ԱՐԵՒՄՏՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀՐԱՇԱԳՈՐԾԸ

Ռադիոպիես Վարազդատ Գազանճյանի՝ ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադրի մասին)
Բրանիսլավ Դիմիտրիեւիչը ծնվել է 1939 թ. Բելգրադում, ազգությամբ սերբ է, բժշկ. դոկ. պրոֆ.:
Մասնագիտությունը՝դիմածնոտային վիրաբույժ: Դիմածնոտային պրոտեզավորողների Բրիտանական ինստիտուտի պատվավոր անդամ:
Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչված Անհատ՝ գիտական կոչումի շնորհումով նշանակված խորհրդատուների ուսումնասիրական ատյանի անդամ:
Երեւանի բժշկական համալսարանի պատվո անդամ: Հեղինակ մասնագիտական արժեքավոր ուսումնասիրությունների:
Գրող-վիպագիր, ռադիոպիեսների հեղինակ: 1990 թ. արժանացել է Հարավսլավիայի անկախ հրատարակիչների ՙՈսկե մրցանակ՚- ՙԱսք կոշավայի մասին՚ վեպի համար: 1993 թ. լույս է ընծայել ՙՙԹռչունը մարգարեությունների այգում՚ ժողովածուն:
Ղեկավար Ռադիո-Բելգրադի ՙԱստղային պահեր՚ աշխարհաճանաչ, հռչակավոր անձանց նվիրված հատուկ ռադիոցիկլի: Նույն ռադիոցիկլով է նա առաջին անգամ հաղորդել իր ՙԱՐԵՒՄՏՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀՐԱՇԱԳՈՐԾԸ՚ մեր հայրենակից, վիրաբույժ Վարազդատ Գազանճյանի գործունեության մասին ռադիոպիեսը:
Պիեսը սերբերենից հայերեն թարգմանող Արմեն Օսկանյանի առաջարկությամբ՝ “Բնօրրան՚”-ը, մտադրվելով հրատարակել իր էջերում այս ստեղծագործությունը, պատեհ առիթ ունեցավ հանդիպելու վերջերս Երեւանի բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող Բրանիսլավի հետ եւ վարել հարցազրույց, որից ներկայացնում է միայն վեր բերված կենսագրականին հավելելով պիեսի ստեղծման շարժառիթի հարցի պատասխան հետեւյալ հատվածը՝
ՙԵրբ ավարտեցի համալսարանը եւ եկա կլինիկա՝ մասնագիտանալու դիմածնոտային պրոտեզավորումով, անմիջական ուսուցիչ չկարողացա գտնել: Այն մարդը, որ զբաղվում էր այդ գործով, մինչ իմ կլինիկա գալն արդեն մահացել էր: Եւ ես ստիպված եղա խորասուզվել մասնագիտական գրականության մեջ: Ձեռքս ընկավ Վարազդատ Գազանճյանի գիրքը՝ միակ գիրքը նրա հեղինակած, որով ոչ միայն ես եմ սովորել, այլեւ ինձ նախորդած գրեթե բոլոր դիմածնոտային վիրաբույժները: Այդ գրքով ես ծանոթացա ՀԱՆՃԱՐԻ հետ: Այդ հանճարը կազմակերպեց իմ մասնագիտական հարաբերությունը բժշկության, իսկ նրա Գազանճյան ազգանվան ՙյան՚-ը ինձ համար համագործակցության լայն դուռ բացեց հայ հարուստ մշակույթի եւ Հայաստան երկրի հետ: Սկսեցի ավելի հետաքրքիր դիտել շրջապատս:
Մինչ այդ, լինելով ընթերցող ուսանող՝ պատմագրությունից տեղյակ էի Սերբիայի պատմությանն ուղղակիորեն առնչվող Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցող երեւույթներին, այդ թվում եւ հայ ժողովրդի դարասկզբի ողբերգական իրադարձություններին, թեեւ ոչ մեծ խորությամբ: Գիտեի, որ հայեր կան Բելգրադում, բայց “յան”-երն ինձ երբեք չէին հետաքրքրում, ոչ էլ ես “յան”-ներին: Վերջին տարիներին հաճախ եմ Հայաստան գալիս: Երբ զբոսնում եմ Երեւանում, շատ դեմքեր ինձ ծանոթ են թվում: Եւ ինձ համար հայտնագործություն անելով՝ դա բացատրում եմ նրանով, որ այդպիսի դեմքեր ես շատ եմ տեսել Բելգրադում, որոնց մինչ Գազանճյան անվան հանդիպելը, իհարկե, չգիտեի: Եվ հիմա, քանի որ շրջապատս գիտի Հայաստանում իմ աշխատանքային միջավայրի մասին, մարդիկ մոտենում են եւ հայտնում իրենց հայ լինելու կամ հայկական ծագման մասին, որ մեծ մայրը կամ մեծ հայրը եղել են հայեր: Իհարկե, եթե տեղյակ չլինեին իմ փոխհարաբերությունների մասին, երբեք չէին հիշի կամ ակնարկի իրենց ազգային պատկանելությունը:
Կարծես, ես առանց հատուկ մտադրության, գործի բերումով շատ հայերի ՙվերադարձնում՚ եմ իրենց ազգային պատկանելությունը, իհարկե այդպիսի համարում չունենալով անգամ…
1990 թ. ամերիկյան մի ամսագրում լույս տեսավ մի հոդված դիմածնոտային վիրահատության պատմության վերաբերյալ, որտեղ վերարտադրված էր Գազանճյանի լուսանկարը: Ես հեղինակին դիմեցի նամակով եւ խնդրեցի ուղարկել Գազանճյանի լուսանկարը՝ աշխատասենյակումս դնելու համար: Հոդվածագիրը պատասխանեց, որ Գազանճյանի լուսանկարը չունի, տպագրվածը վերցրել է մեկ ուրիշից: Առաջարկեց դիմել ոմն Մարտին Տերանյանի՝ ատամնաբուժության պատմությունը մեկնաբանող ամերիկյան մի հանդեսի ղեկավար խմբագրին: Անմիջապես գլխի ընկա, որ խմբագիր Տերանյանը նույնպես հայ է: Նամակով նրանից խնդրեցի Գազանճյանի լուսանկարը: Իհարկե նա չուղարկեց այն, ինչ փնտրում էի, բայց առաջարկեց ՙՈւստր Թելեգրաֆ՚ թերթի մի օրինակ, ուր կար Գազանճյանի հարցազրույցը, եւ մի գիրք: Իմ պիեսը շարադրել եմ այդ հարցազրույցի հենքի վրա: Հարցազրույց վարողն ընտրել է հետաքրքիր ոճ՝ ինքն է խոսում, հարցնում, պատասխանում, իսկ Գազանճյանը միայն լռությամբ է համաձայնվում առաջարկվող մտքերի հետ: Ես եւս աշխատեցի պիեսում պահպանել, իհարկե մասամբ, նյութի մատուցման այդ ոճը՚:
՚ Բնօրրան՚

Բրանա Դիմիտրիևիչ, ԱՐԵՒՄՏՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՀՐԱՇԱԳՈՐԾԸ
(Ռադիոպիես Վարազդատ Գազանճյանի՝ ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադրի մասին)
Գործող անձինք՝
Վարազդատ Հովհաննեսի Գազանճյան
Իվան Սանդրոֆ՝ թղթակից,
Դոկտոր Յուջին Հանս Սմիթ,
Դոկտոր Ջնս,
Դոկտոր Հարոլդ Գիլիս,
Բրիտանացի բժիշկ,
Ուոքեր՝ գնդապետ,
Կանոջ ձայն` գերմաներեն առոգանությամբ
Ճաշկերույթ Ուորչեսթերում, Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ, ՙԲանքրաֆթ՚ հյուրանոց, ուրախ ձայներ, երգեր…
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ – Պարո՛ն Գազանճյան, պրոֆեսո՛ր Գազանճյան… (Ներողություն է խնդրում մեկ ուրիշից) Ներեցեք, ներեցեք, ներողություն… Կարելի՞ է ձեր կողքը նստեմ, մի պահ…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Հրամմեցեք…
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ -Ես Իվան Սանդրոֆն եմ, ՙՈւստր թելեգրաֆ՚-ի թղթակիցը, պրոֆեսո’ր Գազանճյան: Այս պահին, 1958 թ. հունվարին, դուք անդամն եք` Ամերիկյան վիրաբուժական ընկերության, Ամերիկյան ատամնաբուժական ընկերության, Ակնային հիվանդությունների ու քիթ կոկորդի հիվանդությունների Ամերիկյան ակադեմիայի, Պլաստիկ վիրաբույժների Ամերիկյան ընկերության… Եւ այդ ամենը մեր ժամանակաշրջանում, երբ բժշկությունը մոլեգնորեն բաժանվում է ավելի ու ավելի նեղ մասնագիտությունների: Ապա, Վերականգնողական ու պլաստիկ վիրաբուժության Ամերիկյան ընկերության, Բերանի խոռոչի վիրաբուժության Ամերիկյան ընկերության, Բոստոնի վիրաբուժական միության, Վիրաբույժների միջազգային միության… է, ինչ որ բան բաց եմ թողել: Ավելի քան տասը մրցանակների, պատվոգրերի, ճանաչումների դափնեկիր, որոնց թվում, Ձեր թույլտվությամբ, կշեշտեի Բրիտանական արքունիքի երկու ամենահայտնի շքանշանները՝ Սուրբ Միքայելի եւ Սուրբ Գեւորգի շքանշանները… Մինչ այդ Ձեզ անվանել են ՙժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայր՚, ՙաշխարհի ամենահռչակավոր պլաստիկ վիրաբույժ՚, ՙինքնաբուխ հանճար՚, ՙԱրևմտյան ռազմաճակատի հրաշագործ՚… Այո, այո… ՙԱրևմտյան ռազմաճակատի հրաշագործ՚, այդպես կհնչի իմ հոդվածի վերնագիրը… Պրոֆեսո’ր, Ուստրը, ինչ որ առումով, Ձեր ծննդավայրն է… այստեղից եք ծագել, այստեղից… Չնայած գիտեմ, գիտեմ, ծնվել եք 1879 թվականին Երզնկայում, Թուրքիա…
ԳԱԶԱՆՃՅԱՆ` Երզնկայում… Դա Վանա լճի շրջակայքն է:
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ – Տարօրինակ է արտասանում… Սակայն, հայրական գծով Ձեր նախնիները զբաղվել են ղազանների արտադրությամբ Թուրքիայում: Այդտեղից էլ Ձեր մի քիչ տարօրինակ ազգանունը՝ Գազանյան…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ Գազանճյան…
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ -Հա, այո… Մնալով այրի, երեք որդիներով, Ձեր պարոն հայրը՝ Հովհաննեսը, ամուսնանում է Սիրունյան Աննայի՝ Ձեր ապագա մոր հետ, որը, նույնպես, այրի էր, երեք երեխաներով… Փառավոր… Պաշտում եմ այդպիսի մեծ ընտանիքներ: Սակայն, առաջ շարժվենք՝ ստուգելով. տասնչորս տարեկան հասակում զրկվում եք հորից, որը հանկարծամահ է լինում: Գաղթում եք Ձեր խորթ եղբոր մոտ՝ Սամսուն, դա քաղաք է Թուրքիայում, Սեւ ծովի ափին: Աշխատանքի եք ընդունվում փոստում… եւ այդտեղ… անդամգրվում եք մի գաղտնի հայկական հայրենասիրական կազմակերպության, որը զբաղվում է՝ հայերեն լեզվով գրքերի, ամսագրերի, երգիծանքների ներկրմամբ ու տարածմամբ: Խումբը բացահայտվում է, իսկ անձամբ Ձեզ մահապատիժ է սպառնում… Մի քիչ տարօրինակ է մեր՝ ամերիկյան պատկերացումների համար: Դա կարող ենք շրջանցել, եթե կամենաք…
ԳԱԶԱՆՋՅԱՆ՝ Կարիք չկա, դա էլ է հայտնի: Մենք տեռորիստական կազմակերպություն չէինք: Թուրքիան այդ ժամանակ խեղդում էր հայերեն լեզուն, գրականությունը, մշակույթը, կրոնը: Դա նախաբանն էր հետագա…
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ – Այսպես, թե այնպես, ստիպված եք եղել փախչել, որպեսզի ողջ մնաք: Այդպես, հասնում եք Ուսր, նահանգ Մասաչուսեթս… իրականում, նախ ժամանում եք Նյու-Յորք… Ափ եք իջնում մի ֆրանսական շոգենավից, Ձեր հայրենակիցների հետ մեկտեղ, թախծոտ հայացքների տեր փախստականների, առանց փաստաթղթերի… Դա 1895 թվականի հոկտեմբերն էր: Այդպես, հասնում եք Ուստր և… դառնում՝ ամերիկացի…
(Երաժշտական դադար: Ռեթրոսպեկցիա)
Դեկան Սմիթի առանձնասենյակում:)
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Զարմացած եմ, պարո’ն դեկան, Ձեր կողմնակալությամբ ի օգուտ ՙկարճահասակ, խելոք հայ՚-ի,
ի՞նչ էր նրա անունը…
ԴՈԿՏՈՐ ՅՈՒՋԻՆ ՀԱՆՍ ՍՄԻԹ՝ – Վարազդատ Հովհաննեսի Գազանճյան…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Չէի ցանկանա խառնվել… Սակայն, այն օրվանից, երբ կանադական պրոֆեսոր եւ բժիշկ սըր Ուիլյամ Օսլերը այս չարաբաստիկ 1915 թվականի սկզբին կոչ է արել բոլոր ամերիկյան համալսարաններին՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալ Բրիտանական էքսպեդիցիոն զորամասին, որը սարսափելի կորուստներ է կրում Եւրոպայում, Ֆրանսիայում, Արեւմտյան ռազմաճակատում…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Եւրոպայում ահավոր, ահավոր պատերազմ է… Ապոկալիպսիս…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Արձագանքը գերազանցում էր մեր բոլոր ակնկալիքները… Ամենահայտնիները շտապեցին անդամագրվել… Ինչը, իրեն հերթին, կարող է լինել նշանն այն բանի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վաղ թե ուշ կխառնվեն այդ այլանդակ պատերազմը…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Հիմա չէի զբաղվի պատմաքաղաքական բառահյուսություններով… Կազմակերպել ենք, հուսով եմ հաջող, Առաջին հարվարդյան հիվանդանոցը… Ցուցակն ամփոփված է…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Պայմանով, որ ընտրված են, իրոք, ամենահմուտները:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Եթե ցանկանում եք լսել իմ հիմնավորումը, հարգելի դոկտոր Ջոնս, թե ինչո՞ւ եմ պաշտպանում ատամնաբույժ Վարազդատ Հովհաննեսի Գազանճյանի թեկնածությունը, այն վերին աստիճանի հակիրճ է: Թեկնածուին ճանաչում եմ Հարվարդի համալսարան արձանագրվելու օրից, ընդունելության քննությունից… Ավելի ճիշտ, դրանից էլ մի քիչ առաջ, երբ եկել էր հետաքրքրվելու՝ արձանագրվելու վերաբերյալ: Արդեն 23 տարեկան էր, սահուն էր անգլերեն խոսում, իսկ միայն Աստված գիտե, թե ինչպես է կարողացել, ամեն ինչից բացի, զինվել բոլոր այն անհրաժեշտ գիտելիքներով, իսկ մենք այդ հարցում վերին աստիճանի խստապահանջ ենք, չնայած որ, չթաքցնենք ճշմարտությունը, օրական 10 ժամ աշխատել է լարերի եւ զսպանակների ինչ որ գործարանում, Ուստրում… Արձանագրվել է ֆակուլտետ եւ պահանջվող ժամկետում պաշտպանել դիպլոմը, ընդամենը երեք տարում…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – … Եւ բացել է մասնավոր ատամնաբուժական օրդինացիա Բոստոնում, որը շուտով՝ տապալվել է:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Չի տապալվել, թեեւ չի էլ ծաղկել: Նրա համար՝ դժբախտաբար, իսկ մեզ համար՝ բարեբախտաբար, ստիպված է եղել համաձայնել ատամնաբուժական պրոտեզավորման բաժանմունքի ասիստենտի պաշտոնին, կես դրույքով եւ, մեր մեջ ասած, ցածր աշխատավարձով…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ – (հեգնանքով)՝ Եւ որ, դժբախտը, ի միջի այլոց, զբաղվի ինչ որ անբաններով ու կաս-կածելի անձնավորություններով, որոնք վնասված են եղել բռունցքներից ու այլ տեսակի հարվածներից՝ ծեծկռտուքների ու հաշվեհարդարների ժամանակ… Այո, այո, իսկ մեկ-մեկ էլ ավելի նրբաճաշակ մարդ-կանց հետ, որոնք վնասվել էին ավտովթարներից…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Զբաղվել, հարմար բառ է, ուզում եք ասել նաեւ՝ ծնոտների կոտրվածքներով: Այդ իսկ պատճառով ես նրան եմ պաշտպանում, սիրելի դոկտոր Ջոնս: Ընդունել է մարտահրավերը: Պարզեցրել է ծնոնտների կոտրվածքների բուժումը:
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Հասկանալի է, լարեր ու զսպանակներ է օգտագործել, փոխարեն…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Անճոռնի ամրակների փոխարեն:
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – … Տակավին կարոտելով իր հարազատ Ուստրը եւ այն ծիծաղելի գործարանը:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Չեմ հավանում Ձեր խոսելաձեւը, կոլեգա՛ Ջոնս: Ավելի պարզ, չի նշանակում թույլ, պակաս արժեքավոր: Բացի այդ, զբաղվել է բավականին արտասովոր պրոտեզներով, որոնք…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Օ¯, այո… հիացրել էր նույնիսկ Ռիփլիին: Հավատու՞մ եք, թե՝ ոչ: Մարդը, որը ծամում է ունքերով: Հիասքա՛նչ: (Հռհռոց)
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Այդ առումով կատակներ չէի անի, գոնե ոչ այստեղ: Այդ դժբախտ նավաստու վերին ծնոտը լրիվ ջարդ ու փշուր էր եղած, եւ Վարազդատը, պրոտեզի իր արտասովոր կոնստրուկցիայով, այնուամենայնիվ նրան հնարավորություն է տվել, որ հանգիստ ծամի, կուլ տա ու խոսի, հիացնելով, բացի պարոն Ռիփլիից, նաեւ բազմաթիվ բարյացակամ մասնագետների: Սակայն, ամփոփենք այդ հարցի քննարկումը: Այս սարսափելի պատերազմը արդի՝ ընդունված բժշկական բազմաթիվ տեսակետներ կվերածի անհեթեթությունների: Այդպես է եղել նաեւ նախորդ պատերազմների ժամանակ: Պատկերացրեք, Բրիտանական սանիտարական կորպուսի հիվանդանոցներում դեռեւս գոյություն չունեն առանձին բաժանմունքներ այն վիրավորների համար, որոնց դեմքերը վնասված են: Նրանց համար, որոնց ծնոտները ջարդ ու փշուր են եղած: Իսկ այդպիսինների թիվը բավականին մեծ է այս անիծյալ պատերազմում: Կարծես թե դեմքը մարմնի մասը չէ:
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Իսկ ես էլ այդ պատճառով եմ հարցուփորձ անում: Այ, հենց այդ հիմար պարագայի: Անձամբ ինձ տարակուսանքի մեջ է գցել գիտակցությունն այն բանի, որ Եւրոպայում բախման սկզբից ի վեր, Բրիտանական այդ հռչակավոր սանիտարական կորպուսն իր կազմի մեջ, պաշտոնապես, չի ունեցել եւ ոչ մի ատամնաբույժ: Խնդրեմ… (հռհռալով): Ապա, մի հայտնի բրիտանական գեներալ, վթարի ժամանակ, ավտոմեքենայում, անհաջող կերպով ջարդում է ստորին ծնոտը, ու միանգամից հասկանում են, գլխի ընկնում, որ մեկը չկա նրան բուժի… (հռհռոց):
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Չեմ լսել անեկդոտի հենց այդ տար-բերակը…
ԴՈԿՏՈՐ ՋՈՆՍ՝ – Ապա գեներալի հետ ստիպված են եղել Փարիզ մեկնել, իրենց սիրելի ու բաղձալի դաշնակիցներին՝ ֆրանսիացիներին… Հպարտ բրիտանացիք՝ ՙՎա/յ, վա՛յ օգնեցեք…՚ Իսկ ֆրանսիացիները զարմանում են՝ հարցնելով. ՛՛ՙՄի՞թե ձեր կորպուսում և ոչ մի ատամնաբույժ չունեք՛՚:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Այնքան էլ համոզված չեմ, որ այդպես է եղել: Սակայն, գիտեմ, որ հենց բրիտանացիների մոտ, վերջերս, այդպիսի վիրավորների համար՝ ջարդ ու փշուր եղած դեմքով ու ծնոտներով, պատասխանատու է հայտնի դոկտոր Հարոլդ Գիլիսը…Հավաստի չգիտեմ, թե ինչ է նրա նեղ մասնագիտությունը, ոմանք ասում են՝ օտոռինոլարինգոլոգ…սակայն, խոսքիցս մի’ կառչեք…Ուրեմն, հիմնադրել են, ճշմարիտ է,մեծ ուշացումով, իրենց կենտրոնը, ինչ որ տեղ Լոնդոնի մոտակայքում: Է, տեսնում եք, այդ պատճառով Հարվարդյան հիվանդանոցը շատ ավելի մոտ կլինի ճակատին: Այն, բոլոր անհրաժեշտ միջոցներով եւ անձնակազմով վաղը չէ մյուս օր մեկնում է ճակատ, ՙՆորդամ՚ շոգենավով: Անձնակազմում կան՝ 23 բժիշկներից ու վիրաբույժներից ու 75 բուժքույրերից բացի, նաեւ երեք ատամնաբույժներ: Երե՛ք: Իսկ նրանց մեջ առաջինն է հենց այդ, ըստ ձեզ վիճելի, Վարազդատ Հովհաննես Գազանճյանը, որին ես անձամբ երաշխավորում եմ:
(Երաժշտական դադար: Ռեթրոսպեկցիա:
Անգլիա: Հատուկ հիվանդանոց Օլդերշոթում)
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ՝ – Կապիտա՛ն Գիլիս, կապիտա՛ն Գիլիս: Թույլ տվեք… Ժամանում է… Ժամանել է բրիտանական վիրավորների շարասյունը, ֆրանսիայից՝ ՙծնոտները՚:
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Արդեն զգուշացրել եմ, երիտասա՛րդ, որ այդպիսի վիրավորներին ՙծնոտներ՚ չան-վանեք: Գոնե ոչ այդքան բարձրաձայն: Կարգադրեցեք, որ նրանց զննեն ու օգնություն ցույց տան: Մեկ առ մեկ ներս բերեք, իրենց փնթի փաստաթղթերի հետ մեկտեղ:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ՝ – Լսում եմ, պարո՛ն կապիտան Գիլիս:
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ (ցածրաձայն)՝ – Այդ դժբախտներն անպայման, ըստ սովորության, մշակված չեն… անտերության են մատնված: Վիրակապեք միայն ու այն կողմ ուղարկեք: Ուղարկեք ՙծնոտներն՚ Լամանշից այն կողմ. այն… այն գյուղը՝ Օլդերշոթ: Ոչ մոտ է, ոչ էլ հեռու՝ Լոնդոնին: Ֆրանսիացի վիրավորների դեպքում Փարիզը գոնե այդտեղ է, քթի տակ… Սակայն այնտեղ էլ է միեւնույն, մաշված, անհեթեթ հեքիաթը…
Ահա եւ առաջինը… դանդա¯ղ… Մ°ի շտապեք… Սրա տեսքն այնքան էլ վատը չէ: Տե՛ս, տե՛ս, մշակված է… Ապա մի տե՛ս,…Վերքերը համարյա փակվել են. կարերը հանելու ժամանակն է: Բռավո՛, բռավո՛… (բարձրաձայն) Փաստաթղթե՛րը, փաստաթղթե՛րը խնդրեմ:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ՝ – Հրամմեցեք, կապիտա՛ն Գիլիս:
ԿԱՊԻՏԱՆ ԳԻԼԻՍ (կարդում է)՝ – Դեմքի թափանցող վերք, փամփուշտով, ստորին ծնոտի բազմակի կոտրվածք՝ ուրիշ ի՛նչ, ստորին շրթունքի մասնակի կորուստ… ապա մի տե’ս, տե’ս: (Ցածրաձայն) Իսկ սրա ստորին շրթունքն ամբողջական է: Անհավատալի է: Ա՛հ, այո… այստեղ կտրվածք է արված, պարզ է… Սրամիտ է… Ստորագրությունը, ստորագրությունը՝ Դոկտոր Վարազդատ Գազանճյան: Լեզուդ կուլ կտաս, սակայն՝ հանճա՛ր է: Առաջին հարվարդյան հիվանդանոցը, ԱՄՆ: Օհո~: Այդ, Ատլանտյանից այն կողմ ապրող վայրենիներն առայժմ դասեր են տալիս հպարտ Ալբիոնին ու հիստերիկ ֆրանսիացիներին… Առայժմ… Հուսով եմ՝ առայժմ: (Բարկացած) Շարժվե՛ք… Ինչու՞ եք կանգնել: Կարդացե՛ք, վիրակապերը քանդե՛ք, զեկուցե՛ք:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ՝ – Պայթյունային վերք… բեկոր… Ստորին ծնոտի մասնակի կորուստ, վերին ծնոտի մասնակի կորուստ՝ ձախ կողմից, դեմքի փափուկ հյուսվածքի կորուստներ, այն էլ…
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Ինչպիսի՛ կորուստներ: Որտե՞ղ եք տեսնում, կորուստնե՛ր: Ամեն ինչը տեղում է: Դեմքը, ինչպես տեսնում եմ, ամբողջական է: Բուժքու՛յր, տվե’ք հայելին, պինցետը, շտա՛պ: (Ցածրաձայն) Այ թե խորամանկն է, ամեն ինչ ամրացրել է՝ պրոտեզներով… Բա¯: (Բարձրաձայն) Թղթերը տվե՛ք, փաստաթղթե՛րը: (Ցածրաձայն) Ստորագրությունը, ստորագրությունը՝ Վարազդատ Գազանճյան… Հանճար է, անկասկած: Հանճար… Կարծես թե կռահում եմ նրա պարզ սկզբունքը՝ ներսից դեպի դուրս: Նախ ամրացնում է, վերականգնում կմախքը, ապա, նոր դրանից հետո մշակում փափուկ հյուսվածքները, այտերը, շուրթերը, կոպերը… Իսկ, եթե կմախքը չկա, տեղադրում է պրոտեզներ…Ամեն ինչ պարզ, բյուրեղյա հստակությամբ, կոկիկ… (Բարձրաձայն) Հաջորդի՛ն, հաջորդի՛ն խնդրեմ…
(Երաժշտական դադար: Ռեթրոսպեկցիա:
Ճաշկերույթ, կոկտեյլի ժխոր:)
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Գնդապե՛տ Ուոքեր, գնդապե՛տ Ուոքեր, թույլ տվեք…Գազանճյան (շշուկով)՝ Օ~,ոչ… ոչ…
ՈՒՈՔԵՐ՝ – Օ¯, կապիտա՛ն Հարոլդ Գիլիսը, մեր մտերիմը: Տեսնում եմ, վայելում եք ձեր լռակյաց բարեկամի ընկերակցությունը: Փառավոր ընդունելություն է ի պատիվ ռազմական վիրաբույժների, չէ՞: Հա՛, հա՛, հա՛… Եթե չեմ սխալվում, մի օր կդառնաք սըր Հարոլդ Գիլիս: Ո՛չ, ո՛չ: Իմ հոտառությունը երբեք ինձ չի դավաճանում… (հռհռոց):
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Ձեր ներածականը…
ՈՒՈՔԵՐ՝ – Օ~, այո… այո…
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝- Ձեր ներածականը, ներկա գտնվողներից շատերի համար, վերին աստիճանի հուզիչ էր…
ՈՒՈՔԵՐ՝ – Պնդում եմ, մինչև տարվա վերջ պատերազմը կավարտվի առանց ամերիկացների միջամտության, որոնք, ըստ սովորության՝ տատամսում են: Եւ, հասկանալի է, դաշնակիցների հաղթանակը:
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Սակայն դուք ձեր, իրոք, իրոք ոգեշնչված ճառում նշել եք նաեւ զարմացնող հանգամանքը, որ հայտնի հիվանդանոցում, ռազմաճակատում՝ խոսքը գնում է, հավաստի գիտեմ, Առաջին հարվարդյանի մասին՝ ծնոտների բուժումը վստահված է ՙհայտնի ամերիկյան ատամնաբույժին՚…
ՈՒՈՔԵՐ՝ – Իհարկե: Նա ու~ր, վիրաբուժությունը ու~ր…
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Գուցե հանճա՛ր է: Հրաշագոր՛ Ի միջի այլոց, թույլ տվեք ձեզ ծանոթացնեմ, պարո՛ն Ուոքեր, իմ բարեկամը և համակրանքը, ՙամերիկյան ատամանաբույժ՚ դոկտոր Վարազդատ Հովհաննես
Գազանճյան… Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…
ԳԱԶԱՆՃՅԱՆ (շշուկով)՝ – Կարիք չկար…
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Սփրթնեց, արժանի է դրան: Օ~, մի՛ եղեք այդքան համեստ: Նախապատերազմյան վիրաբուժության ամենահայտնի անունները տապալվում են հենց այս պատերազմի ընդունելության հարցից՝ ե՞րբ եւ ինչպե՞ս բուժել դեմքի ու ծնոտի վնասվածքները: Սխալվել են եւ տակավին սխալվում են այդ՝ ամենակրթվածները, դեմքի, ծնոտների հետ վարվելով այնպես, կարծես, թե խոսքը մարմնի որեւէ այլ մասի մասին է: Արդյո՞ք հասկանում եք, Վարազդա՛տ, որն էր ձեր եւ ինչ որ չափով նաեւ իմ առավելությունը՝ նախապաշարումներ չունեիք:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Չափազանցում եք, չափազանցում՝ կապիտա՛ն Գիլիս…
ԴՈԿՏՈՐ ԳԻԼԻՍ՝ – Ձայն չհանեք… Գուցե մի օր, երբ հնդկահավի պես փքվեմ, այս փքված գնդապետ Ուոքերի նման, երբ տարիքս առնեմ, ամեն տեղ կպատմեմ, թե այն ինչ հիմա գիտենք, համարյա ամբողջը ինքս եմ հորինել: Սակայն այս պահին, ես ձեզնով անկեղծ հիանում եմ, Վարազդա՛տ…
(Երաժշտական դադար: Պատերազմի ավարտը, ուրախություն, Ամերիկա)
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Ա~… Ահավասիկ, ահա եւ մեր փոքրիկ, խելոք հայը: Մայոր, դոկտոր Վարազդատ Գազանճյան: Մոտ եկ, որ գրկեմ քեզ, որդի՛ս: Բարով ես վերադարձել տուն, Ամերիկա… Դեռեւս 1916 թվականի սկզբին բրիտանական ռազմական լրագրողները քեզ անվանեցին Արեւմտյան ճակատի հրաշագործ: Դա դիպուկ գնահատականն է այն ամենի համար, ինչ արել ես այդ երիտասարդ եւ քաջ մարդկանց համար, մարտիկների, վիրավորների: Անձամբ ներկա եմ եղել Ամերիկյան ատամնաբույժների ընկերության տարեկան նիստին, երբ ցուցադրվել է սլայդը՝ բժիշկ Վարազդատ Հովհաննես Գազանճյանը մայորի համազգեստով: Ավելի քան 6000 ներկաներ ոտքի են կանգնել եւ կես ժամից ավելի, բուռն, սրտանց ծափահարել: Իսկ վիրավորները, հարկավո՞ր է, որ դա էլ ասեմ, նրանք քեզ երկրպագում են… Ավելի քան 3000 վիրավորներ մշակված քո թանկագին ձեռքով: Իսկ մինչ այդ պահը՝ այլանդակված: Ինքնածին մեր Վարազդատ՝ ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայր…(Կանգ է առնում, որպեսզի տիրապետի հուզմունքը) Է՛հ, Վարազդա՛տ, նույնիսկ ես էլ եմ հասկանում՛ ներսից դեպի դուրս. նախ վերականգնիր, ամրացրու կմախքը՝ օգտագործիր ատամները, եթե կան, եւ ինչքան որ կան, ամրացրու, եթե հարկավոր է, պրոտեզներով, իսկ հետո, մշակիր, լրացրու դեմքի փափուկ հյուսվածքները. այտերը, շրթունքները, կոպերը…Վարազդա՛տ, ապացուցեցիր, ցույց տվիր, որ դեմքը պատյան է: Բայց, շատ կարեւոր պատյան: Մի ակնթարթում փչանում է, եւ մարդն այլեւս մարդ չէ: Սակայն մի ակնթարթում վերականգնվում է, եթե դու ներկա ես:
Սահմանափակենք գովասանքները: Պատերազմն ավարտված է: Փա՛ռք Աստծո: Այս սարսափելի պատերազմը, ամենաարյունալին ամենաարյունալիներից էր: Վերադառնում ենք խաղաղությանը, խաղաղ առօրյային, քաշքշուկներին, կանոններին եւ օրենքներին: Այո°… ինքնաբուխներին հանդուրժում են միայն պատերազմների ժամանակ: Իսկ ըստ փաստաթղթերի, Վարազդա՛տ, դու միայն ու միայն՝ ատամնաբույժ ես…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Գիտեմ:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Գիտե’ս… Գիտե’ս… Որպես այդպիսին, դու իրավունք չունես զբաղվելու դեմքի եւ ծնոտի վիրաբուժությամբ, հենց այն վիրաբուժությամբ, որի, ըստ էության, հիմնադիրը դու ես: Ահա, իրավունք չունես…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Գիտեմ…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Ըստ օրենքի, նույնիսկ իրավունք չունես կիրառելու այն վիրաբուժական մեթոդները, որոնք մոլորակով մեկ արդեն կրում են քո անունը:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Օրենքն օրենք է, ինչ կարելի է անել…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Կարելի է, կարելի… այն էլ ինչպե՛ս: Սկզբում ջանք կգործադրեմ, որ քեզ ամբիոն տրամադրվի: Այո’, այո’… Ամբիոն ու պրոֆեսորի կոչում Հարվարդում, իսկ առարկան կանվանվի՝ ՙՌազմական, բերանի խոռոչի վիրահաբուժություն՚, դա ինչ որ առումով ամենամոտն է ատամնաբուժությանը: Ստիպված ես, Վարազդա՛տ, արձանագրվել ու ավարտել բժշկական ֆակուլտետը: Գիտեմ, որ քառասունն անց ես, սակայն պարտավոր ես, խոստացի՛ր, Վարազդատ:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Խոստանում եմ… խոստանում…
(Երաժշտական դադար: Ռեթրոսպեկցիայի ավարտը)
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ – … Ապա, եթե համաձայն եք, իմ հոդվածի մեջ կընդգրկեմ ֆանտաստիկ այն միջադեպը, երբ դոկտոր Քուշինգը ժամանել է Հարվարդ, երկու բրիտանական սպաների, բժիշկների, վիրաբույժների հետ մեկտեղ, հռչակավոր Բրիտանական բժշկական կորպուսից, որպեսզի մեր, ամերիկյան ուսանողներին վիրահատարանում ցուցադրի ամենաժամանակակից մեթոդներից մեկը, որն արդեն այդ ժամանակ կրում էր ձեր անունը… Հիվանդը նարկոզի տակ էր, եւ սկսելու վրա էին, երբ նշմարեցին ձե՛զ: Ճանաչեցի՛ն: Դու՛ք, անձա՛մբ, ուսանողների թվու՛մ:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Այդ ժամանակ իրոք ուսանող եմ եղել: Բժշկության ուսանող, ոչ մի արտասովոր բան…
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ. – Բայց, նրանք, նրա’նք: Նրանք չէին կարող ուշքի գալ: Ամեն ինչ անմիջապես պարզվեց, մեզ էլ է այսօր ամեն ինչ պարզ … սակայն, այդ ժամանակ…
(Վերջին խոսքերը ուղեկցվում են ծիծաղով: Ձայնը գնալով հեռանում է: Երաժշտական դադար: Ռեթրոսպեկցիա: Բեռլին 1931 թ., ժխոր դահլիճի ճեմասրահում, գերմաներեն առոգանություններ, ճառ:)
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ (գերմաներեն առոգանությամբ)՝ – Պրոֆեսո՛ր Գազանճյան… Պրոֆեսո/ր Գազանճյան…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Հրամմեցեք…
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ՝ – Պրոֆեսո՛ր Գազանճյան: Հեռախո՛ս: Հեռախո՛ս: Ամերիկան կանչում է… Ամերիկան… Շտապ… Շտապ…
(Շտապող ոտնաձայներ)
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Հելլո՛… հելլո՛… լսում եմ, լսու՛մ… հրամմեցեք… խոսում է դոկտոր Վարազդատ Գազանճյանը…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Խոսում է դոկտոր Յուջին Հանս Սմիթը… Լսու՞մ եք ինձ, Վարազդա՛տ, պրոֆեսո՛ր Գազանճյան: Ձեր նախկին դեկանը… Նախկին պրոֆեսորը, Հարվարդի համալսարանից…
ԳԱԶԱՆՋՅԱՆ՝ – Այո… այո… Ձեզ լավ եմ լսում…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Այստեղ Ամերիկայում վաղ առավոտ է… արեւը նոր է ծագել… Ի՞սկ ձեզ մոտ, Բեռլինու՞մ… (ձայնը կորչում է)
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Հելլո՛… հելլո՛… հեռախոսակայա՛ն…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Ինչպե՞ս է համագումարում: Լսու՞մ եք ինձ, Վարազդա՛տ:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Լսում եմ, լսու~մ…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ (այդ պահից սկսած, երկու ձայներն էլ հստակ են լսվում) – Քիչ առաջ ասացի, որ այստեղ վաղ առավոտ է… Դուք երեւի կռահում եք, թե ինչու՞ եմ զանգահարում: Պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդը:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Գիտեմ, գիտեմ… ձեզ էլ են մեջտեղ գցել…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Ինձ խնդրել են, Վարազդա՛տ… Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն Դատարանի որոշ անդամները… Եւ, ահա, խոսում եմ ձեզ հետ: Հարկավոր է, Վարազդա՛տ, աղաչում եմ, որ մեկնեք՝ Վիեննա:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Կարիք չկա… Երեկ չէ առաջի օրը Վիեննայից ինձ զանգահարել է պրոֆեսոր Հանս Փիհլերը, անձամբ… իսկ հետո, անձամբ՝ Զիգմունդ Ֆրեյդը: Իսկ երեկ էլ հայտնի անձնավորությունը, որը կապ ունի Գերագույն Դատարանի հետ…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Աղաչում եմ, Վարազդա՛տ, մեկնիր Վիեննա՝ Ֆրեյդի մոտ:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Բայց դա ավելորդ է: Դա անհրաժեշտ չէ: Կոլեգա Հանս Փիհլերը պատահական մարդ չէ: Նա ականավոր ավստրիացի վիրաբույժ է եւ ատամնաբույժ… նրան, միայն ու միայն նրան, դոկտոր Հանս Փիհլերին, պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդը պետք է շնորհակալ լինի, որ ողջ է:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Վարազդա՛տ…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Ծանոթ եմ իրադրությանը: Բժիշկ Հանս Փիհլերը վիրահատել է պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդին դեռևս 1923 թվականին, իսկ հիմա արդեն 1931-ն է:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝- Սակայն Վիեննան ճանապարհիդ վրա է, Վարազդա՝տ: Եւրոպայում ես, Բեռլինու՛մ…
ԳԱԶԱՆճՅԱՆ՝ – Ձեզ հայտնի է, որ պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդը տառապել է վերին ծնոտի քաղցկեղից… Մոտավորապես վերին ձախ ժանիքից դեպի փափուկ քիմքը:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Հայտնի է, Վարազդա՛տ, հայտնի…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Դոկտոր Հանս Փիհլերը վերին աստիճանի մանրակրկիտորեն է հեռացրել ուռուցքը ու ենթածնոտային ավշային գեղձը՝ այդ կողմից: Եւ դա արել է, կրկնում եմ, ութ տարի առաջ: Չեմ ճանաչում եւ ոչ մի ամերիկացի կոլեգայի, որը կարող է, երբ խոսքը այդպիսի հիվանդության մասին է, պարծենալ այդպիսի արդյունքով: Բարեբախտաբար, ուռուցքը բավականին հազվադեպ հիվանդություն է, սակայն, դժբախտաբար, այդ հիվանդության մասին դեռեւս շատ քիչ բան է հայտնի: Ինչեւէ, պրոֆեսոր Ֆրեյդը դեռեւս ողջ է, արդեն ութ տարի է:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝- Անվիճելի է, Վարազդա՛տ: Խոսքը հիվանդության մասին չէ՛, այլ, պրոտեզի:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Այդ առիթով էլ կարտահայտվեմ: Անմիջապես, ուռուցքը հեռացնելուց հետո: Միեւնույն օրը, ուրեմն, դեռեւս 1923 թվականին, Հանս Փիհլերն այնպես, այնպես ինչպես հարկն է, անմիջապես, վերքի վրայից տեղադրել է պրոտեզը: Դա դասական մոտեցում է, հայտնի է դեռեւս անցյալ դարից, իսկ հիվանդի համար, վիրահատված հիվանդի, շատ մեծ նշանակություն ունի…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Բայց այդ պրոտեզը պրոֆեսոր Ֆրեյդը անվանել է՝ ՙհրեշ՚:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Այդ մեկը, ինչպես եւ բոլոր մնացածները, որոնք առ այսօր նրա համար պատրաստել է Հանս Փիհլերը: Ե՛ւ ոչ մեկ չի հավանում: Ամեն մեկը խանգարում է նրա՛ն: Ամեն մեկի դեպքում հազար ու մի թերություն է գտնու՛մ, քանի որ նա առանց պրոտեզի չի կարող սնվել պահանջվող հարկին, ոչ էլ խոսել:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Բայց, դա է հարցի ցավոտ կողմը: Պրոֆեսոր Ֆրեյդը պնդում է, որ իր խոսակցականը բավականին վնասված է, իսկ նա, կհասկանաք, հոգեբան է, առանց հասկանալի խոսքի, նա…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Չէի համաձայնի… Նրա հետ խոսել եմ հեռախոսով: Բոլոր հարգանքներով հանդերձ… Չէ՛, խնդրում եմ ձեզ, դուք ինձ լսեք: Չեմ կասկածում, որ պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդը հանճար է, անգնահատելի է նրա ներդրումը մեր քաղաքակրթությանը, որ ընդարձակվում է բժշկության ու հոգեբանության նեղ սահմաններից դուրս… որ թափանցում փիլիսոփայության, գրականության, արվեստի մեջ… Բայց, որ-պես հիվանդ, ինքը, վախենում եմ, չափն անցնում է:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Իսկ ես, կրկին խնդրում եմ քեզ, որ կշռադատես, տվյալ պահին Վիեննան քեզանից այնքան էլ հեռու չէ…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Հարյուրավոր ու հարյուրավոր երիտասարդ մարդիկ, անցած պատերազմի վիրավորներ, կրում են նման, նույնիսկ ավելի խոշոր պրոտեզներ… Հարյուրավո՛ր: Եւ սկզբից ի վեր անտրտունջ ընդունել են դրանք, առանց հուզմունքի, ընդունել են որպես փրկություն:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Բանը հենց այդ է, Վարազդա՛տ: Ամբողջ՛ աշխարհը դա գիտի: Եւ այն, որ անզուգական ես: Այդ պատճառով ես հրավիրվել՝ օգնելու պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդին: Քո փորձը, Վարազդա՛տ, քո փորձը…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Իսկ ես պնդում եմ, որ պատճառը պրոտեզը չէ, այլ Ֆրեյդը:
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Եւ նույնիսկ եթե նա է՝ մեկնիր: Վիեննան այդտեղ է, քթիդ տակ: Այստեղ, ստիպված եղա քեզ դրա մասին հայտնել, տարածվել է լուրը, քո, շատերի համար անհասկանալի, հրաժարվելու… Իսկ կան չարախոսներ, որոնք դրա տակ քաղաքական աստառ են գտնում: Փսփսում են, որ Գազանճյանը, լինելով հայ, չի ցանկանում օգնել Ֆրեյդին՝ հրեային, ավելացնում են՝ ջհուդին: Ցավում եմ, բայց այստեղ այդպես են պատմում: Իբր թե հայերը չեն հանդուրժում հրեաներին, եւ ընդհակառակը…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Դա զզվելի, գարշելի մեղադրանք է… Իմ պատճառաբանումները բժշկական ու հոգեբանական բնույթի են…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Գիտեմ, Վարազդա՛տ, գիտեմ… Բայց, անգրագետ մարդկությունը կարծում է, հավատում է, որ ինչ-որ Զիգմունդ ֆրեյդը խնդիրներ չունի, գոնե, իր սեփական հոգեկանի հետ՝ չունի՛:
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Դրանից բացի… Այստեղ, Գերմանիայով մեկ, տարածվում է անտիսեմիթիզմը… Մթնոլորտը ժամանակ առ ժամանակ սկսում է դառնալ՝ գարշելի… Բայց՝ Ամերիկա՞ն…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Իսկ դու, ուրեմն, մեկնիր, մեկնիր Վիեննա, Հանս Փիհլերը հանդես է եկել որպես ընդառաջող, կոլեգա…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Գիտեմ… գիտեմ… Ինքը ոչ միայն դեմ չէ, այլ իմ տրամադրության տակ է դնում իր ամբողջ բաժանմունքը, լաբորատորիան, նյութերը… Նա իսկական ազնվական է եւ խոշոր մասնագետ…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Խոստացիր ինձ, ծերուկիս, որ կմեկնես…
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ – Խոստանում եմ, իսկ ձեզ անձամբ խնդրում եմ, որ նախազգուշացնեք պրոֆեսոր Ֆրեյդին, որ իմ ծառայությունն իրենից կպահանջի 6000 ամերիկյան դոլար: Դա արդեն ասել եմ Ֆրեյդին ու Փիհլերին…
ԴՈԿՏՈՐ ՍՄԻԹ՝ – Ամեն ինչ կարգին է… կարգին է… Դա էլ է հայտնի՝ 6000 ամերիկյան դոլար: Ոչ մեկը գնից չի գանգատել… Պայմանավորված է, Վարազդա՛տ… Մեկնիր Վիեննա, մեկնիր…
(Երաժշտական դադար, շարժվող գնացք, հեռավոր խոսակցություններ՝ ֆրանսերեն:)
ԳԱԶԱՆՃՅԱՆ (մտազբաղ)՝ – Հավր… Վերջապե~ս՝ Ատլանտյանը: Այդ լկստված, դժբախտ Զիգմունդ Ֆրեյդը: Տվել է 6000 ամերիկյան դոլար, մինչև վերջին իսկ ցենտը, ձայն իսկ չհանելով: Մեկ օր է կրել պրոտեզը, որը ես սարքել եմ, ու մի կողմ շպրտել: Եւ, վերադարձել է ՙհին, բարի Փիհլերյանին՚, մի, անսպասելի, հաղթանակողի դեմքի արտահայտությամբ: ՙՎերադարձել է՝ ՙՀրեշ՚-ին… Ահ, ինչքա~ն, թե՛ քիչ, թե՛ շատ բան գիտեմ: Տանջված է, իրոք տանջված… Ասել եմ Հանս Փիհլերին, որը, իրոք, գիտուն է, եւ որին նույնիսկ, կարելի է ասել, տհաճ էր, ամենից հետո… որ, իմ կարծիքով, այս հիվանդը շատ բաներով տարբերվում է նրանցից, որոնց հետ ժամանակին գործ եմ ունեցել՝ վիրավորներից… Ֆրեյդը ռենդգենյան ճառագայթում է ընդունել, լավ, ստիպված էր, սակայն նրա բերանի խոռոչի լործաթաղանթը այդ օրվանից ի վեր մի տեսակ անառողջորեն կարմիր է: Դրանից բացի, Փիհլերը, ապահովության համար, ժամանակ առ ժամանակ վերցնում է հյուսվածքի հատվածներ ու ուղարկում մանրադիտակային, պատոհիստոլոգիական հետազոտման… Եւ դա՝ անհանգստացնում է… Ո՛չ, ո՛չ, վիրավորները լրիվ այլ բան են, լրիվ այլ: Գուցե դա ակնթարթ է՝ վնասվածքը, եւ վախը, խիստ անորոշությունը, ինչպիսի՞ն կլինի արտաքինս, ինչպե՞ս կսնվեմ, կխոսեմ. իսկ հետո՝ լավ ձեռքերում, այդ ամենը աստիճանաբար նվաղում է, նվաղում: Ապա սկսվում է վերականգնումը, լավագույն հնարավոր ձեւով… Եւ գնալով, գնալով պակասում է ու պակասում անորոշությունը: Իսկ Ֆրեյդի մոտ՝ հենց դա չկա: Այդ աստիճանաբար նվաղումը, ընդհակառակը: Ֆրեյդի համար այդ պրոտեզը, ինչ որ չափով, համարժեք է Պանդորայի տուփի կափարիչին… Ո՛չ, ընդհանրապես կարեւոր չէ, որ դրա տակ, ավելի ճիշտ՝ այդ կափարիչի վերեւը, մի ահավոր փոս է, այլ այն, որ այդ փոսի մեջ կծկվել է՝ հիվանդությունը: Եւ այն էլ սովորական հիվանդություն չէ, այլ կարցինոման, ուռուցքը… , որը, իրավացի, այսօր հազվադեպ է, բայց ո՞վ գիտե, թե վաղը, վաղը չէ մյուս օր ինչ կլինի… Եւ մեկ կա՛, մեկ էլ չկա՛: Երբեք վստահ չես, թե այդ փոսում ինչ է կատարվում… Բայց, դա էլ ավարտվեց: Թողնենք, այժմ, պրոֆեսոր Զիգմունդ Ֆրեյդին ու Եւրոպան, որտեղ կրկին ինչ որ բան եփվում է… Բեռլին, Վիեննա: Բայց ահա, ահա, վերջապես և ֆրանսիական նավահանգիստը՝ Հավրը: Ի տու՛ն, Վարազդա՛տ, ի տու՛ն… Ականատես ես եղել վրեժխնդրությունների ու չարիքների ու ամեն տեսակի տառապանքների: Եւ ի՞նչ է, Վարազդա՛տ, Հովաննեսի որդի, քո հմտությունը: Ի՞նչ է, իրոք: Մի կաթիլ, բարեգործության մի փոքրիկ կաթիլ, չարիքի ոռնացող օվկիանոսում… Բայց, միշտ փոքրացրեք, մի՛ ուռճացրեք ձեր անձնական խնդիրը: Լռության չե՛մ մատնել, անձնական խորհուրդս տվի Զիգմունդ Ֆրեյդին… Միշտ փոքրացրեք, մի ուռճացրեք ձեր մտքում խնդիրը, ինչի մասին էլ որ խոսք լինի…
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ (Գրեթե շշուկով) – Պրոֆեսո՛ր Գազանճյան… Պրոֆեսո՛ր Գազանճյան… (Ավելի բարձրաձայն) Դուք այս ամբողջ երեկոյի ընթացքում, այս մեր ՙԲանքրոֆթ՚ հյուրանոցում, միայն ժպտում եք եւ՝ չեք պատասխանում… Տրամադրեք ինձ, աղերսում եմ Ձեզ, գոնե մի, չպատմված անեկդոտ Ձեր մասին… Ի միջի այլոց, Ձեր երկրպագուն ու ախոյանը, եւ ինչ որ չափով, ասում են, էքսցենտրիկ, երբեմնի կապի-տան Հարոլդ Գիլիսը Բրիտանական արքունիքի հրովարտակով դարձել է՝ սըր Հարոլդ Գիլիս, եւ Ձեզ հետ մեկտեղ, այս դարի առասպելներից մեկը… Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրերից մեկը… Հաճախ, ասում են, գոլֆ է խաղում, եւ ասում են, պատվիրել է հատուկ պատրաստել այն պատվանդանը, գնդակի համար, սովորականից մի մատնաչափ ավելի բարձր… Դա, ասում են, նրա ընկալումն է՝ գոլֆի… (Ձայնը գնալով նվաղում է):
(Երաժշտական դադար:Մի սպանիր Սայաթ-Նովա):
ԳԱԶԱՆՃՅԱՆ՝ (ինթրոսպեկցիա) – Երզնկայում այլևս հայեր չկան: Ոչ էլ Վանա լճի զուլալ ջրերի շուրջ… Տրապիզոնում չկան… Սամսունում… Պոլսում… Իզմիրում… Տասներկու անհետացած հայկական նահանգներ. տասներկու ջնջված հայկական նահանգներ՝ Օսմանյան կայսրության մեջ… Մի սարսափելի կոտորած, այն պահին, երբ ՙՆորդամ՚ շոգենավը մոտենում է Ֆրանսիո ափերին, երբ մենք բոլորս, Առաջին հարվարդյան հիվանդանոցից, դողում ենք թշնամու սուզանավերից… Մի սայթաքող կայսրություն, արդեն մահամերձ, որին մի կերպ պահում են՝ ծանր հիվանդի պես, որի մեջ եւ ոչ մի բան պետք եղածի պես չի գործում, հասցնում է, այնուամենայնիվ, ոչնչացնել, անհավատալի, ժամանակակից ճշգրտությամբ, իմ ամբողջ ցեղը. մեկընդմիշտ ազատվելով իր իսկ հպատակներից՝ հայերից: Իսկ ում որ չհասցրեցին կոտորել, նրանց, որոնք խուսափեցին սրից ու հրից, քշեցին… հարյուր հազարավոր ծերունիների, կանանց, երեխաների… դեպի Սուրիո անապատը, որ այնտեղ բնաջնջվեն, որ անհետանան… Եւ ամեն ինչ, ամեն ինչ գործում էր հարկ եղածին պես, ժամացույցի պես, այդ քայքայվող կայսրության զորքը, թե՛ ոստիկանությունը, թե՛ բաշիբոզուկը… Այն պահին, երբ Առաջին հարվարդյան հիվանդանոցը ամրացնում էր իր առաջին վրանները… Երբ սպասում էինք, երբ մեզ հասցնում էին վիրավորներին, երիտասարդներին, որոնց դեմքերն այլանդակված էին ավելի ու ավելի հզորացող զենքերով… Արդեն այդ պահին, Օսմանյան կայսրությունով մեկ, այլեւս հայեր չկային, ո՛չ գրքեր հայկական, ո՛չ այբբենարաններ, ո՛չ եկեղեցիներ, ո՛չ վանքեր, ո՛չ դպրոցներ, ո՛չ էլ շիրիմներ…
Բայց, այստեղ ո՞վ է ի վիճակի դա հասկանալու: Նոր աշխարհու՞մ: Նրանց համար, ես հաջողակ, կազմակերպված ու երջանիկ ամերիկացի եմ, ընտանիքի հայր… Հպարտությունն եմ բազմաթիվ բժշկական ընկերությունների, ակադեմիաների, միությունների… Եւ, ցմահ, հրաշագործը՝ երբեմնի Արեւմտյան ճակատի…
ՕՐՀՆԵՐԳԸ
Պոստ սկրիպտում
ԻՎԱՆ ՍԱՆԴՐՈՖ՝ – Դոկտոր Վարազդատ Հովհաննես Գազանճյանը դադարել է վիրահատել, ըստ որոշ աղբյուրների՝ կյանքի ութսուներորդ տարում, ըստ այլ աղբյուրների՝ ութսունվեցերորդ տարում. վախճանվել է 1974 թվականին, իննսուն տարեկան հասակում:

* ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հազարապետ տոքթ. Վարազդատ Գազանճեան բնիկ Սեբաստացի էր, շուրջ 40 տարու: Եւ պատանի հասակէն գաղթած Ամերիկա, ուր ինքնօգնութեամբ եւ յարատեւ աշխատանքի ոյժով կրցած էր հասնիլ օտարներու իսկ նախանձը գրգռող դիրքերու:
Ուսած էր Հարվըրտ Համալսարանի մէջ, ուրկէ 1905-ին ստացած ատամնաբոյժի վկայական, տարի մըն ալ հետեւելով Պոստոնի բժշկանոցի դասընթացքին, 1906-էն մինչեւ 1915, նոյն համալսարանին մէջ իր մասնագիտութիւնը դասավանդելէ վէրջ կը միանայ Անգլ. բանակին, իբրեւ բժիշկ պաշտօնավարելով հոն մինչեւ 1919: Կը նուիրուի միմիայն վիրաւոր դէմքի եւ կզակի դարմանման: Տոքթ. Վարազդատ կը յաջողի ձեռք բերել ուշագրաւ գիւտեր: Ռումբերու պայթումէ բոլորովին ջախջախուած, փշրուած ծնօտներ դարմանուած եւ նորոգուած են իր մոգական մատներուն տակ:
Ազգային գործերու մէջ ալ կ’երեւի, ամէն անգամ, երբ իրեն պէտք կ՛ունենան: Այս Սեբաստացին էր որ ամերիկահայ ՙՎէթերան՚ներու 500-անոց գունդի մը գլուխ անցած Ուաշինկթըն գնաց եւ հուժկու յիշատակագիր մը ներկայացնելով Արտաքին գործոց նախարարութեան, Ծերակոյտին, Երեսփ. ժողովին յանուն իր հետեւորդներուն պահանջեց Հայկական Հանրապետութիւնը ճանչնալ եւ հասնիլ անոր՝ ամէն կարգի օժանդակութիւններով: Բարձր շրջանակներու մէջ ունեցած բարեկամները մեծապէս նպաստեցին իր առաքելութեան, եւ ահա այդ թուականին հազիւ շաբաթ մը կ’անցնէր երբ Ամերիկեան կառավարութիւնը յայտարարեց Հայաստանի ճանաչումն իբր ՙՔոյր Հանրապետութիւն՚:
Տոքթ. Գազանճեան որքան փառք Սեբաստահայոց, նոյնքան ալ պատիւն է հանուր Հայութեան:
Պոստոն, 31 օգոստ. 1920:
Գրականություն՝
Վահէ Հայկ /Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյց, 1921թ. էջ 364/
Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի Հայութեան, հատոր Բ, 1983, Նիւ Ճըրզի, էջ 228-29:
(Ծնթ. տրամադրեց սեբաստացի Գրիգոր Գույումջյանը հայրենակցի պատվախնդրությամբ, -Խմբ.)