինչո՞ւ:
­ Որ Սիրիա գնամ, կլավանամ…
Նա երեք ամիս պառկեց Հալեպի առաջնակարգ հիվանդանոցներում, էլի երկու անգամ վիրահատվեց, ու երբ վերջապես դուրս գրեցին, ոտքերը հազիվ փոխելով, դժվարությամբ շնչելով նախ զարմիկի` Մկրտիչի հուշաքարին այցելեց, շուրջը հայրենի հող սփռեց, ծնկի իջավ, մրմնջաց.
­ Հանգիստ քնիր, ախպեր ջան, ես քո վրեժը լուծեցի այնպես, ինչպես դու Լեւոն Էքմեքճյանինը լուծեցիր:
Հետո գնաց Տեր­Զոր, նորակառույց մատուռում մոմ վառեց: Լռեց, բայց մտքում նույնը անապատի ավազների վրա անթաղ մնացած հարազատներին ասաց: Ի վերջո Վանաձոր` հայրենի քաղաքը վերադարձավ, վճռական զորակայան մտավ.
­ Ուզում եմ ծառայել հայկական բանակում:
Բարձրաստիճան սպաները տարակուսած նայեցին նրան, ապա` իրար:
­ Գիտեմ ինչու եք լռում, ­ հարձակման անցավ Ռազմիկը, ­ չեք ուզում երես առ երես ասել, որ ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, մի ոտքս մյուսից չորս սանտիմետր կարճ է, թոքս վերջնականապես ապաքինված չէ, Թող լինի, այս վիճակում էլ, հարկ եղավ, կկռվեմ« Հայրենիքս կպաշտպանեմ:
Նրան մեկ օր մտածելու ժամանակ տվեցին:
Հաջորդ առավոտ ներկայացավ, պնդեց իրենը: Նույնը երկրորդ, երրորդ, չորրորդ օրը:
Հինգերորդ օրը զորահրամանատարը ոտքի կանգնեց, սեղմեց ձեռքը, որոշումը հանձնեց.
­ Կապիտան Մադարյան, անցեք ձեր ծառայողական պարտականությունների կատարմանը…