Կարինցի երաժիշտ Մինասյանների շեփորահար ժառանգ Էլեն ՄԻՆԱՍՅԱՆԸ

Կարինցի Մինասյանների ընտանիքի երաժշտական ավանդույթներն այսօր շարունակում է ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ շնորհաշատ շեփորահարուհի Էլեն Մինասյանը:
Զարմանալի է, բայց Էլենը նախընտրեց ոչ թե ֆլեյտան, սաքսոֆոնը, կլառնետը կամ ազգային փողային նվագարանները, որոնց փայլուն տիրապետում են պապիկը եւ հայրը, այլ` շեփորը, գործիք, որը նվագում են մասնավորապես տղամարդիկ: Այսպիսով ԷլենՄինասյանը դարձավ առաջին հայ շեփորահարը:
Երիտասարդ երաժշտի ստեղծագործական հասունության վկայությունը դարձավ Կոմիտասի անվան կամերային երաժշտական տան դահլիճում կայացած լուրջ մենահամերգը, ուր այն ժամանակ կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանողուհի Էլեն Մինասյանը ներկայացավ հետաքրքիր ծրագրով: Այն ընդգրկում էր մասնավորապես 20-րդ դարի տարբեր դպրոցների եւ ուղղություններին պատկանող կոմպոզիտորների խոշոր կտավի ստեղծագործություններ: Նրա դասախոս` դոցենտ Կ. Խաչատրյանի ղեկավարությամբ պատրաստված ծրագիրը պահանջում էր կատարողից տեխնիկական կատարելություն, կատարողական հասունություն, գեղեցիկ ձայնատարություն, ստեղծագործության բովանդակության բացահայտման ինքնատիպ մոտեցում, իհարկե նաեւ ֆիզիկական ամուր պատրաստվածություն:
Էլեն Մինասյանը ներկայացավ այդ երեկո իր ողջ օժտվածությամբ: Հետաքրքիր հնչեցին Ս. Բոլոտինի Պոեմը, Մրտզավի Ռումինական պոպուրին, Պ. Հինդեմիտի շեփորի եւ դաշնամուրի Սոնատը: Հատկապես վերջինը` կոմպոզիտորի արվեստում որպես հոգեբանական, առանձին տեղ գրավող ստեղծագործություն, առավել մեծ դժվարություն է ներկայացնում հենց բովանդակության բացահայտման առումով, սակայն երիտասարդ երաժշտին հաջողվեց ներթափանցել կոմպոզիտորի այդ բարդ հոգեվիճակի մեջ եւ գործը ունկնդրին ներկայացնել բովանդակային լիակատար բացահայտմամբ, իհարկե փորձառու կոնցերտմայստեր Ռ. Կարասեֆերյանի ներդաշնակ ընկերակցությամբ:
Անսամբլային ունակությունները լավագույնս բացահայտվեցին համերգի ավարտին հնչած Ջ. Գերշվինի երեք շեփորի եւ դաշնամուրի համար գրված հնգամաս ստեղծագործությունում: Աստեղ Էլեն Մինասյանի հետ հաջողությամբ հանդես եկան Յու. Բալյանի մասնագիտական դասարանի կրտսեր գործընկերներ Վերոնիկա Այրումյանը եւ Գոռ Աղաբեկյանը: Այս բավականին հազվադեպ հնչող ստեղծագործությունը այդ երեկո գտավ իր արժանի կատարողներին: Համերգին Ֆ. Շոպենի սի բեմոլ մինոռ նոկտյուրնի եւ Ա. Բաբաջանյանի Էլեգիայի փայլուն կատարմամբ հանդես եկավ հիանալի դաշնակահարուհի Շաքե Թովմասյանը:
Երիտասարդ շեփորահարուհի Էլեն Մինասյանի տպավորիչ մենահամերգը վկայեց այն մասին, որ մեր կատարողական արվեստ մուտք գործեց ինքնատիպ, մեծ հեռանկար եւ ստեղծագործական ավյունով լի երիտասարդ, որը խոսք ունի ասելու արվեստում:
Արդեն արվեստի մագիստրոսի աստիճան նվաճած, ստեղծագործելու կարողություններով օժտված Էլեն Մինասյան շեփորահարուհուն հորդորում ենք նպատակադիր անցնելու արվեստի դեպի վեր տանող ուղիներով` հետեւելով իր երաժշտական ընտանիքի, հայ կատարողական արվեստի ավանդույթներին: