ԳՏԱ՞ ԱՐԴՅՈՔ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԿԱՐՍՈՒՄ

Այս տարվա հուլիսին Կարսում էի, հայրենյաց երկիր էի առաջնորդում հայրենակիցներիցս կազմված մի մեծ խումբ: Բոլորս էլ գիտենք, որ Եղիշե Չարենցը կարսեցի է եղել: Ամեն անգամ այնտեղից անցնելիս խորհել եմ, եւ հավանաբար շատերն էլ են մտածել‘ արդյոք Կարսում պահպանված հայկական տներից ո՞րն է Չարենցի հայրականը: Դժվարացել ենք, եւ պատասխանը հետո գտնելու հույսով մնացել է:
Վերջին տարիներին կատարածս այցելություններին որոշակի ծանոթություններ հաստատել էի, հատկապես հյուրանոցատերերի, աշխատակիցների շրջանակում, հարցուփորձել Չարենցի տան համար եւ խնդրել հաջորդ այցելությանս գտած լինեն:
Ուրեմն Եղիշե Չարենցի հայրական տունը գտնելու մտադրությունս այս անգամ էլ փորձեցի: Մտանք հյուրանոց, սկսեցինք ձեւակերպումները կատարել, երեւաց հյուրանոցի տեր` ազգությամբ քուրդ Ֆարուխը: Մոտեցավ, բարեւեց, գրկախառնվեց՝ որպես հի~ն, հին բարեկամ: Քեֆ-հալ հարցնելուց եւ բարեմաղթանքներ փոխանակելուց հետո ուղղակի հիշեցրի նախորդ տարի այցելության ժամանակ խնդրանքիս մասին, որ խոստացել է գտնել Չարենցի տունը:
Անմիջապես հետեւեց հանձնարարությունը: Աշխատակիցը արագ դուրս եկավ հյուրանոցից: Մինչ մենք Ֆարուխի հյուրասիրած թեյն էինք վայելում նախասրահում, հյուրանոց վերադարձավ հյուրանոցի աշխատակիցը մի տղամարդու հետ: Ֆարուխը ինձ ներկայացրեց անծանոթին: Անուններ փոխանակեցինք: Պարզվեց, որ դիմացս նստած անձը` Նաջմեդդին Չալիքլին, տարիներ իմ փնտրած հարցին ամենահավաստի պատասխան տվողն է: Նաջմեդդինը 63 տարեկան է, աշխատում է որպես թեյ մատուցող հյուրանոցի դիմացում գործող առեւտրի կենտրոնում: Ծնվել է Կարսում եւ այն էլ հենց փնտրածս տանը` Չարենցի հայրական տանը… Ինձ մնում է փառք տալ Աստծուն…եւ ժամանակ չկորցրած գնալ տեսնել տարիներ շարունակ որոնածս ու գտածս:
10 րոպե ոտքով քայլելուց հետո մոտեցանք Կարսի միջնաբերդը քաղաքին կապող պատմական քարե կամուրջին: Քիչ էլ առաջանալով դեպի գետափը՝ կանգնեցինք մի սեւատուֆ տան դռան առջեւ: Զարմանալի բան, քանի անգամ ենք անցել այս տան առջեւից, ետեւից ու մտածել‘ այս կողմերում է լինելու Չարենցի տունը: Տանտեր Նաջմեդդինի հետ մտանք ոչ մեծ մի բակ: Նա կոշիկները հանեց ու մտավ տուն‘ ինձ եւս հրավիրելով:
Մաքուր տուն էր: Սենյակների կահկարասիները ճաշակով էին դասավորված, նույնիսկ հնության շունչ կար, կարծես հին թանգարանային սենյակ ենք մտել: Տանտերը աստծո անունով վկայեց, որ տան կահկարասիները իրենք իրենց կյանքի տեւողությամբ են հիշում, որ այդ տանը, իր հոր պատմածով, ապրելիս է եղել Կարսում ճանաչված ընտանիք, որի տանը հավաքվելիս են եղել ժամանակ առ ժամանակ բարձրաստիճան մարդիկ: Հուզմունքը պատել էր ինձ: Ինչ է, ես իրո՞ք Չարենցի տան մեջ եմ, հետո էլ նրա հայրական կահկարասուց եմ օգտվում: Իմ տեսածն է, ես ուժ չունեմ չհավատալու: Չարենցի տանն ենք նրա այսօրվա տանտերը եւ նրա բարեհամբույր հյուրասեր կինը‘ Հադիջան, ինձ հետ են խմբից Աշոտը, Արմենակը, Գեւորգը: Լուսանկարվում ենք բակում: Առնելով հասցեն‘ Կարս, Սու Քափըսը մահալեսի, Արդահան ջադդեսի 6,/Kars, Su Kapisi mahallesi, Ar-dahan caddesi 6/ եւ, շնորհակալություն հայտնելով, հեռանում ենք` յուրաքանչյուրս մեր մտքերով…
15.07.2003, Կարս-Վան