Գեւորգ ՄԱԴՈՅԱՆ /1911-1990/, ՀԱՅՈՒ ԲԵԿՈՐՆԵՐ

Թիւ 1-2 (12-13) 2000, էջ 95-100
Գեւորգ ՄԱԴՈՅԱՆ /1911-1990/, ՀԱՅՈՒ ԲԵԿՈՐՆԵՐ՚
/Գեւորգ Մադոյանը 1968 թվականին խորհրդային գիտնականների խմբով եղել է Թուրքիայի Հանրապետությունում եւ գրել ՙՄեր օրերի Թուրքիան՚ ուղեգրությունը, որից ստորեւ տպագրում ենք հայկական գաղութին վերաբերող հատվածը:/
ՙԲնօրրան՚
ՀԱՅՈՒ ԲԵԿՈՐՆԵՐՙ
Փոխադրանաւը մտնում է Բոսֆորի նեղուցը: Եղանակը հրաշալի է, Ստամբուլի ասիական մասը մի թեթեւ կապոյտ մշուշի մէջ է: Կարծես արեւի բոլոր ճառագայթները ցանուել են եւրոպական ափի վրայ, որը մեզ համար դեռ անյայտ է: Ամէն րոպէ մեր առաջ բացւում են նոր տեսարաններ: Ծովի խորքերից փոխադրանաւին ընդառաջ են գալիս Իշխանաց կղզիներն իրենց կախարդական գեղեցկութեամբ: Ահա դրանցից առաջինը՝ Եասլի ատան իր ժայռեղէն բարձունքներով, անտառապատ տարածութիւնների վրայ երեւացող ցանցառ շէնքերով: Բաւական անմատչելի է որպէս կղզի: Զբօսաշրջիկների համար բոլորովին անմատչելի է որպէս պետական մի շարք գործարքների գաղտնարան: 1961 թ. այստեղ դատեցին վարչապետ Ադնան Մէնդէրէսին եւ իր մինիստրներին, կախաղանի դատապարտեցին: Դատավարութիւնը գաղտնի էր, ժողովրդի աչքից հեռու: Բայց ահա այսօրուայ ՙՀուրիէթը՚ իր առաջին էջի ամբողջ կէսի վրայ նկարել է Մէնդէրէսի դիակը եւ ծանօթագրել. ՙԺողովուրդը թիւրիմացութեան մէջ է. Մէնդէրէսը կախաղան չի բարձրացել. բարեկամ մարդիկ դատավարութեան ժամանակ նրան թոյն են բերել. բանտ վերադառնալով նա խմել է թոյնը եւ քնել. տեսէք դիակը.դա կախաղանի վրայ տանջամահ եղած մարդու դիակ չէ՚: Իսկ միւս էջի վրայ՝ ՙԼրանում է մեծ հայրենասէր Ադնան Մէնդէրէսի մահուան եօթերորդ տարեդարձը. ով հավատացեալներ, բոլոր մզկիթներում կատարեցէք մեւլուտի /հոգեհանգստի/ արարողութիւն՚:
ՙՄեծ հայրենասէր՚ են յորջորջւում նաեւ վատահամբաւ Էնվէրը, Թալեաթը եւ Ջէմալը, որոնք մի ժամանակ նոյն թուրքական պաշտօնական շրջանների կողմից օրէնքից դուրս էին յայտարարուած:
Հեռուից երեւում է Գնալը կամ Քընալը կղզին: Այն գրեթէ ամբողջովին հայկական է: Հարուստ ու շքեղ ամառանոցների վրայ իշխում է Հայոց եկեղեցին: Այս գեղատեսիլ կղզու ամէն մի մէտրը նկարագրուած է Զոհրապի, Տիգրան Կամսարականի եւ այլոց երկերում:
Վայրէջք ենք կատարում Մեծ կղզում: Մեզ սպասում են հարիւրաւոր կառքեր: Մի բարձր տախտակամածի վրայ տեղաւորուած մէկը ռադիոյով տալիս է կառքի համարը. կառապանը առաջ է շարժում իր ձիերը,եւ չորս զբօսաշրջիկ վերցնելով, ճամբա ընկնում: Մօտենում է յաջորդ կառքը: Կառապանները յատուկ զգեստ չունեն: Զրուցասէր են, որպէս իսկական կառապան վարսավիրից աւելի շատախօս: Բայց չեն թողնում ձիերը նկարել: Երբ տեսնում է, որ մէկը դիմացից լարում է լուսանկարչական գործիքը իր կառքը լուսանկարելու համար, կառքից ցած է թռչում, թեւերը բարձրացրած վազում գործիքի վրայ:
Մեծ կղզում փոխադրական երեք միջոց կայ. բեռները տեղափոխում են ջորիներով, մարդկանց՝ կառքերով կամ թամբած էշերով: Անցնելով գեղեցիկ ու փարթամ առանձնատուն-ամարանոցների միջով, պտոյտ ենք կատարում կղզու շուրջը կառքերով: Ամերիկուհիները, որոնք չափից աւելի կարճ շրջազգեստներ են հագած, գերադասում են իշով շրջել:
Ճաշում ենք ՙԿապրի՚ շքեղ ռեստորանում: Ստամբուլում իւրաքանչիւր ռեստորան իր հիմնարկը կոչում է իր ճաշակով: Սամաթիայում կայ Պիեռ Լօթի ռեստորան. հիմնարկի տէրը որպէս գրասէր մարդ՝ արժանին հատուցելով բախտախնդիր գրչակի՝ թուրքական ջարդարարութիւնը գովերգող վէպերին, նրա անունով է կոչել իր հիմնարկը:Կայ նաեւ ՙԲօզ քուրդ՚ /գորշ գայլ/ ռեստորան: Գորշ գայլը անապատում մոլորուած Մուհամմէդի հետեւորդներին կորստից փրկողն է, որ մի օր պիտի ոռնայ եւ իր շուրջը համախմբի ամբողջ մահմէդական աշխարհը: Հիմնարկի տէրը մոլի պանթիւրքիստ է: Եթէ Պիեռ Լօթի ռեստորանում մինչեւ ուշ գիշեր թրեւ եկող դատարկաշրջիկները մոլի ջարդարարներ են, ապա գորշ գայլի շուրջը թրեւ եկողները մոլի պանթուրքիստներ են:
Լողանում ենք Մարմարայի ջրերում: Նաւահանգիստ վերադառնալիս հանգստանալու համար նըս-տում եմ մի ամարանոցի առաջ: Կարդում եմ ցուցանակը՝ Բժիշկ Հերմոն Արաքս: Այդ ազգանունն ինձ ծանօթ է. նա Ստամբուլի ս. Խաչ դպրեվանքի վարժարանի հոգաբարձուն է: Կարելի է ներկայանալ եւ ծանօթանալ, բայց ստիպուած ենք զգուշանալ: Չլինի կասկածի տակ գցենք մարդուն:
Նաւահանգստում մի գրախանութի ցուցափեղկում տեսնում եմ Մահմուդ Սաքալի ՙՄեր գիւղը՚ գրքի հրատարակութիւնը: Այդ գրքում պատմւում է թուրքական գիւղի թշուառութեան մասին: Տարիներ առաջ այն ամբողջովին տպագրուեց ՙՊրաւդայում՚, թարգմանուել է նաեւ հայերէն:
-Հետաքրքիր է՝ նորից է լոյս տեսել Սաքալի գիրքը,- ասում եմ ընկերոջս, ցոյց տալով գիրքը:
Այդ մի քանի բառը մոգական նշանակութիւն է ունենում:
– Այո, հայեր են:
– Ամերիկայէ՞ն եկած են:
– Չէ, ճանըմ, թօհաֆ լեզու մը կը խօսին:
Շուտով մեզ շրջապատուած ենք գտնում հայ կանանց եւ երեխաների մի սեղմ շղթայով: Հետաքրքիր մարդիկ են պոլսահայ տղամարդիկ. նրանք հիմա աշխատում են քաղաքում, դրամ շինում, իսկ նրանց ընտանիքները ահա հանգստանում են կղզիներում: Նրանք կիրակի օրերը գալիս են ընտանիքներին այցելութեան: Եթէ կիրակի օր գայինք, նրանց միասին կտեսնէինք:
– Երեւանէն եկած են:
– Ի՞նչ կըսես, ոտքըդ պագնեմ:
Լուրը հաղորդւում է վերջին շարքերին եւ օղակն աւելի է սեղմւում:
Պոլսահայերը շատ քիչ բան գիտեն Սովետական Հայաստանի մասին: Նրանք ամբողջովին լսողութիւն դարձած կլանում են ակադեմիկոս Ծատուր Աղայեանի պատմածները Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երեւանի մասին: Ոգեւորութիւնը մեծ է: Նրանք բազմաթիւ հարցեր են տալիս, որոնք երբեմն շատ միամիտ են եւ նոյնիսկ արտառոց:
– Աղջիկները կրնա՞ն վարժարան երթալ: Հայկական վարժարաններ կա՞ն Երեւանի մէջ: Մէկը կրնա՞յ օթոպիւս ունենալ:
Մեր ակադեմիկոս բարեկամի բացատրութիւնները լսում են մեծ հափշտակութեամբ: Գոհ են: Տալիս են նորանոր հարցեր: Մենք նրանց երեւանեան կրծքանշաններ ենք բաժանում. ուրախանում են եւ տեղնուտեղը փակցնում կրծքներին:Մի կին ինձ նուիրում է ՙԲաֆրա՚ մի տուփ ծխախոտ.
– Ներեցէք, աւելի լաւը չկայ:
Թուրքիան կարելի է ասել՝ ծխախոտի հայրենիքն է: ՙԲաֆրան՚ լաւ ծխախոտ է, բայց վատ է պատրաստուած: Բոլոր սիգարներն առանց ֆիլտրի են: Ֆիլտրով միայն ՙՍամսուն՚ սիգարէտներն են, որ ամերիկեան գործարաններում են պատրաստւում եւ շատ թանկ են: Վերջերս Աշգալայում, թէ Էրզրումում իր ելոյթի ժամանակ Բաշբաքան Դէմիրելն ասաց, որ շատ շուտով երկրում կսկսուի սեփական ֆիլտրաւոր ծխախոտի թողարկումը:
Իմ հերթին նուիրում եմ ՙԵրեւանի աէրոֆլոտ՚ սիգարետի մի տուփ: Կինը աշխարհով մէկ է լինում: Հպարտութեամբ ցոյց է տալիս ուրիշներին:
– Երեւանի մէջ պատրաստուած է: Տեսէք, տեսէք, գիրերը հայերէն են: Ինչքա՞ն պիտի ուրախանայ ամուսինս: Մեր տուն ամէն եկողի պիտի ցուցանէ:
Ստամբուլ մեկնող փոխադրանաւը մօտենում է: Մենք նաւ ենք բարձրանում: Ոմանք մեզ հետ Ստամբուլ են գալու: Միւսները սպասելու են Քընալը մեկնող փոխադրանաւին: Մեր նաւը հեռանում է ափից: Մեր ետեւից ճոճում են տասնեակ թաշկինակներ:
ՍՏԱՄԲՈՒԼԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ստամբուլը բիւրաւոր գաղտնիքներ ունի հայ մարդու համար: Մի ժամանակ այստեղ փարթամօրէն զարգացել է հայ մշակոյթը. նա եղել է այս երկրում ապրող հայութեան լուսաւորութեան կենտրոնը: Տասնհինգ օրը, որից միայն չորսը յատկացրինք այս քաղաքի ուսումնասիրութեանը, շատ քիչ էր թէկուզ ծոցատետրում նշուած առեղծուածների մի մասը պարզելու համար:
Երբ Թոփ գափուի բարձունքից ներքեւ ես նայում ոտքերիդ տակ եօթ բլուրների վրայ փռուած հսկայ քաղաքին, չորս կողմդ տարածուող հրաշակերտների մէջ առանց ուրիշի օգնութեան երբեք էլ չես կարող գտնել Սինան ճարտարապետի կամ Պալեան ճարտարապետական գերդաստանի ձեռքով հարիւր-ամեակների ընթացքում կառուցուած շէնքերը: Մեզ ուղեկցողները չգիտեն դրանց տեղը եւ չեն էլ ուզում գիտենալ:
16-րդ դարում է գործել Սինան ճարտարապետը: Նա կառուցել է երեք հարիւրից աւելի շէնքեր, մօտ 30 պալատ: Որո՞նք են դրանք, թէկուզ միայն պալատները: Ուղեկցորդը միայն Սուլէյմանիէ մզկիթն է յիշատակում:
Դոլմա բահչէն դիտելիս մեր ուղեկցորդը, որ երէկ քաղաքի տեսարժան շէնքերը ցուցադրելիս վիճում էր, թէ Պալեանները իտալացի են, այսօր հաւանաբար կարդացել է նրանց մասին ինչ-որ աղբիւրներ եւ ուղղում է իր սխալը, բայց նորից է սխալւում, յայտարարում է, որ Դոլմա բահչէն կառուցել է Պալի Պալեանը, այնինչ Պալին մահացել է այս պալատի կառուցումից 75 տարի առաջ. պալատը կառուցողը նրա ծոռն է՝ Կարապետ Պալեանը:
Թուրք էքսկուրսավարին բոլորովին չի հետաքրքրում այն հարցը, թէ ո՞ր ճարտարապետական կոթողը, ե՞րբ եւ ու՞մ ձեռքով է կառուցուել: Բաւական է, որ զարդարում ու շուք է տալիս իրենց հեքիաթային քաղաքին:
Եւ մի՞թէ հայ մարդու համար հետաքրքիրը եւ ան-վերծանելին միայն դրանք են: Հապա հայ ականաւոր գործիչների բնակարանները: Օրինակ, ո՞րտեղ է ապրել Յակոբ Պարոնեանը, Գրիգոր Զոհրապը կամ Ստամբուլ այցելելիս որտե՞ղ է իջեւանել Կոմիտասը:
Որտե՞ղ է ապրել Սարգիս Պալեան ճարտարա-պետը, որի կուրծքը զարդարում էին աշխարհի բոլոր հզօր պետութիւնների շքանշանները, բայց իր տան մէջ հայերէն էր խօսում… Ո՞րն է այն ապարանքը այս արեւով ողողուն, հիասքանչ պարտէզներով զարդարուն քաղաքի տների մէջ, որտեղ հարիւր տարի առաջ Սարգիս եւ Մաքրուհի Պալեան ամոլը ստեղծեց ՙՄայր Արաքսի ափերով՚ հոգեզմայլ երգը, որը յետոյ դարձաւ ամէն հայի շրթունքների զարդը: Այդ երգը մենք երգում էինք Անկարայից դէպի հարաւ կատարած ճանապարհորդութիւնից վերադառնալիս:
– Լաւ երգ է, – ասաց վարորդի օգնական Զիան, որ ուշադիր լսում էր, – ինչի՞ մասին է:
– Վաթանի:
– Բայց ինչո՞ւ այդքան տխուր է:
Ինչո՞ւ է այդքան տխուր: Դժուար հարց է: Մի խօսքով չես կարող պատասխանել:
Թուրքական հանրագիտարաններից միայն ՙԻսթամբուլ անսիքլօպեդիսի՚-ի մէջ ենք հանդիպում Ստամբուլի հայկական լոկ մի քանի յուշարձանների համառօտ նկարագրութիւնը: Հայկական բոլոր յուշարձանների, յիշարժան կառոյցների,ականաւոր մարդկանց բնակարանների ընդարձակ նկարագրութիւնը հաւանաբար մի քանի հատորներ կկազմի: Դա կլինի մի շատ ուսանելի գիրք: Բայց այդ գիրքը չի գրուելու:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Ստամբուլ ոտք դնելով, մենք ամենից առաջ հետաքրքրւում էինք հայկական համայնքի կեանքով: Այստեղ ապրում է աւելի քան հարիւր յիսուն հազար հայ: Համայնքն ապրում է իր ինքնուրոյն եւ ուրոյն հասարակական ու մշակութային կեանքով: Քաղաքի 33 հայկական եկեղեցիներին կից գործում են թաղային խորհուրդներ, որոնք եւ ղեկավարում են համայնքի բոլոր գործերը: Մինչեւ 1915 թ. այդ, ինչպէս եւ գաւառներում գործող թաղական խորհուրդները սուլթանների կողմից 1863թ. հաստատուած՝ Հայոց ազգային սահմանադրութեան հիման վրայ միանալով, կազմում էին Հայոց ազգային ժողովը: Հայերի նկատմամբ գործադրուած գենոցիդի քաղաքականութեան իրականացումից յետոյ, 1916թ. օգոստոսի 11-ի կառավարական որոշմամբ վերացուեց Հայոց ազգային սահմանադրութիւնը, Ազգային Ժողովը ցրուեց: Ներկայումս թաղական խորհուրդները գործում են անջատ-անջատ, եւ արգելւում է նրանց միաւորումը:
Գաւառներում Հայկական դպրոցներ գոյութիւն չունեն, հայ երեխաները եւս թուրք եւ քուրդ երեխաների նման դպրոցի երես չեն տեսնում, ուրիշ տեղերում յաճախում են թուրքական դպրոցներ:
Միայն Ստամբուլում կան հայկական դպրոցներ: Այստեղ նախակրթարանների թիւը 33-ի է հասնում, կան նաեւ 6 միջնակարգ դպրոցներ ու լիցէյներ: 1954թ. այստեղ բացուել է մի նոր միջնակարգ դպրոց՝ ս. Խաչ դպրեվանքը: Կրթական մինիստրութիւնը արտօնել է այդ դպրոցի բացումը Պատրիարքարանի խնդրանքի համաձայն: Միայն Ստամբուլում գործում է 33 հայկական եկեղեցի /գաւառներում եղած հատուկէնտ եկեղեցիները քահանայ չունեն, այնտեղ ուղարկւում են այսպէս կոչուածª այցելու քահանաներ/: Անհրաժեշտ է հայ եկեղեցիների համար քահանաներ եւ դպիրներ պատրաստել: Կառավարութիւնը համաձայնել է: Սակայն դպրեվանքը աւարտողների միայն մի մասն է ուսման շրջանն աւարտելուց յետոյ հոգեւոր պաշտօն ընդունում: Մեծ մասն ընդունւում են համալսարանները կամ դպրոցն աւարտելուց յետոյ զբաղեցնուն են որեւէ քաղաքացիական պաշտօն: Շիշլիի գերեզմանատան գրասենեակի կառավարիչ Կարպիս Սիմոնեանի օգնական Թորգոմ Տեմիրճեանը դպրեվանքից յետոյ այս տարի ընդունուել է տեխնիկական համալսարան: Այստեղ նրա ուսման ծախսերը հոգալու է Շիշլիի թաղական խորհուրդը: Եկել է Տիգրանակերտից: Սկզբում հայերէն չի գիտեցել. սովորել է դպրեվանքում, հիմա խօսում է շատ հղկուած ու հիւթեղ հայերէնով: Ընդունակ, զարգացած եւ հաճելի երիտասարդ է: Ի հատուցումն թաղական խորհրդի հոգատարութեան՝ նա ազատ ժամերին օգնում է գերեզմանոցի վարչութեանը:
Այս դպրոցի մասին 1968թ. սկզբներին Պատրիարքարանի հրատարակած տեղեկագրից երեւում է, որ այն ազգապահպանման խոշոր միսիայ ունի: Սովորողների թիւը 123 է. պահւում է նուիրատւութիւնների հաշուին. ամբողջ աշխարհում ունի իր այսպէս ասած՝ ՙՕժանդակները՚, որոնք օգնում են դրամով: Սովորողները մեծ մասամբ Անատոլուից եւ Ստամբուլի շրջակայքից հաւաքուած որբ մանուկներ են. դպրեվանքը նրանց պահում է, դաստիարակում, եկեղեցիներն ուղարկում դպիրութեան կամ նշանակում որեւէ պաշտօնի: Շնորհ Պատրիարքի յիշեալ տեղեկագրում յստակօրէն ձեւակերպուած է այս դպրոցի նպատակը՝ կորստից փրկել հայ որբ մանուկներին՝ ՙջամբել անոնց հայոց լեզու, հայու պապենական հաւատք, հաւատարմութիւն, եղբայրութիւն եւ քաղաքացիական ընտիր դաստիարկութիւն՚:
Այս սկզբունքով են առաջնորդւում ընդհանրապէս ստամբուլահայ բոլոր դպրոցները: Արդիւնքներն աւելի քան գոհացուցիչ են:
Ուսումնական տարուայ նախօրեակին մենք այցելեցինք միայն Գազանճեան որբանոցը, որ ունի 190 սան: Դրանք մեծմասամբ գալիս են Տիգրանակերտից, Երզնկայից: Մեզ յայտնում են, որ գլխաւորապէս նոյն վայրերից են գալիս նաեւ օրիորդաց Գալֆայեան որբանոցի սանուհիները: Եռայարկ բարեկարգ դպրոցի շէնքում, որն ունի օրինակելի դասասենեակներ, ննջարաններ, ճաշասրահներ, մենք հանդիպեցինք առաջին դասարան ընդունուածներին: Մեր առջեւ իրար հրմշտելով, մեզ նայելով ու ծիծաղելով, աղմուկով անցնում էին գեղեցիկ, ուժեղ, կայտառ հայ որբուկների զոյգերը, որոնք դեռ հայերէն ոչ մի բառ չգիտէին: Հոգաբարձուները մեզ վստահեցնում են, որ մինչեւ Նոր տարի երեխաները արդէն բաւական բառապաշար կունենան եւ յաջողութեամբ կը իւրացնեն դասընթացը: Երկրորդ տարուանից նրանք կանոնաւորապէս կգիտենան իրենց մայրենի լեզուն:
Մի մանրուք, որ շատ բնութագրական է ոչ միայն Գազանճեան որբանոցի, այլեւ ստամբուլահայ բոլոր դպրոցների համար: Որբանոցի հոգաբարձութեանը մենք գտանք աշխատանքային եռուզեռի մէջ: Հոգաբարձութեան կամ խնամակալական խորհրդի անդամներից Արամ Մալխասը եւ Հայկ Ասլանեանը վաճառականներ են, Լորիս Չօպանգիլը՝ իրաւաբան, Արտաւազդ Չօպանեանը՝ բժիշկ: Նրանք ընտրուած են 4 տարի ժամանակով եւ հաստատուած կրթական մինիստրութեան կողմից: Մեր այցելութեան ժամանակ նրանք ստուգում էին ընդունուածների գործերը՝ մինիստրութեան առաջ զեկուցելու: Հասարակական հիմունքներով կատարուող այդ աշխատանքները նրանցից, անշուշտ, ժամանակ են խլում եւ մեծ ժամանակ, բայց նրանք սիրայօժար կատարում են այդ զոհաբերութիւնը:
Ստամբուլի հայ երեխաների հիմնական մասը յաճախում է հայկական նախակրթարաններ. ինչ խօսք, որ քիչ չեն նաեւ այլ լեզուներով նախակրթարաններ մտնող հայ երեխաները: Եթէ առաջինների ծնողները գտնում են, որ երեխան ուսման մէջ առաջին քայլերը կատարելու է անպայման մայրենի լեզուով, որը նրան անհրաժեշտ է մայրական կաթի նման եւ ուծացման առաջն առնելու գլխաւոր միջոցն է, ապա երկրորդների ծնողները մեծ մասամբ կապուած լինելով օտար շրջանների հետ, հեռու են հայկական միջավայրից եւ աւելի բարւօք են համարում հէնց մանկուց երեխաներին մօտեցնել իրենց նախընտրելի միջավայրին, որով գիտակցաբար իրենց երեխաներին դնում են ուծացման ճանապարհի վրայ:
Հայկական նախակրթարանն աւարտելուց յետոյ երեխաները մտնում են հայկական կամ ֆրանսական, անգլիական, գերմանական, թուրքական լիցէյներ: Հայկական լիցէյ ընդունուած կարիքաւոր աշակերտներին օժանդակելու համար թաղական խորհուրդները եւ դպրոցներին կից խնամակալական խորհուրդները հոգում են նրանց ուսման ծախսերը: Իւրաքանչիւր թաղական խորհուրդ տարբեր դպրոցներում իր հաշուով պահում է 5-6 կարիքաւոր աշակերտ, վճարում է նրանց ուսման վարձը, հոգում հագուստի ու սննդի մասին: Այստեղից էլ պարզ է, որ օտար դպրոց գնացողները մեծ մասամբ ունեւորներն են, որոնք թաղական խորհուրդների օժանդակութեան կարիքը չեն զգում: Սակայն դա չի նշանակում, թէ հայկական լիցէյ միայն չքաւորներն են ընդունւում: Հարուստների մէջ եւս կան հայրենասէր մարդիկ, որոնք իրենց զաւակներին մայրենի լեզուով միջնակարգ կրթութիւն տալուց յետոյ տեղաւորում են համալսարաններում:
Հայկական միջնակարգ դպրոց կամ լիցէյ աւարտողները կատարելապէս տիրապետում են հայերէնին, թուրքերէնին եւ 1-2 եւրոպական լեզուի: Դա նրանց հնարաւորութիւն է տալիս ազատ կերպով սովորելու նախընտրած համալսարանում:
Հայկական դպրոցները գտնւում են Թուրքիայի կրթական նախարարութեան հսկողութեան տակ: Մինիստրութիւնը սահմանել է դասաւանդուելիք առարկաների ցանկը, դրանց յատկացուող ժամերի քանակը: Բոլոր առարկաները դասաւանդւում են հայերէնով: Որպէս պարտադիր առարկայ մտցուած է թուրքերէնը: Պատմութիւնը եւ աշխարհագրութիւնը, որ իրականում միայն Թուրքիայի պատմութիւնն ու աշխարհագրութիւնն են, դասաւանդւում են նախակրթարանի վերջին դասարանից եւ թուրքերէնով:
Հայոց դպրոցների գործունէութեան համար կրթական մինիստրութիւնը պատասխնատու է ճանաչում Պատրիարքարանին: Չնայեած որոշ կաշկանդումներին, Պատրիարքարանը մեծ դեր է կատարում կրթական, հանրային գործերում: Վերջերս Պատրիարքի՝ Թուրքիայի հայկական գաւառներում կատարած շրջագայութիւնը պէտք է գնահատել որպէս այդ երկրում ազգապահպանման ասպարէզում կատարուած անգնահատելի գործ:
Կրթական գործին կարեւոր մասնակցութիւն են բերում նաեւ Թուրքահայ ուսուցիչների միութիւնն ու Ուսուցչաց հիմնարկը:
Հայկական մամուլի էջերում հանդիպում ենք ստամբուլահայ կրթական գործի վերաբերեալ երբեմն խիստ քննադատութիւնների: Եւ դա հասկանալի է միանգամայն. յիշեալ դպրոցները եւ հէնց թուրքական դպրոցների ու նոյնիսկ համալսարանների մի զգալի մասը մասնաւոր է: Իւրաքանչիւր դպրոցի տնօրէն ըստ իր տրամադրութեան տակ եղած ուսուցչական կազմի եւ նիւթական միջոցների՝ ամէն ինչ անում են դպրոցը լաւ վիճակում պահելու համար: Մի գլխաւոր թերութիւն՝ ամէն դպրոց իր ծրագրերն ու դասագրքերն ունի. նշանակում է կրթական գործում որեւէ միասնական պահանջ եւ մօտեցում չկայ: Յայտնի է, որ Հայաստանի ՙԼոյս՚ հրատարակչութիւնը վերջին տարիներս սփիւռքի համար մի շարք դասագրքեր հրատարակեց. ըստ մամուլի արձագանքների դրանք լաւ ընդունելութիւն գտան սփիւռքահայ ուսուցչութեան կողմից, դրական նշանակութիւն ունեցան շատ գաղթավայրերում, մասնաւորապէս մայրենի գրականութեան եւ լեզուի դասաւանդման որակի բարձրացման գործում: Դասագրքերը թերեւս ամենից աւելի պէտք են ստամբուլահայ դպրոցներին, բայց դժբախտաբար դրանք մինչեւ այժմ դեռ այնտեղ մուտք չեն գործել, որովհետեւ արտասահմանից եւ մանաւանդ ՍՍՀՄ-ից որեւէ գրականութեան մուտքը երկիր արգելուած է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ
Մեր խմբի մի քանի բուժաշխատողներ խնդրեցին մեր հիւրընկալներին մեզ ցոյց տալ որեւէ բուժհիմնարկութիւն: Մեզ ասացին, որ մեր շրջագայութիւնների ծրագիրը շատ է ծանրաբեռնուած, նախատեսուած են շատ օբեկտներ, իսկ այդ ծրագիրը յեղաբեկել հնարաւոր չէ: Այդ խնդիրը կրկնուեց նաեւ Ստամբուլում: Պատասխանը նոյնն էր:
Ստամբուլից մեկնելու նախօրէին մեզ յայտարարեցին, որ ճաշից յետոյ շրջագայութիւն չի նախատեսւում, ամէն ոք իր ցանկութեամբ կարող է ժամանակն օգտագործել: Մենք ակադ. Ծատուր Աղայեանի հետ գնացինք հիւպատոսարան, ապա ՙՊայքար՚ շաբաթաթերթի խմբագրութիւն:
Եւ ահա մեր բացակայութեան ժամանակ յայտնում են, որ բուժաշխատողների խնդրանքը կատարւում է: Հիւրանոցում մնացած ընկերներին առաջնորդել են Ստամբուլի ամենաօրինակելի բուժհիմնարկութիւնը՝ Հայոց ազգային հիւանդանոց: Մեր ափսոսանքը նկարագրել չի կարելի: Մենք ինքներս խնդրում էինք մեր հայ բարեկամներին այդ հիւանդանոցը այցելելու մասին: Բայց անցածն անցել էր: Յաջորդ օրը մեկնելու էինք եւ այլեւս հնարաւորութիւն չպիտի ունենայինք այդ հիմնարկը տեսնելու հաճոյքն ունենալ:
Ազգային հիւանդանոցի մասին մենք շատ էինք կարդացել: Բայց այժմ այդ հիմնարկի վերաբերեալ մանրամասնութիւններ ստիպուած էինք լսել ռուս մասնագէտներից: Երկու բժշկուհիներ հիացած, իրար լրացնելով պատմում էին այդ երեկոյ իրենց տեսածն ու լսածը: Նրանք աշխատում են Մոսկուայի առաջնակարգ բուժարաններում: Նրանցից մէկը բժշկական գիտութիւնների դոկտոր է: Նրանց հիացական գնահատականները շատ բան են ասում այդ հիմնարկի մասին. ահա դրանք:
-Դա երկրի առաջնակարգ հիւանդանոցն է. հիմնուած է 1832 թուականին: Գործում է հասարակական հիմունքներով, պահւում է հայ համայնքի հաշուին: Ներկայումս ունի 360 մահճակալ: Աշխատում են տար-բեր մասնագիտութեան 35 բժիշկ, 200 միջին եւ կրտսեր բուժաշխատող: Ունի իր պոլիկլինիկան, աչքի, քիթ-ականջ-կոկորդի, ներքին հիւանդութիւնների, հոգեբուժական բաժիններ, ատամնաբուժական, ռենտգէնի, տարրալուծման աշխատանոցներ: Ունի լաւագոյն սարքաւորում, բուժումը կատարւում է առաջաւոր մեթոդներով: Զգալի թիւ են կազմում ռադիումի միջոցով բուժուած քաղցկեղով տառապածները: 1968թ. սկզբին ընդարձակուել է ծերանոցը՝ աւելացել են 17 բնակարաններ՝ իւրաքանչիւրը 2-ական մարդու համար, լոգարանով, խոհանոցով եւ հարմարաւետ կահոյքով:Հիւանդանոցը հիմնականում պահպանւում է հայ մարդկանց նուիրատւութիւններով եւ կտակներից ստացուող հասոյթներով: Ներկայումս կառավարութիւնը եւս սկսել է որոշ օժանդակութիւն ցոյց տալ. դրամական օժանդակութիւնը շատ փոքր է. հոգաբարձութիւնն իր գոհունակութիւնն է յայտնում այն բանի համար, որ սնունդը եւ դեղորայքը արդէն ստացւում են կենտրանացուած կարգով: Քաղաքում գործում են բազմաթիւ մասնաւոր հիւանդանոցներ: Միւսների համեմատութեամբ այստեղ բուժումն աւելի էժան է, հետեւաբար սպսարկման աւելի լայն շրջան ունի:
Այդ բոլորի վրայ մենք աւելացնում ենք նաեւ հիւանդանոցի կողմից տասնամեակների ընթացքում պարբերաբար հրատարակուած ՙՏարեցոյցները՚, որոնք անչափ արժէքաւոր գիտական եւ տեղեկատու նիւթ են պարունակում:
ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ
Ստամբուլում լոյս է տեսնում 10 հայերէն պարբերական, հրատարակւում են ինքնուրոյն եւ թարգմանական բազմաթիւ գրքեր, կայ ընդունակ, կարող եւ հայրենասէր մտաւորականութիւն: Մեր տրամադրութեան տակ եղած կարճ ժամանակում աշխատեցինք ի մօտոյ ծանօթանալ հնարաւորին չափ շատ մշակութային գործիչների հետ: Մեր հանդիպումները օգտակար կարող էին լինել ՙՔուլիս՚ թատերա-երաժշտական հանդէսի խմբագիր-տնօրէն Յակոբ Այվազի, ՙԺամանակ՚, ՙՄարմարա՚ օրաթերթերի, ՙԿաւրօշ՚ երգիծաթերթի խմբագրութիւններին: Այդպիսի լայն ծանօթութիւնների հնարաւորութիւնը չստացանք:
Մեզ բախտ վիճակուեց ծանօթանալու միայն ՙՊայքար՚ երկշաբաթաթերթի շուրջը համախմբուած գրողների եւ մտաւորականների մի փոքր խմբի հետ: Այս թերթը ընդամէնը մի տարուայ պատմութիւն ունի, սկսել է լոյս տեսնել 1967թ. մայիսից, սակայն արդէն իր որոշակի տեղն ունի ստամբուլահայ մամուլի միւս օրգանների շարքում: ՙՊայքար՚-ն ունի ընթերցողների եւ համակիրների մի լայն շրջան, ինչպէս Ստամբուլում, նոյնպէս եւ արտասահմանում: Թերթը ոչ միայն արձագանքում է ստամբուլահայ եւ թուրքա-հայ ներքին կեանքին, առատ նիւթ հաղորդում սփիւռքահայ կենտրոններից, այլեւ ճշմարտացի եւ թարմ տեղեկութիւններ է տալիս Մայր Հայրենիքի տնտեսական ու մշակութային կեանքի մասին, մի բան, որից խուսափում են միւս թերթերը, բաւարարուելով միայն թուրքական պաշտօնաթերթերում ՍՍՀՄ-ի եւ Հայաստանի մասին եղած հաղորդագրութիւնները արտատպելով: Իսկ այդ թերթերում հանդիպող հաղորդագրութիւնները համարեա միշտ միտումնաւոր են, մտացածին, ոովհետեւ այդ նիւթերի մատակարարողը՝ Անկարայի հեռագրական գործակալութիւնը արտասահմանում սովորաբար թղթակիցներ չունի. ՍՍՀՄ-ի մասին լուրերը վերցնում է արտասահմանեան, իրեն գաղափարապէս հարազատ թուացող աղբիւրներից, գլխաւորապէս ԱՄՆ եւ ԳՖՀ գործակալութիւններից եւ իր յարմար գտած մեկնաբանութիւններով ներկայացնում:
ՙՊայքարի՚ խմբագրապետ-հրատարակիչ Յակոբ Սվազլեանը միջին տարիքի, եռանդուն ու գործունեայ մարդ է. ունի գրքեր. առանձին հատորով լոյս է ընծայել Սովետական Միութիւնում եւ Հայաստանում կատարած իր ուղեւորութիւնների մասին:
Մեր հանդիպումը տեղի է ունենում ՙՊայքարի՚ խմբագրատանը, որ գտնւում է իր տպարանի վերնայարկում: Ափսոսում ենք, որ հիւանդութեան պատճառով հանդիպմանը չի կարող մասնակցել ստամբուլահայ գրողների նահապետ, վաստակաշատ արձակագիր Յակոբ Մնձուրին:
Ներկայ եղողների մէջ կան տարեց գրողներ, ինչպիսիք են բանաստեղծ Գուրգէն Թրենցը, ՙՊարտէզ՚ մանկական հանդէսի խմբագիր, բանաստեղծ Ատրինէ Տատրեանը, գրող եւ թարգմանիչ Արմենուհի տոքտ. Էօզերը, որոնք գրական ասպարէզ են եկել տասնամեակներ առաջ, տուել զգալի արտադրանք, լիուլի բաւարարել իրենց հայրենակիցների ընթերցասիրութեան պահանջները, լուրջ ներդրում կատարել երիտասարդութեան հայեցի դաստիարակութեան գործում:
Մենք Թրենցի հետ հանդիպում ենք որպէս հին ծանօթներ: Նրա գրքերը կան Հայաստանի գրականութեան եւ արուեստի թանգարանում, բայց նա չորս գեղակազմ հատորների մէջ մարգարտաշար ձեռագրով արտագրել է իր բոլոր արձակ ու չափածոյ գործերը եւ ուղարկել թանգարան: Դրանք թանգարանային արժէքաւոր վաւերագրերի շարքին են պատկանում: Նրա վերջին ՙՊատառիկներ՚ գրքոյկը ոգով երիտասարդ ու առոյգ բանաստեղծի քնարական զեղումների մի հաւաքածու է, փայլում է կեանքի, սիրոյ, հայրենիքի մասին գրաւիչ խորհրդածութիւններով:
Ծերունին ապրում է Րումէլի Հիսարում: Արդէն բաց է թողել իր սովորական շոգենաւը, բայց չի կարողանում մեզնից զատուել: Հարցեր է տալիս, տեղեկանում իր բարեկամ Ստեփան Կուրտիկեանի առողջութեան մասին ու ժպտում, ժպտում իր ծերունական քաղցր ժպիտով: Նա հայրենիքի կարօտն է առնում եւ երջանիկ է:
Սփիւռքահայ հայրենասէր գործչի տիպար է օրիորդ Ատրինէ Տատրեանը: Նա մեծ զոհողութիւնների գնով ահա 25 տարի է, որ հրատարակում է ՙՊարտէզ՚ մանկական պատկերազարդ հանդէսը, ամէն ջանք գործ դնում, որ հայ մանուկը իր հոգեւոր սնունդը գտնի այդ հանդէսում: Գրում է մանկական պիեսներ եւ դպրոցում երեխաների ուժերով կազմակերպում դրանց բեմադրութիւնը: Ուշագրաւ է նրա ՙԳեհէնին ճամբուն վրայ՚ ծաւալուն վէպը, որ նախ մամուլում լոյս տեսաւ թերթօնի ձեւով եւ ապա՝ առանձին գրքով: Վէպում կենդանի գոյներով նկարագրուած են երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաների բնաջնջման նպատակով գերմանական ֆաշիստների գործադրած բարբարոսական միջոցները, դատապարտւում են ազգայնամոլութիւնը եւ ցեղասպանութեան քաղաքականութիւնը: Քննադատութիւնը, գնահատելով հեղինակի լաւատեղեակութիւնը իր նկարագրած միջավայրին, միաժամանակ արձանագրեց, որ նա վէպում այսպէս թէ այնպէս իր բողոքն է արտայայտում նախորդ պատերազմում իր ժողովրդի նկատմամբ իթթիհատական դահիճների գործադրած գազանութիւնների առթիւ, ցոյց տալով, որ հիթլերականները երկրորդ աշխարհամարտում հանդէս եկան որպէս իթթիհատականների աշակերտները: Դատապարտելով աշակերտներին, անարգանքի սիւնին է գամում նաեւ նրանց ուսուցիչներին:
Երիտասարդ շնորհալի արձակագիր է Երուանդ Կոպէլեանը, բանաստեղծութիւններ եւ երգիծական գործեր է գրում Սիմօն Մելիքսէթեանը: Նրանց վերջին գրքոյկները վկայում են, որ նրանք ապրում են թուրքահայութեան շահերով, գրում են նրա համար, պայքարում նրա ուծացման դէմ: Երուանդ Կոպէլեանը հաւաքում է թուրքական մամուլում տպագրուած բոլոր նիւթերը, որոնք վերաբերում են հայերին՝ թուրքական արուեստի, գիտութեան, տեխնիկայի մէջ, մարզական ասպարէզում եւ այլն: Մամուլը գովաբանում է այդ մարդկանց որպէս թուրքի, առանց յիշեցնելու, որ նրանք հայ են: Այս հաճելի երիտասարդը ամառները լինում է Մուշում: Մուշում հայեր կան, բայց խօսում են թուրքերէն եւ իրենց կենցաղով բոլորովին հայի նման չեն: Մեծերը գնում են աղօթատեղի, գիտեն հայերէն. երիտասարդութիւնը մոռացել է մայրենի լեզուն: Հայերի եւ թուրքերի տները թէ ներսից, թէ դրսից իրարից չեն տարբերւում: Բայց խիստ տարբերւում են նրանց արտերը. թուրքերի արտերը աճած են լինում մոլախոտով, նոսր են եւ լի մանր քարերով:
Կոպէլեանի պատմութիւնը համընկնում է Յակոբ Մնձուրիի մի վկայութեանը, որ տպուած է վերջերս ՙՄարմարա՚-ի տպարանում լոյս տեսած նրա պատմուածքների ժողովածուի մէջ: Գայմագամը հաւաքել է թուրք աղաներին եւ ասել. ՙԵս ձեր ու հայերուն արտերը մէկ նայելով կը զատեմ: Ձեր արտերուն ցորենները քարերէն, գէշ խոտերէն խեղդուած են. հայերուն արտերուն մէջ մէկ քար, մէկ փուշ, մէկ տատասկ չես տեսներ՚:
Մեր զրոյցը շատ սրտաբուխ էր: Մենք քիչ բան գիտէինք ստամբուլահայութեան այսօրուայ վիճակի մասին. իրենք աւելի անտեղեակ էին մեր մասին: Սովետահայ մամուլն այստեղ մուտք չի գործում, սովետահայ կեանքի եւ մշակոյթի հարցերին բոլորովին անհաղորդ են մնում: ՙՊայքարը՚ այս կամ այն չափով մեղմում է այդ պակասը, ամէն առիթ օգտագործելով իր ընթերցողներին տեղեակ պահելու Սովետական Հայաստանի անցուդարձին: Նրանք մեզ հեղեղում են հարցերով: Դրանք նման չեն այն հարցերին, որ մեր գլխին տեղում էին տնային տնտեսուհիները Իշխանաց կղզիներում:
Ինչպիսին է Սարդարապատի հերոսամարտի կոթողը: Ի՞նչ նոր երկեր են հրատարակել սովետահայ գրողները, լեզուաբանները, պատմաբանները: Ի՞նչ նորութիւններ կան թատրոնի, երաժշտութեան ասպարէզում…
– Չկրցա՞ք Փափազեանի յօբելեանը կատարել, վախ, վա¯խ, ափսոս…
Մենք եւս հարցուփորձ ենք անում իրենց գործունէութեան պայմանների, ստամբուլահայ գրականութեան հեռանկարների մասին: Նրանք ապրելու եւ աշխատելու հնարաւորութիւններ ունեն, բայց ունեն նաեւ կաշկանդումներ:
Մնձուրին, Թրենցը, Տատրեանը եւ միւսները իրօք դեռ պահպանում են ազգային գրականութեան աւանդները, որոշակի գործ կատարում նրա գոյատեւման համար: Բայց այդ գրականութիւնն ու արուեստը զարգացման լայն հեռանկար ունե՞ն: Դժուար է ասել: Մանաւանդ կայ երիտասարդ գրողների մի խումբ, որ հետեւում է ժամանակակից եւրոպական մոդեռն ուղղութիւններին. նրանց ստեղծածը շատ հեռու է ստամբուլահայ գրողների սիրած բառով ասած՝ ՙտոհմային գրականութիւն՚ լինելուց: Դրա լաւագոյն օրինակը մի տասնամեակ առաջ երեւցած եւ անհետացած ՙԹօ՚ պարբերականն էր: Սրա նպատակն անգամ ձեւակերպուած էր բաւական տարտամ եւ դրանով իսկ տագնապ էր յարուցել ընթերցողների մէջ ստամբուլահայ գրականութեան ապագայի նկատմամբ: Նրա շուրջը համախմբուած երիտասարդութիւնը իր ՙմէջ կուտակուած պատանութեան էներժին՚ բերում էր նոր արուեստ ստեղծելու համար: Ինչպէս մեզ տեղեկացրին, Կարապետ Ճանճիկեանից սկսած մինչեւ Անդան Էօզեր, մինչեւ Օննիկ Ֆչըճեան եւ Շահնուր Գարաարթինեան իրենց նոր բանաստեղծութիւնների գրքոյկներում հասան անհեթեթութեան:
Այդ ՙնորատիպ երիտասարդութիւնը՚/Յ. Մարթայեանի խօսքն է. Գ.Մ./ ոչ միայն հեռացաւ ՙտոհմային՚ բանաստեղծութեան աւանդներից, այլեւ ընդհանրապէս բանաստեղծութիւնից: Այս պայմաններում դրութիւնը փրկում է դեռ ասպարէզի վրայ գտնուող բանաստեղծների հին սերունդը:
Մշակութային կեանքում վճռական դեր են կատարում սանուց միութիւնները, որոնց թիւը տասից անցնում է: Դրանք տասնամեակների ընթացքում Ստամբուլի երբեմնի նշանաւոր դպրոցներն աւարտած, այժմ տարբեր բնագաւառներում գործող մտաւորականութեան կամաւոր կազմակերպութիւններ են:
Վերջերս շուքով նշուել է Ստամբուլի Կեդրոնական վարժարանի 80-ամեակը: Կազմակերպողը Կեդրոնական սանուց միութիւնն է: Ինչպէս յայտնի է, Կեդրոնական վարժարանը ժամանակին Պէրպէրեան վարժարանի հետ հանդիսանում էր աղգային կրթական այն խոշոր հիմնարկը, որը տուեց սքանչելի մտաւորականութեան մի քանի սերունդ: Նրանք անգնահատելի դեր կատարեցին արեւմտահայ հրապարակախօսութեան, գրականութեան եւ արուեստի զարգացման բնագաւառում;
Կեդրոնական սանուց միութիւնը, ճիշտ է, որոշ ընդհատումներով, հրատարակում է ՙՀանդէս մշակոյթի՚ գիտական-գրական ամսագիրը, Էսայեան սանուց միութիւնը հրատարակում է ՙՍան՚ հանդէսը: Հրատարակչական եռանդուն գործունէութիւն է ծաւալել Արամեան սանուց միութիւնը, վերջերս լոյս ընծայելով Պարոնեանի, Զոհրապի եւ այլոց գրքերը:
Սանուց միութիւնները պարբերաբար կազմակերպում են երեկոյթներ, ցերեկոյթներ, ներկայացումներ, որոնցով նպաստում են հայ ընտանիքների մերձեցմանը, հոգեւոր սնունդ տալիս հայրենակիցներին:
1960-ական թուականների սկզբից սկսել է գործել Էսայեան սանուց միութեան /Թաքսիմ/ փոքր թատերախումբը: Յաջողութեամբ բեմադրուել են յատուկ այդ թատերախմբի համար գրուած ՙԽնդրեմ լսեցէք՚, ՙՏայի Կարապետ՚, ՙՀարս եւ կեսուր՚ եւ այլ պիեսներ:
Սանուց միութիւնների օգնութեամբ է գործում երաժշտագէտ եւ խմբավար Ժիրայր Արսլանեանի հիմնած ՙԱրսլան օփերէթ՚ թատերախումբը, որը մեծ յաջողութեամբ բեմադրել է ՙԼէբլէբիջի Հորհոր…՚-ը եւ այլ երաժշտական կատակերգութիւններ: Թուրք գրող Հալդուն Թաները ռադիոյով ելոյթ է ունեցել եւ գո-վաբանել խմբի գործունէութիւնը, բարձր գնահատել Ալիս Քիթապճեանի /սոպրանօ/, Յակոբ Թօփուզի, Ժիրայր Չարըքճիի եւ այլոց դերակատարումները:
Երբեմն մի քանի միութիւններ համատեղ են կազմակերպում որոշ միջոցառումներ. այդպէս են նշուել Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600-ամեակը, Սայեաթ Նովայի 250-ամեակը եւ այլ յօբելեաններ:
Սանուց միութիւններն աւելի յաճախակի կազմակերպում են այսպէս կոչուած ՙճաշապարեր՚ եւ ՙթէյապարեր՚: Բոլոր միջոցառումներից ստացուած հասոյթը օգտագործւում է զանազան բարեգործական նպատակների համար: Պէտք է ասել, որ այդ բոլորը հեշտութեամբ չի իրականացւում: Թէկուզ լոկ այն փաստը, որ դրանք անցկացւում են մասնաւոր հանդի-սասրահներում, որոնց վարձելը բաւական թանկ է նստում: Հարց է դրւում ունենալու յատուկ սրահ, որն առայժմ չի յաջողւում իրականացնել:
* * *
Ահա ընդհանուր գծերով մօտաւորապէս այս է ստամբուլահայ հասարակական եւ գրական մշակութային կեանքը: Այն իր ծաւալով ու բովանդակութեամբ շատ փոքր է երբեմնի եռուն, փոթորկուն կեանքի համեմատութեամբ: Սակայն իր այդ անձուկ վիճակով եւս նա շարունակում է վկայել այստեղ ապրող մի բուռ հայութեան յարատեւելու կամքի մասին:
Մեր բարեկամ Երուանդ Կոպէլեանը ստամբուլահայութեան ներկայ վիճակը նկատի ունենալով, կասկած է յայտնում, որ առնուազն 25 տարի յետոյ ստամբուլահայութիւն այլեւս գոյութիւն չի ունենայ. այն ամբողջովին կձուլուի միւս ազգերի հետ: Այդ առթիւ նա գրում է. ՙՀեղեղ մըն է օտար կեանքը իր մշակոյթով, որ կը քշէ, կը տանի ամէն բան, նաեւ այն ժողովուրդները, որոնք պայքարելու կամք չունին, որոնք փոխանակ պատնէշներ կեցընելու, ջուրը կը նետուին՚:
Դրան համաձայնել չենք կարող: Ինչպէս այլ հայկական գաղթավայրերում, նոյնպէս առաջին հերթին Ստամբուլում, խոշոր աշխատանք է կատարւում ուծացման առաջ պատնէշ կանգնելու համար. դրա ապացոյցն են ստամբուլահայ դպրոցները, մամուլը, մշակութային կեանքը:
Այսօր Ստամբուլը դէպի իրեն է ձգում գաւառների անապահով հայութեանը: Ինչպէս երեւում է պատրիարքական տարեկան տեղեկագրից, գաւառի հայերը ՙտակաւ առ տակաւ փոխադրուած են քաղաքս՝ անցնող 30-40 տարիներէ ի վեր.. Ներկայիս իսթանպուլահայութեան աւելի քան մէկ երրորդը Անատօլուէն եկած են՚: Գաւառներից Ստամբուլ գաղթողները վստահում են իրենց այստեղի ազգակիցների օժանդակութեանը: Մայր եկեղեցու թաղական խորհուրդին կից գործում է ՙԺրաջան՚ յանձնախումբը, որ օգնում է եկողներին՝ գործ, բնակարան, երեխաների համար ուսում ապահովում:
Ուրեմն՝ Ստամբուլը ոչ միայն չի ուծանում, այլեւ նեցուկ է կանգնում գաւառին:
21 հոկտ. 1969 /ժ. 10.49/