Գիտական նստաշրջան նվիրված` ԶԵՅԹՈՒՆԻ 1895 թ. ապստամբության 100-ամյակի

Զեյթունի 1895 թ. ապստամբության հարյուրամյակին նվիրված Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի, ՙԶեյթուն՚ պատմամշակութային միության եւ Հայրենակցական Միությունների Խորհուրդի նախաձեռնությամբ կազմակեպված գիտաժողովի նյութեըի հրապարակումը տես նաեւ ՞Բնօրրան՞ի թիվ 1-2/1996-ի 15-21 էջերում/:
Լրացավ հայ ազգային ազատագրական պայքարի ամենապայծառ էջերից մեկի` Զեյթունի 1895 թ. պանծալի ապստամբության հարյուրամյակը:
Բացման խոսքում Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Ավետիսյանը նշեց, որ դաժան փորձությունների դիմակայած, դարերի խորքից 21-րդ դարի նախաշեմ թեւակոխած, այսօր իր պետականությունը կերտող, լեզուն, մշակույթը, ազգային նկարագիրը պահպանած հայ ժողովրդի հիշողության ոսկի մատյանում հավերժ գրանցված է Կիլիկիա երկրի Տավրոսի լեռնաշղթային թիկնած Զեյթուն գավառի քաջորդիների սխրանքների փայլուն տարեգրությունը, որի մեջ իր ուրույն տեղն ունի 1895թ. ապստամբությունը իբրեւ հաղթանակի եւ հավերժության խորհրդանիշ:
Իր ողջույնի խոսքում Ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը կարեւորեց գիտաժողովի նշանակությունը` ընդգծելով, որ զեյթունցիների հերոսամարտի իմացությունն ու գիտական լուսաբանումը խիստ հրատապ է ներկայիս անկախ պետականության կերտման եւ արցախյան գոյամարտի ժամանակաշրջանում:
ՙԶեյթունը հայազգային ազատագրական շարժման նշանավոր կենտրոն՚ թեմայով զեկուցեց ականավոր պատմաբան, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը:
Օսմանյան բռնապետության դեմ ուղղված հայ ժողովրդի դարավոր ազգային ազատագրական պայքարը 19-րդ դարի երկրորդ կեսին ավելի խորացավ ու նոր թափ ստացավ: Ինքնապաշտպանական բնույթի ապստամբական ելույթներ բռնկվեցին ինչպես Արեւմտյան Հայաստանում` Էրզրումում/Կարին/, Սասունում եւ Վանում, այնպես էլ Կիլիկիայում: Բայցիր 1860-1890-ականների հերոսամարտերով աչքի ընկավ հատկապես Զեյթունը` դառնալով ազատագրական շարժման նշանավոր կենտրոն:
Զեյթունցիների առաջին համաժողովրդական ապստամբությունը տեղի ունեցավ 1862 թ. երբ օսմանյան զորքերը փորձեցին վերացնել Տավրոսի հայ լեռնականների կիսանկախ վիճակը ու կոտորել, ցրիվ տալ այդ լեռնային գավառի հայ բնակչությանը: Ջարդարարներին, սակայն, չհաջողվեց իրագործել իրենց ծրագրերը: Զեյթունցիները հաջողությամբ դիմադրեցին թշնամուն նաեւ 1877-78 թթ.: Ազատասեր հայերի հաջորդ, ամենամեծ եւ հզոր ապստամբությունը սկսվեց 1895 թ. հոկտեմբերին եւ վերջացավ փայլուն հաղթանակով: Արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը, որ կարողացավ այդ նույն ժամանակ բնաջնջել հարյուր հազարավոր հայերի Արեւմտյան Հայաստանում, Զեյթունում պարտություն կրեց: Քաջարի հայ լեռնականների 1895 թ. հերոսամարտը հայ ժողովրդի բազմադարյան ազատագրական շարժման փառապանծ դրվագներից մեկն է:
Զեյթունի մասին գոյություն ունի հարուստ գրականություն, սակայն մեր պատմաբանները դեռեւս բավարար չափով չեն օգտագործել հայ լեռնականների ազատագրական շարժմանը վերաբերող այն նյութերը, որոնք պահպանվում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի արխիվներում:
Այնուհետեւ ՙԶեյթունի 1895 թ. ապստամբությունը՚ զեկուցումով հանդես եկավ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հ. Պողոսյանը: Իր զեկուցման մեջ դրվատելով այդ ապստամբությունը որպես հայ ժողովրդի պատմության ամենափայլուն դրվագներից մեկը, նանշեց, որ այն ուղղված էր թուրքական բռնակալական ռեժիմի դեմ, որը նպատակ ուներ արյան մեջ խեղդելու հայ ազգային ազատագրական շարժումները, մի նպատակ, որ իրականացվում էր Բեռլինի կոնգրեսից հետո: 1894-96 թվականները տարիներ էին, որի ժամանակ սուլթանական կառավարության հրամանով քանդվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, սրի քաշվեց ավելի քան 300 հազար հայ:
Այդ քաղաքականության դեմ կանգնեցին բացի Սասունի բնակիչներից /1894/ նաեւ լեռնական զեյթունցիները: Նրանք պատնեշ կանգնեցին թուրքական բանակի դեմ, գրավեցին թուրքական զորանոցը` գերի վերցնելով 60 սպա եւ զինվոր ու մեծ քանակությամբ ռազմամթերք: Զեյթունը գրավելու թուրքական բանակի բոլոր ջանքերը անցնում են ապարդյուն: Թուրքական կառավարությունը ստիպված ընդունում է եվրոպական 6 հյուպատոսների միջնորդությունը զեյթունցիների հետ հաշտության համաձայնագիր կնքելու համար: 1896 թ. հունվարի 26-ին կնքվեց համաձայնագիր օսմանյան կառավարության եւ լեռնականների միջեւ:
Պրոֆեսոր Ա. Համբարյանի զեկուցումը նվիրված էր Զեյթունի 1895 թ. ապստամբության շրջանում հայ քաղաքական կուսակցությունների մասնակցության եւ վերաբերմունք իխնդրին: Ազգային կուսակցությունները, պատմական ասպարեզ իջնելով 19-րդ դարի վերջին, սկսեցին ղեկավարել արեւմտահայերի ազատագրական շարժումները: Զեյթունում ակտիվ գործունեություն ծավալեցին հատկապես հնչակյանները: Նրանց կենտկոմը Էրզրումի, Կ. Պոլսի, Սասունի հայտնի ելույթներից հետո որոշեց թուրքական բռնապետության դեմ ոտքի հանել նաեւ Զեյթունը: Դաշնակցականնները սկզբում սառնությամբ ընդունեցին այս ապստամբությունը, ապա միայն բարոյապես պաշտպանեցին այն: Նույն երեւույթի հարցում Արմենականների վերաբերմունքի մասին տեղեկությունները բավական աղքատիկ են:
Ապստամբության շրջանում մի քանի հայ հոգեւորականների գործունեությանը նվիրված ուշագրավ զեկուցումով հանդես եկավ պատմագիտության թեկնածու Է. Կոստանդյանը:
Զեյթունի ամենաաչքի ընկնող հոգեւորականը 1895թ. ապստամբության ժամանակ Ֆրնուզի Սբ. Կարապետ Բարդուղիմեոս վարդապետ Թագաճյանն էր` ՙվեղարավոր հերոսը՚, որը գործուն մասնակցություն ունեցավ ապստամբության առաջին ընդհանուր ժողովից մինչեւ հաշտության բանակցությունները: Ապստամբության մեջ իր յուրովի մասնակցությունն ունեցավ նաեւ Զեյթունի առաջնորդական փոխանորդ Կարապետ Երկանյանը, որը ոմանց կողմից որակվել է մատնիչ եւ դավաճան:
Պատմագիտության դոկտոր Ա. Խառատյանը զեկուցեց ՙԶեյթունի 1895 թ. ապստամբության արձագանքները հայ մամուլում՚ թեմայով: Անդրկովկասում եւ արտասահմանում հրատարակվող հայ մամուլը լայնորեն լուսաբանել է Զեյթունի հերոսական ապստամբության ընթացքը ավելի կամ պակաս հավասարությամբ` արտացոլելով թուրքական բռնակալության դեմ լեռնականների մղած պայքարի հիմնական դրվագները: Թիֆլիսի ՙՄշակը՚, ՙԱրձագանքը՚ եւ ՙՆոր դարը՚ անհրաժեշտ լրատվություն են տվել զեյթունցիների ապստամբության մասին եւ պաշտպանել այն ըստ ամենայնի` ապստամբությունը դիտելով որպես ազգի գոյապահպանության կարեւոր միջոց:
Զեյթունի ապստամբության մասին ամենից ավելի սպառիչ եւ հանգամանալից լրատվութույն տվել է Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ ՙՀնչակը՚:
Զեյթունի ապստամբությունը նրա էջերում դիտվում է իբրեւ կուսակցության գաղափարական դրույթների գործնական իրացման ապացույց, թուրքական բռնակալությանը զինված ընդդիմությամբ եւ դրամիջոցով տերությունների օգնությամբ ազգի ֆիզիկական գոյությունը ապահովելու երաշխիք: Զեյթունցիների եւ Բ. Դռան միջեւ կնքված դաշնադրությունը ՙՀնչակը՚ համարում է հերոսական ժողովրդի հաղթանակի վավերացում: Մինչդեռ հաշտությունը ապստամբների եւ Բ. Դռան միջեւ ՙԴրոշակը՚ համարել է պարտություն իրատեսորեն կռահելով դրան հետեւելիք ողբերգական հետեւանքները, բայց եւ անգիտանալով ապստամբների` կռվելու սահմանափակ հնարավորությունները, ինչպես եւ այն մեծ բարոյական ու գործնական հետեւանքը, որ ունեցավ ապստամբությունը թուրքական բռնակալության դեմ մղվող պայքարում:
Հաճընի 1920թ. հերոսամարտին էր նվիրված պատմագիտությանդոկտոր Ս. Կրկյաշարյանի զեկուցումը: Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, կարծելով, թե ավարտվել է փորձությունների շրջանը, եղեռնից մազապուրծ մոտ 150000 հայեր վերադարձել էին Կիլիկիա` հուսալով Ֆրանսիայի հովանավորության ներքո ձեռք բերել ինքանավարություն եւ կյանքի քիչ թե շատ տանելի պայմաններ: Սակայն, հետապնդելով իրենց տնտեսական եւ քաղաքական շահերը, համաձայնության եզրեր փնտրելով քեմալական Թուրքիայի հետ, մեծ տերությունները, մասնավորապես Ֆրանսիան, այս անգամ եւս հայերին թողեցին բախտի քմահաճույքին:
Թողտվության այս քաղաքականությունը ոգեւորեց քեմալականներին, որոնք, առաջնորդվելով Էրզրումի եւ Սեբաստիայի համաժողովներում ընդունված որոշումներով, այն է` պահպանել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ոչ մի թիզ հող չզիջել հայերին եւ հույներին, ձեռնամուխ եղան կիլիկիահայության նոր ջարդերին: Սակայն հայերը մի շարք վայրերում (Մարաշ, Այնթապ, Զեյթուն եւայլն) դիմեցին հերոսական ինքնապաշտպանության: Ինքնապաշտպանվեց նաեւ Հաճընը, որտեղ հաստատվել էին մոտ 8000 հայեր:
Հաճընի դյուցազնամարտը տեւեց 1920 թ. մարտից մինչեւ հոկտեմբերի 15-ը: Թշնամու օրեր եւ ամիսներ շարունակվող գրոհները հետ էին մղում փոքրաթիվ, բայց իրենց դիրքերում հաստատական կանգնած հայ քաջորդիները:
Սակայն ուժերը խիստ անհավասար էին: Հոկտեմբերի 15-ին թշնամու գերակշիռ ուժերը ներխուժեցին քաղաք եւ սկսեցին բնակչության կոտորածը: Փրկվեցին միայն 400 հոգի, որոնք, ճեղքելով շրջափակման օղակը, հասան ֆրանսիական գոտի:
ՙԿիլիկիահայության պայքարը համիդյան վարչակարգի դեմ 1890-ական թթ.՚ թեման ներկայացրեց պատմության ինստիտուտի գիտքարտուղար, պատմագիտության թեկնածու Ռ. Գասպարյանը: 1890-ական թվականները հայ ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակաշրջանն էր, երբ համիդյան վարչակարգի դեմ ուղղված պայքարը թեւակոխում էր նոր եւ վճռական զինված պայքարի փուլը:
Վերջին զեկուցման մեջ ՙԶեյթուն՚ պատմամշակութային միության նախագահ դոկտոր Դ. Գայբակյանը ներկայացրեց իրենց հայրենակցական միությանսկզբնավորման պատմությունն ու գործունեությունը` կարեւորելով գիտական հեղինակավոր հաստատության` Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության նշանակությունը:
Նստաշրջանում ելույթներ ունեցան սփյուռքահայ գործիչներ Նազարեթ Բշտիկյանը /Փարիզ/ ծագումով զեյթունցի եւ Ֆրանսիայի դիմադրական շարժման վետերան, Սիրիայի ՙԶեյթուն՚ հայրենակցականի նախագահ Մինաս Մազլումյանը /Հալեպ/, գրող, հրապարակախոս Հակոբ Ճղլյանը /ՙԿյուրին՚ հայր. միութ. նախագահ/, ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը, Հայաստանի հայրենակցական Միությունների Խորհրդի ատենապետ ԺոզեֆԱվետիսյանը, բանաստեղծուհի, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանը եւ ուրիշներ: