Նուշիկ Միքայելյանը իր նոր խոսքերով

Նուշիկ Միքայելյանը իր նոր խոսքերով…
Ծնվել է Հալեպում/Սիրիա/: Սովորել եւ ավարտել է Լազար Նաճարյան վարժարանը:1998թ. բնակվում է Երեւանում: Երկու տարի հետեւել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի վոկալ բաժնի դասընթացին: Ուսանել եւ ավարտել է Խ, Աբովյանի անվան ՄԻ-ի բանասիրական ֆակուլտետը: Բանաստեղծել է դպրոցական տարիներից: Տպագրել է` ՙԱզդակ՚-ում, ՙԶարթօնք՚-ում, ՙԳանձասար՚-ում, ՙԳարուն՚-ում, ՙԳրական թերթ՚-ում, ՙՀայացք Երեւանից՚-ում: Հեղինակ է երկու գրքերի` ՙՍպիտակ արեւ՚/1997/ ՙՔամիներից այնկողմ՚/2002/:
* * *
Մենություն եմ հավաքում կյանքի ծովափից…
… խճաքարի տեսքով
Ու լցնում եմ նրանց
Գրպաններիս, ծոցիս
եւ զույգ ափերիս մեջ
Ու ծանրացած, դեպի
Ծովն եմ վազում,
Հավաքածս հա’տ-հատ
Ջրի մեջ նետելու մեծ հաճույքով լցված:

Բայց երբ մոտենում եմ ալիքներին,
Հատակում սփռված,
Հավաքածիս այնքա’ն նման … այնքա~ն նման
Խճաքարեր եմ տեսնում:

Ես … ծովափին կանգնած,
Հազարավոր մենությունների
Կապույտ արձագանգն եմ լսում …
2003թ.

ԻՆՁ ՍՏԻՊԵՑԻՆ …
Ինձ ստիպեցին չափերս փոխել
եւ տեղափոխվել … ասենք թե …
… լուցկու փոքրիկ տուփի մեջ …

… Քիչ անց, նո’ւյն նրանք,
Այնքա’ն զարմացան,
Որ մեր քաղաքում, ո’րտեղից-որտեղ,
Առանց կրակի … Հրդե’հ բռնկվեց:
2003թ.

ՍՊԱՆՎԱԾ ԵՐԱԶ
Սպանե’ք իմ մեջ երազս վերջին…
Ես իմ սպանված երազը կառնեմ քայլող ուսերիս
Ու կնվիրեմ իմ փակ աչքերին
Գիշերվա վերջի’ն ծանրությունը սեւ…
… եւ կոպերիս տակ,
Նորից կգտնեմ
Մեռած երազիս
Քայլերը … մանուկ:
2003թ.

ԼՌՈՒԹՅՈՒՆ
Լուռ ենք երկուսով:
Լռությունների միջեւ մեր համառ,
Մի երգ է ծնվել…
…Որի մեղեդին մենք անգի’ր գիտենք
եւ թարգմանությունն այդ նույն մեղեդու,

Հայացքներն են մեր…
Շարունակենք լռե’լ …
… Որովհետեւ ես, հոգնել եմ արդեն
Քո այդ … չասածի’ց …
… Որովհետեւ դու, դու է’լ ես հոգնել
Իմ … ասելիքի’ց:
Մեր երգը լավն է:
Շարունակե’նք … լսել:
2002թ.