Սիրահարներ

Ձեռագործ աշխատանքները` 77-ամյա կնոջ՝ Ազատուհի ՓՈՍՏԱԼՋՅԱՆԻ՚
ՙԱսեղնագործությունը, ձեռագործությունը արվեստի յուրահատուկ տեսակ են: Աշխատանքն ասեղի հետ այնքան էլ դժվար չէ: Թելերի, պատկերների շնորհիվ ներկայացնում ես քո անհատականությունը, մտածելակերպը, ցանկությունները: Հիմնականում սպիտակգույնով եմ ասեղնագործում, որովհետեւ ճերմակը խորհրդանշում է մաքրություն, գեղեցկություն ու լավատեսություն: Սակայն վերջերս սկսել եմպայծառ երանգներով ծաղիկներ ասեղնագործել: Այսօր մեր կյանքից անպակաս են մռայլ երանգները, արատավոր երեւույթները: Պետք է կարողանաք առօրյայում ուրախություն մտցնել՚, պատմեց 77-ամյա Ազատուհի Փոստալջյանը: Ձեռագործության վաստակաշատ վարպետը մտահոգություն հայտնեց, որովհետեւ իր սիրելի արհեստի նկատմամբ հետաքրքրությունը կամաց-կամաց մարում է: ՙՀիմա ոչ ոք չի ուզում ասեղնագործությամբ զբաղվել: Գերադասում են մեքենային ասեղնագործությունը, բայց դրանց մեջ չկա այն գեղեցկությունը, պարզությունը, որ կա ձեռագործ աշխատանքներում: Բազմիցս միջնակարգ դպրոցների աշակերտներին առաջարկել եմ անվճար ասեղնագործություն սովորեցնել, սակայն գրեթե ոչ ոք չի համաձայնվում: Ամեն ինչ նյութականացվել է: Կորել է գեղեցիկն արարելու ցանկությունը՚, դժգոհում է տիկին Ազատուհին:
Ավանդույթները վերականգնելու, գեղեցիկը կրկին ներկայացնելու ու փառաբանելու նպատակով ՙՀաճըն՚ հայր. Միությունը համատեղ ՙՆարեկացի՚ արվեստի միության հետ կազմակերպել էր մեծարման ցերեկույթ` Ազատուհի Փոստալջյանին նվիրված: Միջոցառումը բացվեց տիկին Ազատուհու ստեղծագործությունների ցուցահանդեսով: Վարպետը խոստովանում է, որ երբեւէ ձեռագործ աշխատանքները չի վաճառել, անգամ երբ նյութական զրկանքների մեջ են գտնվել: Ի թիվս բազմաթիվ այլ գործերի, արվեստագետը հանրությանը ներկայացրեց հեռավոր 60-ականներին իր ձեռագործը, որը պատրաստել էր աղջկա լույս աշխարհ գալուց հետո: ՙՅուրաքանչյուր աշխատանքի հետ բազմաթիվ գեղեցիկ հուշեր կան կապված: Այդ աշխատանքներում արտացոլել եմ մայրության բերկրանքը ու չեմ կարող նրանից բաժանվել: Բաժանվել` կնշանակի հրաժարվել կյանքիդ որեւէ հատվածից, ժամանակապահից՚, նկատում է Ազատուհի Փոստալջյանը:
Ցուցահանդեսից հետո տեղի ունեցավ արվեստագետին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմի հեղինակ ՙՀաճըն՚ հայր. Միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ ստեղծագործությունների միջոցառումների շնորհիվ պետք է կարողանանք երիտասարդության մեջ արթնացնել սեր դեպի ձեռագործությունը: ՙՄշակութային անկման օրերին, երբ առկա են սոցիալական, կենցաղային խնդիրներ, տեղին է անդրադառնալ պատմությանը, մշակույթին, արվեստին ու արհեստին… այդ թվում` գորգագործությանը, ձեռագործությանն ու ասեղնագործությանը՚, ասաց Հովհաննես Գրիգորյանը: